Armenian text to speach

ԵԼՔԸ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի հետ։

 

-Պարո՛ն Սուքիասյան, վերջերս հայտնի դարձավ, որ ուղետոմսերի QR կոդերը հանվելու են։ Սա ի՞նչ նպատակով է արվում, կարո՞ղ ենք ասել, որ այս ծրագիրը տապալվել է։

-Ծրագրի բարեփոխումների տապալումը նոր չէ, որ արձանագրման ենթակա փաստ է։ Նրանք նպատակ ունեն` հարկադրելու մարդկանց իրենց առաջարկած փաթեթները գնել, hատկապես, որ TellCell համակարգի միանգամյա տոմսերի վաճառքը թերություններով է գործում, այն է՝ քաղաքացին վճարում է, բայց QR չի ստանում։ Նաեւ այս խնդիրն են ուզում լուծել։ Մի ուշագրավ հանգամանք էլ կա. տրանսպորտն այնքան գերբեռնված է, որ շատերն ակամա են բոյկոտում, որովհետեւ ավտոբուսի դռան մոտից հնարավոր չէ հասնել վալիդատորի մոտ եւ վճարում անել։ Այսինքն՝ ինքնաբերաբար բոյկոտ էլ կա։ Դա էլ են փորձում ընդդիության կոչերի վրա «դուրս գրել»։ Տրանսպորտային բարեփոխում կոչվածը ձախողվել է այնպես, ինչպես իշխանությունների բերած գլոբալ բոլոր նախագծերը։ Եվ այդ առումով մենք այս ամենի ելքը տեսնում ենք միայն արտահերթ ընտրությունների տեսքով։ Երեւանում պետք է արտահերթ ընտրություններ կայանան, որովհետեւ եթե մի իշխանություն վեր է կենում, բարձրաձայն խոստովանում, որ ընդդիմության կոչերին անսալով՝ տապալում են տրանսպորտային բարեփոխումը, հարց է առաջանում՝ դուք այստեղ նստած ինչո՞վ եք զբաղված. նշանակում է՝ դուք ձեր տեղում չեք, որ ընդդիմության խոսքը  տեղ է հասնում, ու մարդիկ մերժում են ձեր բերած  նախագծերը։ Այստեղ կա կառավարման ապիկարություն, կառավարման ճգնաժամ, որի հանգուցալուծումը, իհարկե, արտահերթ ընտրություններն են լինելու։

-Պարո՛ն Սուքիասյան, խոսենք վերջին շրջանում հայ առաքելական եկեղեցու դեմ տարվող արշավից։ Ինչո՞վ եք սա բացատրում։ Կխնդրենք՝ անդրադառնաք նաեւ Սամվել Կարապետյանի հանգամանքին. նա հանդես եկավ իբրեւ եկեղեցու եւ Վեհափառի աջակից, ինչպե՞ս եք բացատրում Սամվել Կարապետյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները։

-Ինձ համար ակնհայտ է, որ այդ երկու գործընթացները սերտորեն կապված են միմյանց։ Նոր չէ, որ Նիկոլ Փաշինյանը սկսել է հայ առաքելական եկեղեցին թիրախավորել։ Ակնհայտ է մեկ բան, որ ինքը կատարում է Բաքվից եւ Անկարայից եկած պատվերները։ Հանրությունը շատ լավ գիտի, որ այս իշխանության օրոք ավելի շատ պատերազմ է եղել, քան  խաղաղություն։ Առավել ցայտուն է Սամվել Կարապետյանի դեմ ուղղված արշավը. նրան ձերբակալելը, ազատազրկելը, ինչը, անշուշտ, դատապարտելի է։ Այս ամենը խոսում է իշխանության վախերի մասին։ Որտեղ կա հեղինակություն, ուժային կենտրոն, իրենք ամեն կերպ խնդիր են դնում՝ հարվածելու այդ հեղինակությանը, վարկաբեկելու: Բայց, հուրախություն բոլորիս, պետք է ասեմ, որ դա նրանց չի հաջողվում։ Մենք շանս ունենք «Քաղաքացիական պայմանագրին» մեկընդմիշտ  հեռու ուղարկելու։

-Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ է սպավում Սամվել Կարապետյանին 2 ամիս հետո։

-Այս իշխանությունների պարագայում որեւէ կանխատեսում անելը շատ խոցելի կլինի։ Ես լիահույս եմ, որ հատկապես վերջին օրերին ազատազրկման վայրից իր հղած ուղերձների խորապատկերին՝ Սամվել Կարապետյանի կամքն ու հետեւողականությունը շատ մեծ են լինելու։ Եվ ինքն առաջիկայում լինելու է շատ լուրջ գործընթացներում՝ որպես ջահակիր։

Զրուցեց ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆԸ

 

 




Լրահոս