Armenian text to speach

«ՆԱԽԱՐԱՐԸ ԹՔԱ՞Ծ ՈՒՆԻ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՎՐԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ին Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի աշխատակիցները բաց նամակ են փոխանցել, որն ուղղված է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։

 

«Մինչեւ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում մի ամբողջ համակարգ է քանդվում, ԿԳՄՍ նախարարությունը, կարծես թե, բարձր լռությամբ հետեւում է գործընթացին։

Հանրային բողոքներն ու բաց նամակները, որոնք ուղղված էին Ձեզ, տիկի՛ն Ժաննա Անդրեասյան, կարծես թե մնացին առանց որեւէ առարկայական արձագանքի։ Դուք՝ որպես կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար, ունեք պարտավորություն արձագանքելու համալսարանական համայնքի վրդովմունքին, բայց այն, ինչ տեսնում ենք այսօր, կարելի է նկարագրել մեկ բառով՝ անտեսում։

Տեւական ժամանակ համալսարանում արձանագրվում են զանգվածային եւ խտրական ազատումներ։ Ո՛չ մի թափանցիկություն, ո՛չ մի հիմնավորում։ Աշխատանքից ազատվում են լավագույն մասնագետները, իսկ իրենց տեղը զբաղեցնում են կասկածելի անցյալով եւ կապերով մարդիկ։ Համալսարանի գիտական ու մանկավարժական ներուժը ոչնչացվում է՝ հանուն անձնական հաշիվների մաքրության։

Դուք լռում եք։

Ձեզ ուղղված բաց նամակները մնում են անպատասխան։ Ինչպե՞ս կարելի է խոսել ժողովրդավարության մասին, երբ ոլորտային գերատեսչությունը լռում է ակնհայտ անօրինությունների ֆոնին։ Չէ՞ որ համալսարանը պետական կառույց է, ենթակա Ձեր վերահսկողությանը։

Սա պարզապես անտարբերություն չէ։ Սա քաղաքական անպատասխանատվություն է։

Պարոն Գյուրջինյանի վարչական գործելաոճը համալսարանում գնալով հիշեցնում է բռնապետություն՝ աշխատանքից ազատումներ, վախի մթնոլորտ, ճնշումներ, էթիկայի անվան տակ ազատ մտածողության լռեցում։ Իսկ Դուք, տիկի՛ն նախարար, շարունակում եք լռել: Մեջբերում գիտական խորհրդի նիստին տեղի ունեցած Գյուրջինյանի նսեմացնող ելույթից՝ «Նախարարի հետ թքած ունենք բարձր սարից ձեր գրությունների վրա»

Համալսարանի պատիվը ոտնահարվում է։ Մարդկային արժանապատվությունը՝ նույնպես։ Ո՞ւր է Ձեր դիրքորոշումը։

Բրյուսովի համալսարանը պետության մշակութային եւ լեզվական քաղաքականության առանցքային դերակատարներից է։ Նրա թուլացումը հարված է ոչ միայն կրթական համակարգին, այլեւ Հայաստանի ինքնությանը։

Այս լռությունը, հարգելի՛ տիկին Անդրեասյան, դառնում է մեղսակցություն։

Խնդրում ենք (եւ պահանջում ենք) հստակ արձագանք՝

արդյո՞ք նախարարությունը տեղյակ է կատարվող գործընթացներից,

ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումը ազատումներին ու մթնոլորտին,

արդյո՞ք իրականացվել է ուսումնասիրություն համալսարանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ,

ո՞վ է պատասխան տալու մասնագիտական հենքով կործանված համալսարանի համար։

Համալսարանը լուռ չի մնա։ Ճշմարտությունը վաղ թե ուշ դուրս է գալիս լույս աշխարհ։

Իսկ լռությունը միշտ ամենախոսունն է»։

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի աշխատակիցներ:

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

5 ՏԱՐԻ Է ԴԱՏՆ ԸՆԹԱՆՈՒՄ Է

Ըստ քննչական կոմիտեի՝ 2019 թ. հուլիսի 17-ին մի խումբ անձինք, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի խստացման վերաբերյալ իրենց դժգոհություններն արտահայտելով, փակել են միջպետական ճանապարհի Իջեւան քաղաքի Երեւանյան ու Իջեւանյան փողոցների հատման խաչմերուկի հատվածը՝ խուլիգանական դրդումներով, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով Իջեւանի բնակիչների եւ երթեւեկության մասնակիցների նկատմամբ, բղավել եւ հայհոյել են, վնասել նշված խաչմերուկում գտնվող կանգառի թիթեղյա ծածկը, գործադրել բռնություն: Հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 316-րդ հոդվածի 1-ին մասով եւ 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Մի խումբ անձանց կողմից որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել էր 13 անձ, 6 անձի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: 2020 թ. հոկտեմբերի 28-ից Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում էր  թվով 20 անձանց դատավարությունը, որոնք մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը եւ գրավը։ 2020 թ. սեպտեմբերի 17-ին Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկված քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Ջիվան Ափինյանի, Նարեկ Մարգարյանի, Թաթուլ Դոլյանի, Արթուր  Մարգարյանի, Անտոն  Օթարյանի, Տիգրան Սարդարյանի, Վահրամ  Սիմոնյանի, Վահագն  Ղուկասյանի, Վահե Ղուկասյանի, Ռուբիկ Էդիլյանի, Մովսես  Քարտաշյանի, Մհեր Բաղրամյանի, Էրիկ Սահակյանի, Էրիկ Ափինյանի, Էդիկ  Ափինյանի, Արտուշ Մատինյանի, Անդրանիկ Սահակյանի, Անդրանիկ Դոլյանի, Սասուն Սիմոնյանի, Գարսիկ Սիմոնյանի՝ 2003 թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: 2024 թ. հոկտեմբերի 30-ին դատարանը որոշում է կայացրել քրեական գործից անջատել Ջիվան Ափինյանի, Անտոն Օթարյանի, Տիգրան Սարդարյանի, Էրիկ Ափինյանի, Էդիկ Ափինյանի, Նարեկ Մարգարյանի եւ Էրիկ Սահակյանի վերաբերյալ մասը՝ անջատված նոր գործը հանձնելով դատարանի գրասենյակ՝ սահմանված կարգով մակագրման հարցը լուծելու նպատակով։ Նշված 7 անձի վերաբերյալ քրեական գործով դատական նիստերը հաճախ չեն կայանում՝ կողմերի դատարան չներկայանալու, դատավորի արձակուրդում գտնվելու պատճառով։ Դատական վերջին նիստը նշանակված էր մայիսի 23-ին, այն չի կայացել, հաջորդ նիստը նշանակված է հուլիսի 8-ին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 




Լրահոս