Մարդը ունի հիվանդ երեւակայություն եւ դա անսպառ է, – ArmLur.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Մելիք-Շահնազարյանը՝ խոսելով Փաշինյանի մասին։ Հիշեցնենք, որ իրավապահները շարունակում են հետապնդել «Սրբազան պայքարի» կողմնակիցներին։ Երեկ՝ վաղ առավոտյան, նրանք խուզարկություններ իրականացրին «Սրբազան պայքարի» աջակիցների տներում։ Իրավապահները գործողություն էին իրականացնում նաեւ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրում, որից հետո նրան բերման ենթարկեցին։
-Պարո՛ն Շահնազարյան, ինչպե՞ս կորակեք Բագրատ սրբազանի տանը կատարված խուզարկությունները։
-Ակնհայտ է, որ սա քաղաքական բռնաճնշումների հետեւանք է: Ինչ-որ սցենարներ են գծվել իշխանական քարոզչական ինստիտուտներում։ Ըստ էության՝ հետապնդում են քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածին. սա էլ բացառություն չէ։ Ակնհայտ է, թե նպատակը որն է. ընդհանուր առումով ճնշել քաղաքական եւ ընդդիմադիր դաշտը, որովհետեւ պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը խնդիրներ ունի լուծելու առաջիկայում եւ այդ խնդիրների լուծումը փորձում է «կոտրել»։
-Պարո՛ն Շահնազարյան, արդյո՞ք սա հետեւություն էր նախօրեին հրապարակված, իբրեւ թե, «պլանի», որը երեկ՝ առավոտյան, քննչական կոմիտեն հայտարարեց. քրեական վարույթ՝ նախաձեռնված ահաբեկչության վերաբերյալ։ Արդյոք կատարվածը դրա հետեւանքը կարելի՞ է համարել։
-Ես չէի ասի, թե դրանք հետեւանքներն են, դրանք նույն ծրագրի տարբեր դրսեւորումներն են։ Այսինքն՝ քարոզչական ինֆորմատիվ բլոգն է ապահովվել, հետո անցել են գործողությունների։ Դա հենց նույն ծրագրի շարունակությունն է։
-Պարո՛ն Շահնազարյան, ի՞նչ եք կարծում, Նիկոլ Փաշինյանի այսպես կոչված «տենդը»՝ եկեղեցու դեմ ուղղված, դեռ որքա՞ն կշարունակվի, եւ արդյո՞ք այսքանով կսահմանափակվեն այս գործողությունները։
-Չեմ կարծում, որ կսահմանափակվեն։ Ակնհայտ է, որ մարդն ունի հիվանդ երեւակայություն, որն անսպառ եւ անսահման է։ Այն գրառումները, որոնք նա անում է, ըստ երեւույթին միայն թիրախավորում չեն եկեղեցու դեմ. դրանք պետության եւ ժողովրդի դեմ թիրախավորման օրինակներ են։
Երբ կարդում ենք միջազգային մամուլի վերնագրերը այս իրադարձությունների մասին, պարզապես նոնսենս են։ Նման բան չի կարող լինել ոչ մի այլ տեղում։ Այս իսկ պատճառով ես չեմ կարծում, թե այսքանով ամեն բան կսահմանափակվի։ Փաշինյանը մինչեւ վերջ փորձելու է խայտառակել մեր եկեղեցին, մեր ժողովրդին, մեր պետությունը, ու դա իր կողմից շատ լավ է ստացվում։
-Պարո՛ն Շահնազարյան, հրապարակված պլանն ընթերցե՞լ եք։
-Այո՛, տեսել եմ։ Այն, ինչ հրապարակվել էր, վստահ կարող եմ ասել՝ հեղափոխության, հեղաշրջման ծրագիր չէ։ Դա հորինվածք է։ Երբ կարդում էի տեքստը, այնքան անլուրջ տպավորություն էր այն թողնում, որ չէի կարծում անգամ, թե դրա հիմքով ինչ-որ քայլեր կարող են իրականացվել։ Հիմա այս իրողություններից հետո արժե մեկ անգամ էլ նայել՝ հասկանալու համար, թե ինչ են նախապատրաստել քարոզչական փուլում։
Մի բան է ակնհայտ, որ այն, ինչ ներկայացված է «պլանում», նման քննարկում երբեք որեւէ տեղ չեմ տեսել։
Զրուցեց ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ
ԹՐԱՄՓՆ ՈՒ ԷՐԴՈՂԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են, որտեղ քննարկել են տարածաշրջանային եւ գլոբալ հարցեր, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունները: Թուրքիայի հաղորդակցությունների վարչության հաղորդագրության համաձայն՝ նախագահ Էրդողանը ողջունել է «ԱՄՆ նախագահ Թրամփի ջանքերով ձեռք բերված» Իսրայել-Իրան զինադադարը եւ կոչ արել հաստատել տեւական խաղաղություն, վերջ դնել Գազայի ճգնաժամին եւ երկխոսություն սկսել Ուկրաինայի հարցով:
Հանդիպման ընթացքում Էրդողանն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հատկապես էներգետիկայի, ներդրումների եւ պաշտպանության ոլորտներում համագործակցության մեծ ներուժը՝ նշելով, որ հարաբերությունների զարգացումը կարող է օգնել հասնել 100 միլիարդ դոլարի առեւտրի նպատակին: Նախագահներ Էրդողանն ու Թրամփը, որպես Դաշինքի առաջատար դաշնակիցներ, ընդգծել են ՆԱՏՕ-ի զսպող ներուժի ամրապնդման կարեւորությունը:
ԱՆԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ























