Երեկ՝ վաղ առավոտից մեկնարկած խուզարկությունների արդյունքում «Սրբազան պայքարի» եւ ՀՅԴ աջակիցներ ու անդամներ, 2 տասնյակից ավելի անձ բերման էր ենթարկվել։
Ձերբակալվել են Բագրատ սրբազանը, Արցախի պատգամավոր Դավիթ Գալստյանը, 44-օրյա պատերազմում զոհվածի ծնող Արա Ռոստոմյանը, ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը, Բագրատ սրբազանի համախոհ Մովսեսը, Գնդապետ Միհրան Մախսուդյանը, գործարար Տիգրան Գալստյանը, բլոգեր Արմեն Ալեքսանյանը։
ԱԱԾ-ն խուզարկել է նաեւ Վահե Հակոբյանի ու Էլիզաբեթ Պետրոսյանի տները, որից հետո կնոջը (Էլիզաբեթ Պետրոսյան) տեղափոխել են քննչական բաժիններ։
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Իգոր Սարգսյանին բնակարանի խուզարկությունից հետո տեղափոխեցին քննչական կոմիտեի Աջափնյակի բաժին, այնտեղ էր նաեւ Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը։ ԱԱԾ-ն նաեւ փորձում է մտնել Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանի տուն։
Բագրատ սրբազանի փաստաբանը հայտնեց, որ վերջինիս կալանավորելու միջորդություն կներկայացվի դատարան: Սրբազանը հրաժարվել է ցուցմունք տալուց, չի ընդունում մեղադրանքը։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ հանցավոր խմբի ղեկավարների եւ մասնակիցների բնակարաններում խուզարկությամբ հայտնաբերվել են հանցագործության համար նախատեսված մեծաքանակ առարկաներ եւ իրեր, հայտնել էր ՔԿ-ն եւ հրապարակել լուսանկարներ։ Քննիչի որոշումների հիման վրա ձերբակալվել է 14 անձ:
Ավելի ուշ «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը հայտարարություն տարածեց. «ՀՀ-ում աննախադեպ չափերի են հասել հետապնդումները, ձերբակալությունները եւ բռնաճնշումները քաղաքական գործիչների, գործարարների, հոգեւորականների եւ առհասարակ այն բոլոր անձանց նկատմամբ, որոնք բարձրաձայնում են երկրում տիրող անօրինությունների եւ ձախողումների մասին։ Հայտարարությունում նաեւ ասվում է. «Իշխող վարչախումբը, փորձելով կանխել իր իսկ վարած քաղաքականության հետեւանքով օր օրի աճող հանրային դժգոհությունը, շարունակաբար կիրառում է կեղծ եւ մտացածին մեղադրանքներ՝ քաղաքացիներին ապօրինաբար ազատազրկելու եւ լռեցնելու նպատակով։
Վարչախումբը որդեգրել է բացահայտ ահաբեկչական գործելաոճ` իր դավաճանական էությունը թաքցնելու համար։ Ձախողելով անվտանգության, արտաքին քաղաքականության, տնտեսական եւ սոցիալական ոլորտներում` վարչախումբը դիմել է սադրանքների։ Այն սկսել է բռնատիրական համակարգ կառուցել` ունենալով Թուրքիայի բացահայտ հովանավորությունն ու աջակցությունը։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է ՀՀ-ում բռնատիրական համակարգ հաստատելու այս վտանգավոր փորձերը, պահանջում անհապաղ ազատ արձակել ապօրինի ձերբակալված բոլոր անձանց, դադարեցնել քաղաքական հետապնդումները, իսկ իրավապահ համակարգին կոչ է անում գործել միայն օրենքի եւ օրինականության սահմաններում, գործիք չդառնալ վարչախմբի ձեռքում եւ չկատարել ապօրինի հրամանները։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՎՆԱՍ Է ՊԱՏՃԱՌՎԵԼ
Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներից մեկով պարզվել է, որ ավտոմեքենաների եւ ավտոպահեստամասերի ներմուծմամբ եւ արտահանմամբ զբաղվող ընկերության տնօրենը, նույն ընկերությունն օգտագործելու միջոցով, իրականացրել է ապօրինի գործունեություն՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:
Դատախազությունից ArmLur.am-ին հայտնում են, որ նախաքննության ընթացքում ընկերության տնօրենը վերականգնել է պետությանը պատճառված վնասից 31 միլիոն 798 հազար դրամը, որից հետո վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ նշված անձի նկատմամբ ոչ արդարացնող՝ հանցագործությամբ պատճառված գույքային վնասը հատուցելու հիմքով հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին: Նկատի ունենալով, որ քրեական վարույթում առկա են եղել բավարար փաստեր հիշյալ ընկերության տնօրենի կողմից կատարված հանցանքի արդյունքում պետությանը եւս շուրջ 100 միլիոն դրամի չափով վնաս պատճառելու մասին՝ հսկող դատախազի որոշմամբ վերոնշյալ միջնորդությունը մերժվել է: Արդյունքում՝ նախաքննությամբ ամբողջությամբ վերականգնվել է նաեւ պետությանը պատճառված 100 միլիոն դրամ վնասը: 2025 թվականի հունիսի 25-ին դատախազի կողմից որոշում է կայացվել ընկերության տնօրենի նկատմամբ չհարուցել հանրային քրեական հետապնդում՝ ոչ արդարացնող՝ հանցագործությամբ պատճառված գույքային վնասը հատուցելու հիմքով:
ՎԵՐՋ Է ՏՎԵԼ ԿՅԱՆՔԻՆ
Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 21 շենքի բակում կնոջ դի կա։
Տեղում ոստիկանները, քննիչներն ու պարեկները հայտնաբերել են նույն շենքի բնակիչ 79-ամյա Զոյա Բ.-ի դին, ով, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանություն գործելու նպատակով իրեն տանիքից ցած է նետել։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։























