
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը ստորագրել է հրաման, որով Իրանի կենտրոնական բանկը եւ մի շարք այլ կառույցներ հայտարարվել են, որպես ահաբեկչական կազմակերպություններ: Պաշտպանության նախարարության հաղորդմամբ, Իսրայելի հետախուզական ծառայության խնդրանքով Կացը ահաբեկչական կազմակերպություններ եւ գործիչներ է հայտարարել եւս երկու իրանական բանկի, Իրանի զինված ուժերին կից ընկերությանը եւ երեք բարձրաստիճան պաշտոնյայի: Նախարարությունը նշում է, որ հրամանը «նպատակ ունի թիրախավորել իրանական ռեժիմի ահաբեկչության ֆինանսավորման համակարգի սիրտը, որը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի միջոցով գործում, ֆինանսավորում եւ զինում է ահաբեկչական խմբավորումներին ողջ Մերձավոր Արեւելքում:
Կենտրոնական բանկից բացի՝ Իսրայի ՊՆ-ի հրամանով ահաբեկչական են հայտարարվել նաեւ «Շահր» բանկը, «Մելլաթ» բանկը, ինչպես նաեւ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբին պատկանող «Սեփեհր Էներջի Ջահան» ընկերությունը:
Հիշեցնենք, որ Իրանի կենտրոնական բանկի վրա տարածվում են նաեւ ԱՄՆ-ի պատժամիջոցները:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ իսրայելական ռեժիմի դեմ հաղթանակը ձեռք է բերվել Իրանի մեծ ազգի դիմադրության, միասնության եւ համերաշխության շնորհիվ: Ազգին ուղղված ուղերձում Փեզեշքիանը նշել է, որ սիոնիստական ռեժիմի դեմ հաջողությունը ձեռք է բերվել ժողովրդի անսասանության եւ դիմադրության արդյունքում:
«Այս ժամանակահատվածում ազգի միասնությունը, խաղաղությունն ու համերաշխությունն իրենց արդյունքը տվեցին», – ասել է նա՝ ավելացնելով, որ այս պատմական հաղթանակի ողջ փառքը պատկանում է Իրանի մեծ ազգին: Իրանի առողջապահության նախարարության տվյալներով 12-օրյա պատերազմի ընթացքում իսրայելական ռեժիմի հարձակաման արդյունքում զոհվել է 606 եւ վիրավորվել 1,342 իրանցի: Զոհերի մեծ մասը քաղաքացիական անձինք էին, այդ թվում՝ բազմաթիվ երեխաներ:
ԱՆԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԵԶՐԻ ԱՂԲԱՎԱՅՐԸ ՀՈՂՈՎ ԾԱԾԿԵԼ ԵՆ
Տուրիստական Դիլիջան քաղաքի հարավային ծայրին` Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի եզրին` Աղստեւ գետի թեք ափին, շինարարական նյութերի անօրինական աղբավայր կար։ Տեղեկատվական հարցումով դիմել ենք Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին` նրան հարցնելով. «2024թ. նոյեմբերի 27-ին ստեղծել եք հանձնաժողով՝ աղբահանության եւ սանիտարական մաքրման աշխատանքների կազմակերպման եւ ծառայությունների մատուցման որակի բարելավման նպատակով։ Այդ հանձնաժողովը այժմ գործո՞ւմ է , թե՞ դադարել է գործելուց։ Եթե հանձնաժողովը գործում է, այն չի՞ տեսնում Դիլիջան քաղաքում` միջպետական ավտոճանապարհի եզրին` Աղստեւ գետի թեք ափին շինարարական նյութերի անօրինական աղբավայրը, Դիլիջանում Աղստեւի ափերին տիրող աղտեղությունը, հակասանիտարական վիճակը»։ Մարզպետարանից պատասխանել են. «Տավուշի մարզպետի` 2024 թվականի նոյեմբերի 27-ի որոշման շրջանակներում Դիլիջան համայնքում կատարվել են բազմաթիվ աշխատանքներ, այդ թվում` մաքրվել եւ հեռացվել են Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Իվանովի, Կալինինի, Օրջոնիկիձեի, Սայաթ-Նովայի, Ուսանողական, Գայի, Աբովյան եւ Գետափնյա փողոցների, ինչպես նաեւ Շամախյան թաղամասի տարածքներում եւ մայթերում կուտակված տարատեսակ աղբը, շինարարական աղբի եւ հողի կույտերը, տեսանելի տարածքներից հեռացվել են 9 միավոր հին եւ անարդյունավետ գույք հանդիսացող տիրազուրկ տրանսպորտային միջոցների կմախքները եւ դրանց մասերը: Նմանատիպ մաքրման մեծածավալ աշխատանքներ են կատարվել նաեւ Հաղարծին, Գոշ, Հովք եւ Թեղուտ բնակավայրերում: Դիլիջան քաղաքի նշված փողոցներում եւ թաղամասերում բնակչության շրջանում կատարված բացատրական աշխատանքների արդյունքում քաղաքացիների կողմից հեռացվել է ճամփեզրերին կուտակված շինարարական նյութերն ու շինաղբը: Կամո փողոցի` հետիոտնի համար նախատեսված մայթից հեռացվել է մեկ հին տաղավար: Ինչ վերաբերում է Ձեր կողմից նշված տարածքներում առկա վիճակին, ապա այն ամենօրյա պրոցես է եւ գտնվում է Դիլիջանի համայնքապետարանի ուշադրության կենտրոնում»:
Դիլիջանի համայնքապետարանը միջպետական ավտոճանապարհի եզրին գտնվող վերոհիշյալ աղբավայրը, ոչ թե մաքրել է, այլ ծածկել է հողի բարակ շերտով։ Պարբերաբար տեղացող հորդ անձրեւներից հետո հեղեղից հողի բարակ շերտը քշվելու է, անօրինական աղբավայրն իր անմխիթար տեսքով վերստին հառնելու է Աղստեւ գետի ափին` Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի եզրին։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ