Աուտոիմունային հիվանդությամբ ապրելը կապված է հոգեկան առողջության շարունակական խնդիրների (ինչպիսին են դեպրեսիան, ընդհանուր տագնապայնությունը եւ երկբեւեռ խանգարումը) գրեթե կրկնակի մեծ ռիսկի հետ, ընդ որում՝ կանանց մոտ ռիսկն ավելի բարձր է, քան տղամարդկանց, նշվել է Մեծ Բրիտանիայում անցկացված խոշոր հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են BMJ Mental Health ամսագրում։
Գիտնականների խոսքով՝ աուտոիմուն հիվանդությունների պատճառով համակարգային բորբոքման քրոնիկական ազդեցությունը կարող է բացատրել հայտնաբերված կապերը: Հետազոտությունում օգտագործվել են վերջերս ստեղծված «Մեր ապագա առողջությունը» շտեմարանի 1.5 միլիոն մասնակիցների տվյալներն ամբողջ Մեծ Բրիտանիայից: Մասնակիցների միջին տարիքը կազմել է 53, կեսից մի փոքր ավելին (57 տոկոս) կանայք էին, 90 տոկոսը՝ սպիտակամորթ։ Առողջական վիճակի մասին տեղեկատվությունը ներառել է ախտորոշումները նրանց կենդանության օրոք, այդ թվում՝ կենսաբանական ծնողների բազմազան խանգարումների, այդ թվում՝ աուտոիմունային եւ հոգեբուժական խնդիրների առումով։
Հետազոտությունը ներառել է վեց աուտոիմունային հիվանդություններ՝ ռեւմատոիդ արթրիտ, Գրեյվսի համախտանիշ (վահանաձեւ գեղձի հորմոնալ խանգարում), բորբոքային աղիքային հիվանդություն, գայլախտ, բազմակի սկլերոզ եւ փսորիազ։
Հետաքրքրության առարկա հոգեկան խանգարումների թվում էին տրամադրության խանգարումները, որոնք սահմանվում էին որպես դեպրեսիա, երկբեւեռ խանգարում կամ տագնապային խանգարում, ինչպես նշել են մասնակիցները: Ընդհանուր առմամբ 37 808 մասնակից հայտնել է աուտոիմունային հիվանդությունների մասին, իսկ 1 525 347-ը՝ ոչ: Աուտոիմուն հիվանդություններ ունեցող պացիենտների շրջանում կանայք ավելի շատ էին (74.5 տոկոս ընդդեմ 56.5 տոկոսի), եւ նրանք ավելի հաճախ էին հայտնում իրենց կենսաբանական ծնողների մոտ աֆեկտիվ խանգարումների ախտորոշման մասին՝ հայրերի մոտ 8 տոկոս ընդդեմ 5.5-ի, մայրերի մոտ՝ 15.5 տոկոս ընդդեմ 11-ի: Իմունային համակարգի քրոնիկական եւ պաթոգեն ակտիվացումը, ներառյալ բորբոքային մարկերների առկայությունը, բազմաթիվ աուտոիմուն հիվանդություններին բնորոշ նշան է: Եվ բորբոքային բիոմարկերների ուղղակի չափումների բացակայության դեպքում այս ուսումնասիրության մեջ աուտոիմուն հիվանդությունը համարվել է քրոնիկական բորբոքման ցուցանիշ:
Ախտորոշված աֆեկտիվ խանգարման տարածվածությունը ողջ կյանքի ընթացքում աուտոիմունային հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ զգալիորեն ավելի բարձր է եղել, քան ընդհանուր բնակչության մոտ՝ 29 տոկոս ընդդեմ 18-ի։ Նման կապ է հայտնաբերվել նաեւ կյանքի ընթացքում դեպրեսիայի եւ տագնապայնության տարածվածության միջեւ՝ 25.5 տոկոս ընդդեմ 15 տոկոսի դեպրեսիայի դեպքում եւ մի փոքր ավելի, քան 21 տոկոս ընդդեմ 12.5 տոկոսի տագնապայնության դեպքում։
Ն. ԱՂԱՍՅԱՆ



















































































