Մայքլ Ջեքսոնի ողբերգական մահից ավելի քան մեկ տասնամյակ անց երգչի մտերիմ ընկերը եւ նախկին անձնական փաստաբան Ջոն Մեյսոնը բացահայտել է փոփի արքայի վերջին ամիսների մանրամասները, այդ թվում՝ նրա վերջին խոսքերը։
Իր Crazy Lucky: Remarkable Stories from Inside the World of Celebrity Icons («Խենթ բախտ. ուշագրավ պատմություններ հայտնիների աշխարհի ներսից») գրքում Մեյսոնը ներկայացրել է Ջեքսոնի մասին իր հիշողությունները, նրա ֆինանսական դժվարությունների, դեղամիջոցներից կախվածության եւ բեմ վերադառնալու հուսահատ ցանկության մասին։
Radar Online-ի տվյալներով՝ Ջեքսոնը զբաղված էր իր՝ 2009 թվականի «This Is It» հսկայական համերգաշարի նախապատրաստմամբ, որը նախատեսված էր անցկացնել 2009 թվականի հուլիսից մինչեւ 2010 թվականի մարտը։ Սակայն երգիչը մահացել է շոուից մեկ ամիս առաջ։ Նա 50 տարեկան էր։ Դիահերձման համաձայն՝ մահվան պատճառը պրոպոֆոլի եւ բժշկի կողմից նշանակված այլ դեղամիջոցների չափից մեծ դոզան էր։
Մեյսոնը հիշում է, թե ինչպես է Ռենոյում ստացել մի անհանգստացնող զանգ.
«Նրանք ասացին, որ Մայքլը շատ վատ վիճակում է։ Նա փորձ էր անում շրջագայության համար, եւ մի օր պարզապես ուշաթափվել է բեմի վրա։ Հաջորդ օրը նա վերադարձել է բեմ։ Մայքլը դեռ Մայքլն էր»։
Շրջագայության կազմակերպիչ AEG-ն վարձել է բժիշկ Քոնրադ Մյուրեյին որպես Ջեքսոնի անձնական բժիշկ։ Հենց նա էր երգչին պրոպոֆոլի գիշերային ներարկումներ նշանակել՝ անքնության դեմ պայքարելու համար։ Սակայն ամեն անցնող գիշեր երգչի կախվածությունն ավելի էր ուժեղանում։
Մեյսոնի խոսքով՝ Ջեքսոնի վերջին խոսքերը լի էին հուսահատությամբ.
«Ես չեմ կարողանում գործել, եթե չեմ քնում։ Ես ստիպված եմ լինելու չեղարկել։ Ես չեմ ուզում, որ նրանք չեղարկեն»։
Բժիշկ Քոնրադ Մյուրեյը հետագայում դատապարտվել է չկանխամտածված սպանության համար։ Նրա բժշկական լիցենզիան Տեխասում չեղյալ է հայտարարվել, իսկ նրա լիցենզիաները Կալիֆոռնիայում եւ Նեւադայում կասեցվել են։ Դատարանը նրան դատապարտել է չորս տարվա ազատազրկման, որից երկուսը նա կրել է՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելով 2013 թվականին։
Մայքլ Ջեքսոնի մահը հարված էր երաժշտական աշխարհին եւ անջնջելի հետք թողեց փոփ մշակույթի պատմության մեջ։ Նրա վերջին շրջագայությունը տեղի չունեցավ, բայց հիմա, նրա մտերիմների բացահայտումների շնորհիվ, նրա տառապանքի խորությունը եւ իր կյանքի վերջին օրերին կրած ճնշումը դառնում են ավելի ակնհայտ։
ԱՆԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ























