«Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում այս զվարճալի լուսանկարն է հրապարակել՝ փորձելով «կրկնօրինակել» «հեղաշրջման պլան» որակված փաստաթուղթը:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Եթե անձն անչափահաս է կամ սահմանափակ գործունակ է, ապա ինչպե՞ս է կենսաթոշակ նշանակվում նրան։ Ո՞վ կարող է դիմել կենսաթոշակ նշանակող մարմին:
Սիլվա Անանյան (46 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ կենսաթոշակը կենսաթոշակի իրավունք ունեցող անձի, իսկ անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող անձի դեպքում նրա օրինական ներկայացուցչի` ծնողի, որդեգրողի կամ խնամակալի գրավոր դիմումի հիման վրա նշանակում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը` ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեեգիստրում առկա` Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակի իրավունք ունեցող անձի հաշվառման հասցեի մասին տվյալների, բացառությամբ ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձի: Կենսաթոշակի իրավունք ունեցող անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացնում է անձամբ։
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը դիմումն ընդունելուց հետո` տասը աշխատանքային oրվա ընթացքում, հիմք ընդունելով ներկայացված փաստաթղթերը եւ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալները որոշում է կայացնում։
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ հայրության ճանաչման գրանցման համար ի՞նչ է անհրաժեշտ։
Հրանուշ Մարկոսյան (42 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ հայրության ճանաչման պետական գրանցման համար երեխայի մոր եւ երեխայի նկատմամբ հայր ճանաչող անձի համատեղ դիմումը կարող է տրվել երեխայի մոր հղիության ընթացքում, ծննդի պետական գրանցման ժամանակ կամ դրանից հետո:
«Նոտարիատի մասին» օրենքով սահմանված կարգով նոտարի հաստատած իրավաբանական փաստի մասին նոտարական ակտի կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած համապատասխան վճռի հիման վրա հայրության ճանաչման պետական գրանցման համար դիմումը կարող է ներկայացվել բացառապես երեխայի ծննդի պետական գրանցումից հետո՝ շահագրգիռ անձի կողմից:
Հայրության ճանաչման պետական գրանցման համար ներկայացվում են՝
1) համատեղ դիմումի դեպքում՝ երեխայի նկատմամբ իրեն հայր ճանաչող անձի եւ երեխայի մոր անձը հաստատող փաստաթղթերը.
2) երեխայի ծննդի գրանցման մասին վկայականը կամ ակտային գրանցման տվյալները, եթե հայրության ճանաչման գրանցումը կատարվում է երեխայի ծննդի պետական գրանցումից հետո.
3) երեխայի մոր հղիությունը հաստատող բժշկական տեղեկանքը, եթե հայրության ճանաչման մասին դիմումը ներկայացվում է մինչեւ երեխայի ծնվելը.
4) երեխայի նկատմամբ իրեն հայր ճանաչող անձի անձը հաստատող փաստաթուղթը եւ երեխայի մոր բացակայության մասին իրավասու մարմնի տված փաստաթուղթը (մոր մահվան վկայականը կամ տեղեկանքը, նրան անգործունակ ճանաչելու կամ մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու կամ նրան ծնողական իրավունքներից զրկելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը) եւ երեխայի կենսաբանական հայր հանդիսանալու վերաբերյալ ԴՆԹ-ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) որոշումը.
5) չափահաս անձի համաձայնությունը՝ իր նկատմամբ հայրություն ճանաչելու դեպքում.
6) տասը տարին լրացած երեխայի համաձայնությունը, եթե հայրության ճանաչման պետական գրանցման հետեւանքով նախատեսվում է փոխել նաեւ նրա անունը կամ ազգանունը.
7) «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված կարգով նոտարի հաստատած իրավաբանական փաստի մասին նոտարական ակտը կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած համապատասխան վճիռը եւ դիմողի անձը հաստատող փաստաթուղթը:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ Հայրության ճանաչման պետական գրանցում կատարում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունը։























