Armenian text to speach

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱԿԸ ԴԱՏԱՐԿ Է, ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ՝ ԼՈՒՌ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը նկատել է, որ երեկ ՀՀ Կառավարության շենքի բակում անսովոր լռություն էր տիրում. նախկինում ակտիվ եւ խոսուն նախարարներն ու պաշտոնյաները կարծես «չքացել» էին։ Տեղում լրագրողների հարցերին պատասխանելու փոխարեն՝ նրանք խուսափում են ներքեւ իջնելուց։

Այս վարքագիծը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, պայմանավորված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նրա կնոջ եւ թիմակիցների կողմից վերջին շրջանում արվող, հանրության շրջանում լուրջ դժգոհություն առաջացրած անպարկեշտ գրառումներով։ Կառավարության շատ անդամներ չեն ցանկանում ներկայանալ հանրային հարթակներում կամ պատասխանել լրագրողների հարցերին։ Նրանք իրենց մտերիմների շրջանում խոստովանում են՝ «այս ընթացքում պետք չէ երեւալ, քանի որ պատասխաններ պարզապես չունենք լրագրողների բազմապիսի հարցերին»։

 

 

 

 

 

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, նախկին լրագրող Սիսակ Գաբրիելյանի գործերը հեղափոխությունից հետո, կարծես, լավացել են։ «Ժողովուրդ» օրաթերթը Սիսակ Գաբրիելյանի՝ 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրից տեղեկացավ, որ պատգամավորը հեղափոխությունից հետո ձեռք է բերել իր 2-րդ բնակարանը։ Մինչ հեղափոխությունը Գաբրիելյանը ուներ համատեղ սեփականությամբ բնակարան Շենգավիթ վարչական շրջանում։ 2018 թվականից, ինչպես շատ ՔՊ-ականներ, Գաբրիելյանը եւս դարձավ տան տեր։ Սիսակ Գաբիելյանը նախորդ տարի գնել է իր 2-րդ բնակարանը։ Նա 2021 թվականին անհատական բնակելի տուն է գնել Շիրակի մարզկենտրոն Գյումրի քաղաքում եւ հանդիսանում է այդ տան միանձնյա սեփականատերը։ 2024 թվականին պատգամավորը գնել է եւս մեկ բնակարան Երեւանում, որն արժեցել է 22 մլն 969 հազար դրամ։ Այսինքն՝ նա ունի երեք բնակարան: «Ժողովուրդ» օրաթերթը 2022 թվականի տարեկան հայտարարագրից տեղեկացավ, որ պատգամավորը 2021 թվականին նաեւ ավտոմեքենա է գնել՝ 2018 թվականի արտադրության Hyundai մակնիշի: Նշված մեքենան 2023 թվականին վաճառել է 8 մլն դրամով եւ 12 մլն դրամով գնել է 2024 թվականի հայտարարագրում առկա VOLKSWAGEN մակնիշի մեքենան։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են գրեթե 1,3 մլն դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 800 հազար դրամ։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 16 մլն 755 հազար դրամ, որից 12 մլն 209 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է Ազգային ժողովի աշխատակազմից, 720 հազարը վարձակալության դիմաց ստացված եկամուտ է, 1 մլն 555 հազարը եկամտահարկի վերադարձ է ՀՀ ՊԵԿ-ից, իսկ 2 մլն 270 հազար դրամը վարկ է «ՎՏԲ Հայաստան» բանկից։

 

 

 

 

 

Ազգային ժողովի պաշտոնական կայքէջում արդեն հրապարակվել է ՀԷՑ-ը ազգայնացնելու, ինչպես համացանցում որակվել է՝ «ՀԷՑ-ը խլելու» օրենսդրական նախագիծը։ Այս նախագիծը Ազգային ժողովում կքննարկվի հուլիսի 1-4-ը գումարվող արտահերթ նստաշրջանում։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս նախագիծը մշակել եւ օրակարգ են բերել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները։ Այն վերաբերում է ընդհանուր էներգետիկ ոլորտի ենթակառուցվածքներին, այդ թվում՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին, որի պետականացման գործընթացի մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այսպես՝ նախագծի փաթեթով «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու միջոցով առաջարկվում է նախատեսել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի լիազորությունը՝ նշանակելու ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ, ում անցնելու են ՀԷՑ-ը կառավարելու բոլոր լիազորությունները։ «Կարծում եմ՝ հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն պետք է ազգայնացվի (պետականացվի)»,- այս մասին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ դա տեղի կունենա արագ։ Հիշեցնենք, որ այս հայտարարությունը Փաշինյանն արեց միլիարդատեր, գործարար Սամվել Կարապետյանի տան խուզարկությունից ժամեր անց, իսկ այս հայտարարությունից հետո դրա ներկայացումը չուշացավ։ Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում էլ Փաշինյանը նշել էր, թե «Ազգային ժողովում արդեն կա ՀԷՑ-ն ազգայնացնելու եւ կից օրենքներում փոփոխությունների նախագիծ»։

 

 

 

 

Վերջերս հրապարակված լուսանկարը, որտեղ պատկերված էին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը եւ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, լուռ բայց հստակ մեսիջ էր հանրությանը։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այդ հանդիպումը ուղեկցվել է լուրջ եւ խորքային զրույցով՝ երկրի ներքաղաքական լարված իրավիճակի եւ եկեղեցու՝ որպես ինստիտուտի դերի վերաբերյալ։

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների՝ Տեր-Պետրոսյանն իր խոսքում մտահոգություն է հայտնել եւ կոչ արել կաթողիկոսին պահպանել հանգստություն, զգոնություն եւ չտրվել որեւէ սադրանքի։ Նա ընդգծել է, որ որեւէ իշխանություն իրավունք չունի ներխուժել Եկեղեցու ինքնիշխանության դաշտ ու թելադրել իր կամքը՝ հիշեցնելով, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ Եկեղեցին գործում է պետությունից անջատ։

«Ես լավ ճանաչում եմ Նիկոլ Փաշինյանին։ Նա կանգ չի առնելու՝ գոռալու է, ճղճղալու, վիրավորելու, սադրելու։ Բայց եկեղեցին պետք է հակադրվի իր հավասարակշռությամբ», – մոտավորապես այսպիսի խոսքեր է հնչեցրել առաջին նախագահը։

Կաթողիկոսը իր հերթին տեղեկացրել է ՀՀ հիմնադիր նախագահին, որ վերջին շրջանում տարբեր ուղղություններով անընդհատ զգուշացումներ ու սպառնալիքներ է ստանում։ Նրան փորձել են համոզել հեռանալ, հակառակ դեպքում՝ խոստացել են վարկաբեկել կամ նույնիսկ ձերբակալել։ Սակայն հոգեւոր հովիվը այս պահին շարունակում է դիմադրել։

Թե այս հանդիպումը որքանով ազդեցություն կունենա հետագա զարգացումների վրա, ցույց կտա ժամանակը։ Սակայն ակնհայտ է, որ Եկեղեցին եւ պետությունը նորից կանգնած են բարդ հարաբերակցությունների մի հանգուցակետի առջեւ։

Հիշեցնենք, որ նորանկախ Հայաստանի առաջին անձնագիրը ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն առաջինին անձամբ հանձնեց Վեհափառի տանը:

 

 




Լրահոս