«ՀԵՂԱՇՐՋՄԱՆ» ՊԼԱՆԻ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես արդեն մեկ տարուց ավելի է, ինչ որևէ աղերս չունեմ «Սրբազան պայքարի» և նրա մասնակիցների հետ: Այն մարդիկ, որոնք փորձում են ամեն ինչի համար ինձ մեղադրել, կա՛մ հոգեկան շեղում ունեն, կա՛մ էլ անբարոյական են: Նրանք տապալել են պայքարը և ամեն կերպ փորձում են մեղավորներ փնտրել: Ե՞ս եմ շարժումը տապալել, ե՞ս եմ մարդկանց տուն ճանապարհել, թե՞ ես եմ խորհրդարանական ընդդիմության հետ երկխոսության մեջ մտել: Եթե իմ նկատմամբ անհիմն մեղադրանքները շարունակվեն, ապա ես դատարան եմ դիմելու», – ArmLur.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը:

 

-Պարո՛ն Պետրոսյան, Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություններ անցկացրեց «Սրբազան շարժման» առաջնորդների ու մասնակիցների տներում, այդ թվում՝ Բագրատ սրբազանի։ Հայտնաբերեցին թղթեր, զենք-զինամթերք եւ երկրում հեղաշրջում անելու ծրագիր։ Ձեր անունը եւս նշում են, ասում են՝ Դուք եք այդ ծրագիրը փոխանցել իշխանություններին, ի՞նչ կասեք այս ամենի վերաբերյալ։

-Ես այս թեմային անդրադարձել եմ եւ նորից ասեմ. նման խոսակցություններ տարածելու համար առնվազն պետք է լինել հոգեկան շեղում ունեցող մարդ կամ անբարոյական։ Եթե այս ամենը մի փոքր էլ շարունակվի, ես անպայմանորեն դատական հայցով կդիմեմ դատարան։

Ես մեկ տարուց ավելի է որեւէ անգամ անուղղակի կերպով կապ չեմ ունեցել ո՛չ շարժման, ո՛չ ակցիայի անդամներից որեւէ մեկի հետ, ո՛չ էլ ընդհանրապես դրա ցանկությունն եմ ունեցել։ Որեւիցե կերպ չե՞ն կարողանում իմ շողքից դուրս գալ։ Մեկ տարի է անցել, բայց դարձյալ Պետրոսյան Սուրենն է մեղավոր համարվում. թե ինչն է խնդիրը, չեմ հասկանում։

-Պարո՛ն Պետրոսյան, իսկ այն հանգամանքը, որ փաստաթղթի վրա 2024 թվական է նշված, կասկածի տեղիք չի՞ տալիս։ Այն իմաստով, որ Դուք մասնակցություն կարող էիք ունենալ այդ պլանը  կազմելու գործընթացում։

-Երբ ես այնտեղ եմ եղել՝ շարժման գործընթացներում, ո՛չ նման պլան է եղել, ո՛չ՝ նման խոսակցություն։ Ու այն թեզը, թե իբր ես շարժում եմ պառակտել,  ամենամեծ անբարոյականությունն է։ Ես դուրս եմ եկել շարժումից հունիսի 17-ին։ Մայիսի 9-ը կար, մայիսի 10, մայիսի 26, հունիսի 9…. Ակցիաների այդ  ընթացքում ո՞վ շարժմանն աջակցող մարդկանց «ուղարկեց տուն»։ Ե՞ս եմ շարժում պառակտել, ե՞ս եմ մարդկանց տուն ուղարկել, ե՞ս եմ այդքան մարդու հանել փողոց, հետո՝ 1-2 օրվա ընթացքում, ճանապարհել տուն։

Ես պարզապես հավատարիմ եմ մնացել իմ սկզբունքերին, ասել եմ՝ եթե պառլամենտական ընդդիմությունից որեւէ մեկը խառնվի շարժմանը, ես որեւիցե պրոցեսի մասնակից չեմ լինելու։ Շարժումը ընտրեց ոչ թե ժողովրդին, այլ պառլամենտական ընդդիմությանը։  Վերջ։ Սա է ամբողջ խնդիրը։ Մնացածն ինձ ընդհանրապես չի հետաքրքրում։

Մտահոգ անձինք թող լսեն 2024 թվականի սեպտեմբերի 3-ի իմ հարցազրույցը Պետրոս Ղազարյանի մոտ եւ  կհամոզվեն՝ իմ ասած յուրաքանչյուր կանխատեսում կատարվե՞լ է, թե՞ ոչ։  Ես ասում էի, թե ինչ խնդիրներ են լուծվում այնտեղ։ Ինչ ուզում են հիմա ասեն՝ միեւնույնն է, հիմա մարդիկ այնքան իմաստուն են, որ աստիճանաբար ամեն ինչ պարզ է դառնում:

Զրուցեց ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆԸ

 




Լրահոս