Հակակոռուպցիոն դատարան է ուղարկվել նոր քրեական գործ, որը վերաբերում է անօրինական միգրացիային:
Գոհար Հովհաննեսի Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժշկուհի եւ իր հորաքրոջ դուստր Արփիկ Հարությունյանի եւ իր մտերիմ Լուսինե Մանուկյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, շահադիտական նպատակով իր եղբայր Միսակ Կարապետյանի կողմից, նյութապես շահագրգռելու եղանակով դրսեւորված դրդչությամբ, 1.200 ԱՄՆ դոլարի դիմաց 2024 թվականի հունիսին կազմակերպել է Միսակ Կարապետյանի որդու՝ Հովհաննես Կարապետյանի անօրինական միգրացիան:
Միսակ Հովհաննեսի Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նյութապես շահագրգռելու եղանակով, դրդել է Գոհար Հովհաննեսի Կարապետյանին նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, շահադիտական նպատակով՝ 1.200 ԱՄՆ դոլարի դիմաց, 2024 թվականի հունիսին կազմակերպելու անօրինական հիմունքներով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող իր որդու՝ Հովհաննես Միսակի Կարապետյանի անօրինական միգրացիան: Միսակ Կարապետյանը, ցանկանալով իր որդու՝ Հովհաննես Կարապետյանի օտարերկրյա պետությունում գտնվելու թույլտվություն ստանալու համար ձեռք բերել կեղծ փաստաթղթեր, դիմել է Գոհար Կարապետյանին՝ հիշյալ գործընթացը կազմակերպելու նպատակով, որի համար նրան տվել է 1.200 ԱՄՆ դոլար: Նշված գործընթացի իրականացման համար «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժշկուհի Արփիկ Սերյոժայի Հարությունյանը, նախնական համաձայնությամբ խմբի կազմում, կազմել է Հովհաննես Կարապետյանին իբրեւ բռնության ենթարկելու արդյունքում միջին ծանրության մարմնական բազմաթիվ վնասվածքներ ստանալու, ինչպես նաեւ իբրեւ 5 օր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում ստացիոնար բժշկական օգնություն ստանալու վերաբերյալ բովանդակությամբ կեղծ փաստաթղթեր եւ փոխանցել Գոհար Կարապետյանին:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

















































































