Բարերար Սամվել Կարապետյանի վարկանիշը հանրության առաջ իջեցնելու, նրան մեկուսացնելու և մոռացության մատնելու փորձերը գործող իշխանությունների կողմից, չեն դադարում։
Ի աջակցություն բարերարի` մայրաքաղաքի տարբեր հատվածներում փակցվել են նրա լուսանկարով և «Ազատություն Սամվել Կարապետյանին» գրությամբ պաստառներ, որոնք հեռացվում, ապամոնտաժվում են իշխանական թիմի հրահանգումով։
Օրերս ապամոնտաժվել է Հյուսիսային պողոտայում տեղադրված պաստառը, ինչ Երևանի քաղաքապետարանի պարզաբանմամբ խախտում էր և չէր համապատասխանում չափանիշներին։ Նույնը տեղի ունեցավ նաև հունիսի 30-ին. «Տաշիր» առևտրի կենտրոնի պատին փակցված պաստառը հեռացվեց Երևանի քաղաքապետարանի կողմից։
Պարզաբանումն էլի նույնն էր նորմերին չի համապատասխանում։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի պնդմամբ էլ պաստառն անօրեն չեն տեղադրված, դրանք համապատասխանում են չափանիշներին, իսկ թե նպատակը որն է անհիմն ապամոնտաժելու, Ստեփանյանը բացատրում էր հետևյալ կերպ.
«Նրանք սրանով իրենց վախերն են արտահայտում։ Հիմա էլ նկարից են վախենում, նկարի հետ են կռիվ տալիս»։
Քաղաքացիները ևս դժգոհ են և վրդովված Սամվել Կարապետյանի դեմ ուղղված իշխանության այս քայլերից։ ArmLur.am-ի հետ զրույցում մեր քաղաքացիները տարբեր կարծիքներ հայտնեցին. ոմանք անտեղյակ էին, ոմանք չեզոք դիրք էին ընդունում վախենալով հստակ գնահատականներ տալուց, ոմանք միանգամից հիշում էին բարերարի ներդրումները Հայաստանում ու Արցախում, իսկ ոմանք էլ համարձակ բարձրաձայնում էին, որ այս բոլոր քայլերը հակահայկական ու հակաքրիստոնեական են ու ուղղված մեր ինքնությանը։
«Երևի հանում են, որ Էրդողանի նկարը կպցնեն»,- այս կարծիքն էր հայտնել քաղաքացիներից մեկը։
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը կալանավորվել է 2 ամսով և այս պահին գտնվում էր Արմավիր ՔԿՀ-ում։
Հիշեցնենք նաև միջադեպի սկզբնաղբյուրը.
Հունիսի 17-ին անվանի բարերար Սամվել Կարապետյանը News.am-ի հետ հարցազրույցում անդրադառնալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ տարվող արշավին և բարձրաստիճան հոգևորականների վարկաբեկումին նշել է հետևյալը. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»:
Այս հայտարարությունից անմիջապես հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆբ-յան իր էջում գրառում կատարեց նշելով. Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց Պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։
Ոչինչ նորից կպասիվացնենք։ Ընդ որում ընդմիշտ։
Սակայն այս գրառումը դեռ սկիզբն էր։ Սրան հաջորդեցին մի շարք ժարգոնային տերմիններով ողողված, վարկաբեկող ու սպառնալից հայտարարություններ: Ինչպես օրինակ «Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի։ Սա Հայաստանի Հանրապետությունն է։ Հույս ունեմ պետության համար երաններդ կմնա» կամ «Դուրս արի, արա’։ Ի՞նչ ես մտել չուլանը» և այլն։ Այս հայտարարություններին զուգահեռ Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնում է նաև ՀԷՑ-ը ազգայնացնելու (պետականանցնելու) իր միտումի մասին։
Հիշեցնենք, որ այս իրադարձություններից հետո Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ մինչև վերջ հավատարիմ է մնալու իր սկզբունքներին, շարունակելու է սատարել ՀԱԵ-ին։ «Թքած իրենց վրա էլ, իրենց էլեկտրական ցանցերի վրա էլ»,- ասել էր Սամվել Կարապետյանը և ինքնակամ ներկայանում ոստիկանություն։
Նանիկ Աղասյան





























