Ազգային անվտանգության ծառայության ծառայողից մինչեւ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ. այսպիսին է Տիգրան Պետրոսյանի կենսագրությունը։ Նա գործող իշխանության այն առաջամարտիկներից է, ով ստանձնեց «Տաշիր պիցցա» ընկերության մասնաճյուղերի տուգանման, գործունեության կասեցման գործընթացը` հարյուրավոր մարդկանց թողնելով անգործ:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ Տիգրան Պետրոսյանը պաշտոնի է նշանակվել 2024 թվականի նոյեմբերի 26-ին։ Պետրոսյանը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ձեռք բերած ունեցվածքի հայտարարագիր էր ներկայացրել, համաձայն որի՝ պաշտոնատար անձը, նրա ընտանիքի անչափահաս անդամները եւ խնամակալության տակ գտնվող անձինք միասին հայտարարագրել են 7 գույք. 3 բնակարան բազմաբնակարան շենքում, 1 ավտոկայանատեղի, 2 հողամաս, 1 անավարտ շինարարություն։ Գույքերը գտնվում են Երեւանի տարբեր վարչական շրջաններում, Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում։ Որպես տրանսպորտային միջոց՝ հայտարարագրել են FORD եւ MERCEDES-BENZ մակնիշի մեքենաներ՝ համապատասխանաբար 2023 եւ 2024 թվականներին ձեռք բերված։ Պաշտոնի ստանձնման կամ դադարեցման օրվա դրությամբ առկա չորս միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող գույքերից հայտարարագրվել է HUBLOT ժամացույց, որի արժեքը 5,1 մլն դրամ է։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2,9 մլն դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 155 հազար դոլար, 17 հազար եվրո, 118 մլն դրամ։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 3 մլն 904 հազար դրամ՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ, որից 3 մլն 750 հազար դրամը ՀՀ վարչապետի աշխատակազմի «Սպասարկում» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում եղած ժամանակ է ստացել, 154 հազար 744 դրամը՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնը ստանձնած ժամանակ։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը պաշտոնի ստանձնման կամ դադարեցման օրվա դրությամբ կազմել է 151 մլն 338 հազար դրամ, որի մի մասը 2 բնակարանների հիփոթեքի մայր գումարի վճարն է։
Տիգրան Պետրոսյանը եղել է նաեւ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ։
Նա տարեկան հայտարարագրում որեւէ գույք չի հայտարարագրել, սակայն տրանսպորտային միջոցների առուծախի մեջ է եղել։ Տվյալ տարվա սկզբում հայտարարագրել է տրանսպորտի 3 միջոց՝ MERCEDES-BENZ, FORD բեռնատար եւ VOLVO: Հայտարարատու տարում MERCEDES-BENZ մակնիշի մեքենան Պետրոսյանը վաճառել է 35 մլն դրամով եւ ձեռք է բերել նույն մակնիշի՝ 39,5 մլն արժողությամբ մեքենա։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի կանխիկ դրամական միջոցները կազմել են 186 մլն դրամ 335 հազար դրամ, հաշվետու ժամանակահատվածում նա ստացել է 4 մլն 699 հազար դրամ, որից 3,7 մլն դրամը «Սպասարկում» ՊՈԱԿ-ից է, իսկ 949 հազար դրամը տեսչական մարմնից։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ճնշում գործադրել իրավապահ կառույցների վրա՝ պահանջելով նրանցից ակտիվացնել գործողությունները Հայ առաքելական եկեղեցու դեմ: Չնայած այս ճնշումներին՝ իրավապահները դանդաղում են՝ հաղորդում տալով, թե փաստերի պակասի պատճառով շարունակական հարձակումները լեգիտիմացնել հնարավոր չէ: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանի հիմնական նպատակը կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականն է։ Վարչապետը համոզված է, որ «եթե հաջողվի մեկ-երկու սրբազանների կալանավորել, ապա կաթողիկոսը կթեւաթափվի եւ կհեռանա ինքնակամ»։ Սակայն, ինչպես կալանավայրում գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն էր հայտարարել՝ «եկեղեցին անպարտելի է»։ Եկեղեցու ներսում հավատը մնում է ամուր, իսկ գործողությունների նկատմամբ ժողովրդի վերահսկողությունն ու զգոնությունը՝ աճող։ Ըստ ամենայնի՝ Փաշինյանի այս հակաեկեղեցական արշավը դատապարտված է ձախողման. համենայնդեպս, հանրային ընկալման մեջ Նիկոլ Փաշինյանի այս հարձակումները չեն ընկալվում, քննադատվում են։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական վերնախավը լրջագույնս պատրաստվում է հուլիսի 12-ին կայանալիք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական ժողովին: Տեղեկացանք, որ Սյունիքում այս օրերին պատրաստվում են դիմավորել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով որոշել է, որ այս անգամ քաղաքական ժողովը պետք է կազմակերպվի Գորիսում: ՔՊ-ամերձ մեր աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանն է վարելու ժողովը: Մեր աղբյուրները հայտնում են, որ ողջ ՔՊ-ն իր վերնախավով` նախարարներ, ԱԺ ՔՊ-ական պատգամավորներ, ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ, տեղակալներ, խմբակցության ղեկավարը, քարտուղարը, մարզպետներ եւ համայնքների ղեկավարներ, ինչպես նաեւ տարածքային խորհուրդների նախագահներ ներկա են լինելու ժողովին: Տեղեկացանք, որ օրակարգային հարցերից լինելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների հարցը, իշխանություն-եկեղեցի փոխհարաբերությունները, ինչպես նաեւ սեպտեմբերին սպասվող ՔՊ վարչության նոր կազմի ընտրությունը:
Այսօր Ազգային ժողովում նախատեսվում է արտահերթ նստաշրջան, որի մթնոլորտը, ըստ փորձագետների եւ կուլիսային աղբյուրների, լարված ու բուռն կլինի։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին ազատել թե՛ մտքերը, թե՛ ձեռքերը՝ բառացիորեն, եւ կտրուկ ու անմիջապես հակադարձել յուրաքանչյուր ընդդիմադիր ելույթի, որը կհնչի նիստի ընթացքում։ Ըստ ԱԺ-ին մոտ կանգնած աղբյուրների՝ իշխող թիմին փոխանցվել է, որ պետք է խստիվ վերահսկեն դահլիճում հնչող ցանկացած քննադատություն եւ հարկ եղած դեպքում՝ կոշտ պատասխանեն ընդդիմադիրների ցանկացած հայտարարության։ Նման մոտեցումը, ըստ քաղաքական վերլուծաբանների, խոսում է այն մասին, որ կառավարական շրջանակները մտահոգված են սպասվող ընդդիմադիր նախաձեռնություններով եւ փորձում են կանխել հնարավոր ազդեցությունը հանրային տրամադրությունների վրա։ Նստաշրջանի օրակարգում ընդգրկված են մի շարք հակասական նախագծեր, այդ թվում՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը գործարար-բարերար Սամվել Կարապետյանից խլելու նախագիծը, որն արդեն հասցրել է աղմուկ բարձրացնել հանրության շրջանում։



















































































