Այն մարդիկ, ովքեր անկախ իրենց քաղաքական հայացքներից դեմ են դուրս գալիս Նիկոլ Փաշինյանին, ես սատարում եմ նրանց, այդ թվում՝ Բագրատ Սրբազանին եւ Սամվել Կարապետյանին։ Մեր պայքարը չի մարել, իսկ այս ողջ ընթացքն ուղղակի հետախուզություն էր` հասկանալու, թե ով է մեզ հետ»,-ArmLur.am-ի տաղավարում ասաց «Լույսի բանակ» ռազմահայրենասիրական կազմակերպության նախագահ Կարեն Արայանը։
-Պարո՛ն Արայան, տեսանք, որ կալանավորվեցին «Սրբազան պայքար»-ի առաջնորդներն ու մասնակիցները, ապա՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայելը Սրբազանը։ Ի՞նչ կասեք այս ամենի վերաբերյալ, ի՞նչ զարգացումների սպասել։
-Ինձ մարդու կալանավորման գործընթացը դուր չի գալիս, հատկապես՝ Փաշինյանի օրոք։ Անկախ ամեն ինչից, անկախ հայացքներից, ես չեմ կարող դրա մեջ գտնել ինչ-որ հարցի լուծում։ Ինձ համար իրենք բոլորն էլ մի թիմի տարբեր դիմակակիրներն են։ Կալանավորման փաստը չի կարող Նիկոլին դեմ կանգնող մարդուն ուրախացնել։
-Այս անգամ տեսնում ենք, որ գործող իշխանությունների թիրախում հենց եկեղեցին եւ եկեղեցականներն են։ Փաշինյանը նախ նշեց, որ եկեղեցին չուլանացված է, չուլան է հիշեցնում, ապա հայտարարեց, որ մեր բարձրաստիճան հոգեւորականները չեն պահում կուսակրոնության ուխտը, այդ թվում՝ Վեհափառը։ Դուք ի՞նչ դիրքորոշում ունեք սրա վերաբերյալ։ Ի՞նչ նպատակով է այս արշավը սկսվել։
-Իսկ Ազգային ժողովը միթե չուլանի վերածված չէ։ Այստեղ հարցը հոգեւորական անհատները չեն. ամեն տեղ էլ վատը կա….։
-Փաշինյանն ասում է, որ պետությունը տվել է ժողովրդին, հիմա էլ եկեղեցին պետք է տա ժողովրդին։ «Մաքրեմ, ազատեմ եւ տամ ժողովրդին», – ասում է նա։ Ի՞նչ կարծիք ունեք Դուք:
-Կլինի եկեղեցու, թե մեկ այլ բնագավառ, սխալների մասին կարող է խոսել մարդը, որն իր ասպարեզում, իր պաշտոնում, դիրքում ամեն ինչ իդեալական է անում։ Այսինքն, եթե դա աներ մեկը, որը վարչապետի պաշտոնին է եւ ամեն ինչ անում է իդելական ու կարողանում է մեկ այլ հարթակում թերություններ գտնել, նորմալ է։ Բայց այս դեպքում ինչպես չասես՝ մի քեզ նայիր, քո վիճակը նայիր, որտեղի՞ց ես եկել, ո՞ւր ես եկել, ինչի՞ ես վերածել երկիրը։ Կան տեղեր, որոնք հարիր չեն եկեղեցուն, ես իմ աչքով էլ եմ տեսել, բայց ինքն այն մարդը չէ, ով իրավունք ունի դա ասելու։ Փաշինյանն ամբողջ Հայաստանն է վերածել չուլանի՝ «Ալիեւի չուլանի»։ Եվ ինքը թե՛ իրավական, թե՛ բարոյական առումով իրավունք չունի որեւէ կառույց վատաբանելու, հատկապես կառույց, որ ներկայացնում է հոգեւոր արժեքներն ու պատմությունը։ Նա իրավունք չունի հանրային կերպով այն «չուլան» անվանելու։
Այդքան եկեղեցու համար ցավում ես՝ մի՛ բարձրաձայնիր, գնա՛, քայլ արա՛։ Կոնկրետ ի՞նչ եկեղեցի ես տեսել, որ այդպես է, պատասխանատուին կանչիր, ասա՝ մաքրե՛ք։ Մի՛ հանրայնացրու։
Բլոգեր լինի գնա, հանրայնացնի՝ դեռեւս հասկանալի կլինի, որովհետեւ ինքը չի կարող այնտեղ ինչ-որ բան փոխել, բայց նա, չէ որ վարչապետ է, եւ նա պիտի հրահանգ տա, որ վերացնեն, խնդիրը, հետո այդ «մաքրածը» հանրայնացնի։
Ես մի բան եմ նկատում. Փաշինյանն ուզում է այն, ինչը հայ մարդու համար թանկ է, օրինակ՝ ազգային հերոսներ, պատմություն, տարածքներ ոտնահարել, տրորել դրանք։ Վարչապետի՝ կրթության եւ գիտության նախարարը բառացի ասում է՝ «հայրենասիրությունը փուչ կոնցեպցիա է», «Նժդեհը վտանգ է»։
-Բայց ի՞նչ են շահում դրանից։ Նման դիրքորոշման օգուտը ո՞րն է։
-Երբ մարդը ինչ-որ մի բանից «աբիժնիկ» է, փորձում է ոտնահարել, դրա օգուտը ներքին բավարարվածությունն է։
Պետք է պայքարել դրա դեմ, բայց չեն պայքարում։ Բոլորն օնլայն գրառումներ են անում։ Պետք չէ գրառումներ անել միայն, պետք է գործել։
Երբ փորձում ես մի բան անել, բոլորը համախմբվում են ու սկսում պայքարել քո դեմ, որովհետեւ դու հաղթեցիր, ու իրենք էլ բամբասելու թեմա չեն ունենա։
Զրուցեց ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆԸ























