Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հուլիսի 12-ին իրականացնելու է մեծ հանրահավաք, ինչպես Խորհուրդն էր նախօրոք հայտարարել, տարբեր հանդիպումներից պարզ դարձավ, որ բռնի տեղահանված արցախցիները վճռական են եւ պատրաստ պայքարի: Հանրահավաքը մեկնարկելու է Ազատության հրապարակից, ապա մասնակիցները երթով շարժվելու են դեպի պետական հաստատություններ եւ իրականացվելու են զանգվածային անհնազանդության ակցիաներ։ «Մենք հաստատակամ ենք մեր խոստումներում եւ չենք շեղվելու մեզ հանձն առած ուղուց։
Մեր նպատակն է ապահովել համախմբված, համակարգված եւ արդյունավետ համագործակցություն՝ հանուն ընդհանուր նպատակի»,- ասված էր հայտարարության մեջ։
Խորհուրդը նաեւ կոչ է անում Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը, Սփյուռքի բոլոր կազմակերպություններին, արցախյան եւ հայաստանյան հասարակական կազմակերպություններին ու քաղաքական ուժերին, Արցախի իշխանություններին եւ համայն հայ ժողովրդին միավորվել Արցախի գաղափարի շուրջ եւ Արցախի հարցը դարձնել համահայկական օրակարգ։
«Մեր օրակարգը պաշտպանողները պիտի լինեն մեզ հետ, մեր կողքին։
Հիշենք՝ 1988-ին, նույն ոգով, նույն գաղափարով, նույն վճռականությամբ Արցախի զարթոնքն սկսվեց ժողովրդի ընդվզմամբ։ Այսօր այդ նույն ոգին արթուն է»,- գրված էր հայտարարության մեջ։ 2020 թվականից եւ 2023 թվականից առ այսօր արցախահայությունը տարբեր ակցիաներ է իրականացրել, ինչպես նաեւ մասնակիցը դարձել, որ բոլոր այն ակցիաներին, որոնք ուղղված են եղել Արցախի հիմնախնդրին, Բաքվում պահվող ռազմագերիների, արցախցիների վերադարձի եւ Հայաստանում արցախահայության սոցիալական խնդիրների լուծմանը, սակայն առ այս պահ որեւէ խնդրին լուծում չի տվել ՀՀ գործող իշխանությունը:
Ընդհակառակը՝ ՀՀ գործող իշխանությունն ամեն կերպ փորձել է եւ փորձում է լռեցնել արցախցիներին՝ նրանց նկատմամբ տարբեր միջոցներ կիրառելով:
Հիշեցնենք, որ քաղաքական հետապնդման ենթարկվեցին Ստեփանակերտի, Մարտունու, Մարտակերտի քաղաքապետերը, պարբերաբար հարցաքննության է հրավիրվում Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը, վերջերս նաեւ ԱՀ ԱԺ նորընտիր նախագահ Աշոտ Դանիելյանը, ԱՀ ԱԺ պատգամավորներ:
Հիշեցնենք նաեւ այն, որ վերջերս «Սրբազան պայքարի» մի շարք մասնակիցների հետ կալանավորվեց նաեւ ԱՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը:
Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանն անթույլատրելի է համարել նման գործողություններն ուղղված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ նրան հոգեւոր ծառայություն մատուցող հոգեւորականների նկատմամբ: Նա դատապարտել է այս գործողությունները՝ որակելով դրանք «հակահայկական» եւ «հակաազգային»։
ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ



















































































