ԱՄՆ-ը նոր առաջարկ ունի հայ-ադրբեջանական տրանսպորտային միջանցքի վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Carnegie հիմնադրամի վերլուծաբան Օլեսյա Վարդանյանը, հղում անելով երկու օտարերկրյա դիվանագետների, հաղորդում է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը նոր առաջարկ է ներկայացրել Երևանին և Բաքվին՝ Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապող տրանսպորտային միջանցքի վերաբերյալ:

Ըստ աղբյուրների, ամերիկյան առաջարկը հիմնված է 2008թ. ռուս-վրացական նախադեպի վրա: Այն ժամանակ կողմերը համաձայնել էին Աբխազիայի և Հարավային Օսիայի վիճելի տարածքներով անցնող երթուղիների կառավարումը հանձնել շվեյցարական անկախ ընկերության, որը պարտավորվում էր լոգիստիկ տվյալները տրամադրել շահագրգիռ բոլոր կողմերին:

Եվրամիությունը նույնպես առաջարկել էր Երևանին ու Բաքվին առաջնորդվել այս նախադեպով, սակայն քննարկումները խափանվեցին՝ սկզբում հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նոր բռնկումների, իսկ հետո 2023թ. Արցախում իրավիճակի սրացման պատճառով:

Տրանսպորտային հաղորդակցությունների ճակատագիրը մնում է Հարավային Կովկասում չլուծված հիմնական հարցը: «Միջին միջանցքը» կարող է այլընտրանք դառնալ Ռուսաստանից անցնող ճանապարհներին՝ կապելով Չինաստանը Եվրոպայի հետ Կենտրոնական Ասիայի, Կասպից ծովի ու Հարավային Կովկասի միջոցով: Սա հատկապես կարևոր է դարձել Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո: Այդ ճանապարհի մի հատվածը կարող է անցնել Հայաստանի տարածքով՝ կապելով Թուրքիան Ադրբեջանի, այնուհետև Կենտրոնական Ասիայի հետ, որտեղ Անկարան հատուկ շահեր ունի:

Բաքուն սկզբունքորեն չի առարկում, սակայն պնդում է, որ պետք է սկսել հարավային ճանապարհի բացումից, որը Ադրբեջանը կկապի Նախիջևանի հետ: Այս նախագիծը Բաքվի նախաձեռնությամբ ներառվել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտի մասին եռակողմ հայտարարության մեջ, որը նախատեսում էր Ռուսաստանի մասնակցությունը երթուղու ապագա կառավարմանը:

Սակայն այսօր Երևանը առարկում է՝ պնդելով, որ ինքը պետք է իրականացնի ամբողջական վերահսկողություն՝ մաքսային տուրքերից և անձնագրային ստուգումից մինչև անվտանգության հարցերը: Բաքուն իր հերթին հայտարարում է, որ պատրաստ չէ ներդրումներ կատարել մի նախագծում, որի ճակատագիրը կարող է հարցականի տակ հայտնվել, օրինակ՝ Հայաստանում իշխանափոխության դեպքում: Ադրբեջանը պահանջում է ներգրավել արտաքին երաշխավոր՝ երթուղու կայուն գործունեությունն ապահովելու համար:

Այս դիրքորոշումը, ըստ երևույթին, կիսում է նաև Թուրքիան, թեև Երևանը դեռ հույս ունի համոզել Անկարային ճանաչել երթուղու նկատմամբ Հայաստանի լիարժեք վերահսկողության իրավունքը:

ԱՄՆ-ի առաջարկը հիմնվում է ամերիկյան տրամաբանության վրա՝ համաձայնագրի երաշխավոր պետք է լինի ամերիկյան բիզնեսը, ինչպես արդեն եղել է Ուկրաինայում հազվագյուտ մետաղների գործարքի պարագայում:

Վերլուծաբանի պնդմամբ գործընթացը առաջ տանելու համար Վաշինգտոնը պետք է զգալի ջանքեր գործադրի: Հնարավոր են երկու տարբերակ: Առաջինը՝ համոզել Ադրբեջանին հրաժարվել Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջից և ստորագրել խաղաղության համաձայնագիրը, ինչին կարելի է հասնել, օրինակ, Իլհամ Ալիևին Սպիտակ տուն հրավիրելով:

Երկրորդ, առավել իրատեսական տարբերակն է ճնշում գործադրել Երևանի վրա՝ համաձայնելու ամերիկյան մոդելին և հրաժարվելու երթուղու հայկական հատվածի նկատմամբ լիակատար վերահսկողության պահանջից: Սա նշանակում է, որ Հայաստանը պետք է հրաժարվի նաև խաղաղության համաձայնագրի արագ ստորագրման և երկարամյա մեկուսացումից շուտափույթ դուրս գալու հույսերից:

Թեև քննարկումները դեռ նախնական փուլում են և մանրամասները կարող են փոխվել, ԱՄՆ մի պաշտոնյա վստահություն է հայտնել նախաձեռնության հաջողության նկատմամբ: «Նախագահ Թրամփը կարող է նույնիսկ Նոբելյան մրցանակ ստանալ դրա համար», – ասել է նա Քարնեգիի վերլուծաբանին:

Անի Վարդանյան




Լրահոս