Armenian text to speach

ՀԷՑ-ի պետականացման նախագծերում կան բացեր, ընդունումը կարող է հանգեցնել բյուջեի եկամուտների փոփոխության. Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Նիկոլ Փաշինյանը հավանություն է տվել ««Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որը կազմել է ՔՊ խմբակցությունը, սակայն միաժամանակ ներկայացրել է դիտողություններ եւ առաջարկներ:

Ինչի մասին է խոսքը. Նիկոլ Փաշինյանը իր ՔՊ խմբակցության հեղինակած նախագծի մասին գրել է, որ «նախագծերն ունեն լրացուցիչ հիմնավորման կարիք` առավել մանրամասն բացահայտելով ոլորտի ընթացիկ իրավիճակը եւ տվյալ ոլորտում ներկայում առկա խնդիրները:  / http://parliament.am/draft_docs8/Draftarajark/Kh-1111-gov_arajark.pdf /

. Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ նախագծի 1-ին հոդվածում պարզ չէ, թե «Հանձնաժողովի նախագահի որոշումը արդյոք ենթակա է անհապաղ կատարման, թե ոչ, ինչպես նաեւ արդյոք դրա բողոքարկումը կասեցնելու է որոշման գործողությունը կամ կատարումը»։

. Վարչապետն առաջարկում է օրենքի 27-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր 2.1-րդ եւ 2.2-րդ մասերով.

«2.1. Սույն հոդվածի 1-2-րդ մասերում նշված գործարք իրականացնելու մտադրության դեպքում Կառավարությունը գործարքի առարկա գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի ձեռքբերման նախապատվության իրավունք ունի։ Սույն մասով սահմանված նախապատվության իրավունքի իրացման նպատակով լիցենզիա ունեցող անձը ծանուցում է Կառավարությանը համապատասխան գործարք իրականացնելու մտադրության մասին: Կառավարությունը կարող է օգտվել իր նախապատվության իրավունքից նշված ծանուցումը ստանալուց հետո եռամսյա ժամկետում՝ լիցենզիա ունեցող անձին ծանուցելով այդ մասին: Նախապատվության իրավունքը իրացնելու կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ։

2.2. Սույն հոդվածի 2.1-րդ մասում նշված նախապատվության իրավունքի իրականացման դեպքում գործարքի առարկա գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի ձեռքբերման արժեքը չի կարող գերազանցել դրանց շուկայական արժեքը, որը որոշվում է «Գնահատման գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով տրված գնահատման հաշվետվությամբ: Մեկից ավելի գնահատման հաշվետվությունների առկայության դեպքում հիմք է ընդունվում դրանցով սահմանված արժեքների միջինը, եթե տարբեր գնահատման հաշվետվություններով սահմանված արժեքների տարբերությունը չի գերազանցում 10 տոկոսը: Մեկից ավելի գնահատման հաշվետվությունների արժեքների տարբերությունը 10 տոկոսից ավելին լինելու դեպքում հիմք է ընդունվում 10 տոկոսի չափով տարբերությունը, եւ գնահատման արժեքը որոշվում է սույն հոդվածով սահմանված կարգով»:

. Նիկոլ Փաշինյանը նաեւ առաջարկում է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 101-րդ եւ 109-րդ հոդվածներով սահմանված կարգավորումները՝ ըստ որոնց ընկերության մասնակիցները կամ բաժնետերերը՝ իրենց բաժնեմասերին կամ բաժնետոմսերին համամասնորեն, ունեն նախապատվության իրավունք համապատասխան բաժնեմասերի կամ բաժնետոմսերի ձեռքբերման հարցում (բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված որոշ դեպքերի), գտնում ենք, որ «Էներգետիկայի մասին» օրենքի նախագծով Կառավարությանը տրվող նախապատվության իրավունքի մասով բացառություն պետք է նախատեսել»։

. Փաշինյանը նաեւ գրում է. «52.1-րդ նոր հոդվածի 1-ին մասում օգտագործվող ձեւակերպումը՝ ըստ որի «Հանձնաժողովի նախագահը կարող է կայացնել վարույթ հարուցելու եւ կանխարգելիչ միջոցառումներ կիրառելու մասին որոշում», ենթակա է վերանայման, քանի որ այն առնվազն լեզվաբառային եւ իրավական տեսանկյունից ձեւակերպված է անորոշ կերպով։ Քանի որ վարույթը հարուցվում է որոշմամբ, ապա անհասկանալի է, թե ինչպես կարող է նույն որոշմամբ կրկին «վերահաստատվել» վարույթի հարուցումը։ Այս տրամաբանությամբ ձեւակերպումն անհրաժեշտ է հստակեցնել կամ կառուցել փուլային ձեւով՝ նախ արձանագրելով վարույթի հարուցման փաստը, ապա՝ դրա հիման վրա կանխարգելիչ միջոցառումների կիրառման հնարավորությունը։ Նույն դիտարկումը վերաբերում է նաեւ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին:

. Ըստ Փաշինյանի՝ միաժամանակ նույն նախագծի 3-րդ հոդվածով լրացվող 52.1-ին հոդվածի 4-րդ մասում անհրաժեշտ է հստակեցնել, թե արդյոք իրավաբանական անձը եւս կարող է լինել ժամանակավոր կառավարիչ, եթե այո, ապա անհրաժեշտ է վերանայել բարձրագույն կրթության պահանջի վերաբերյալ կարգավորումը։

. Նույն նախագծով կարգավորված չէ նաեւ այն հարցը, թե ինչ ընթացակարգ է գործելու կանխարգելիչ միջոցառումների կիրառման ժամանակ լիցենզավորված անձի դեմ սնանկության դիմում ներկայացնելու դեպքում։

. Նույն նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ մասի «օրենքի 2-րդ հոդվածից» բառերն անհրաժեշտ է փոխարինել «օրենքից» բառով։

. Միաժամանակ հայտնում ենք, որ նշված նախագծերում առկա կարգավորումների նախատեսմանը զուգահեռ, անհրաժեշտություն կառաջանա համապատասխան փոփոխություններ կատարել նաեւ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում՝ համապատասխան կարգավորումներ նախատեսելով իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի փոփոխման «ժամանակավոր կառավարչի նշանակման» դեպքում Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում համապատասխան գրառում կատարելու վերաբերյալ։

. Հարկ է նաեւ նշել, որ նախագծի որոշ կարգավորումներում առկա են տեխնիկական անհամապատասխանություններ կամ բացեր, որոնք նույնպես անհրաժեշտ է շտկել:

Ամփոփելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ նախագծերի փաթեթը լրամշակման կարիք ունի:

 

Վերջում Փաշինյանը եզրակացության է հանգում.

1) «Էներգետիկայի մասին» 2001 թվականի մարտի 7-ի ՀՕ-148 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 27-րդ հոդվածը լրացնել նոր՝ 2.1 ենթակետով, համաձայն որի սույն հոդվածի 1-2-րդ մասերում նշված գործարք իրականացնելու մտադրության դեպքում Կառավարությունը գործարքի առարկա գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի ձեռքբերման նախապատվության իրավունք ունի:

Այս կապակցությամբ հայտնում ենք, որ վերոնշյալ նախապատվության իրավունքի իրացման դեպքում ՀՀ պետական բյուջեի համար կառաջանան լրացուցիչ ծախսեր, որոնց չափը գնահատել հնարավոր չէ համապատասխան տեղեկատվության բացակայության պատճառով:

2) կարգավորել էներգետիկայի ոլորտի լիցենզավորված անձանց գործունեության առանձնահատուկ ռիսկայնության դեպքում Կառավարության լիազոր մարմնի կողմից հաղորդում տալու, լիցենզիա ունեցող անձի գործարքային իրավունքների սահմանափակումների, սպառողների շահերի պաշտպանության երաշխիքների հետ կապված հարաբերություններ,

3) սահմանել, որ սպառողների շահերի պաշտպանության նպատակով կարող են կիրառվել կանխարգելիչ միջոցառումներ, եւ այդ միջոցառումներից մեկն է նշանակել լիցենզավորված անձի ժամանակավոր կառավարիչ, որի գործունեության դիմաց վարձատրությունը իրականացվում է լիցենզավորված անձի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի  նախագահի կողմից սահմանված չափով:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ նախագծերի ընդունումը կարող է հանգեցնել նաեւ ՀՀ պետական բյուջեի եկամուտների փոփոխության:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս հարցերը այսօր կամ վաղը պետք է քննարկվեն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, որից հետո նոր պետք է կազմակերպվի օրինագծի քվեարկությունը նաեւ երկրորդ ընթերցման ռեժիմով:

 

 

 

 

 

Նախարար Պապոյանը 4 տարում 2 բնակարան է գնել

Էկոնոմիկայի ներկայիս նախարար Գեւորգ Պապոյանը, ով փորձում է թաքցնել մինչեւ 2018 թվականն ուենցած իր ՀՀԿ-ական անցյալը, ՔՊ-ի օրոք դարձավ ոչ միայն նախարար, այլ նաեւ մի շարք կառույցների խորհրդի անդամ կամ նախագահ: Նա ՔՊ վարչության կազմում հայտնվեց եւ դարձավ առաջամարտիկ` փոխնախագահ, եւ այս ընթացքում կուտակեց կապիտալ։

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ Գեւորգ Պապոյանը 2018 թվականին գնել է 1 բնակարան բազմաբնակարան շենքում, հետո եւս մեկը գնել է 2022 թվականին. երկու բնակարաններն էլ Երեւանում են:

Որպես տրանսպորտային միջոց՝ նախարար Պապոյանը հայտարարագրել է 1992 թվականի արտադրության VAZ մակնիշի ավտոմեքենա, բայց նա ծառայողական ավտոմեքենայով է երթեւեկում:

Ինչ վերաբերում է ֆինանսական միջոցներին, ապա նախարարի բանկային ավանդները կազմել են 27 հազար 475 դոլար, իսկ բանկային հաշիվների մնացորդները գրեթե 4,2 մլն դրամ։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 1,9 մլն դրամ։

Տեղեկացնենք, որ Գեւորգ Պապոյանի՝ 2024 թվականի տարեկան եկամուտները կազմել են 25 մլն 414 հազար դրամ, որից 16 մլն 191 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից, 2 մլն 984 հազարը՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից։ Նախարարը 3 մլն 594 հազար դրամ աշխատանքի վարձատրություն է ստացել նաեւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից։ Պապոյանը ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է եկամտահարկի վերադարձ 1 մլն 729 հազար դրամի չափով։ Նրա եկամուտների մյուս մասը վարկեր են տարբեր բանկերից։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 11 մլն 386 հազար դրամ, որը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։

Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գեւորգ Պապոյանը հանդիսանում է «Լիդիան Ռիսորսիզ Արմենիա Լիմիթեդ» բաժնետիրական ընկերության եւ «Համաշխարհային Առեւտրի Կենտրոն Երեւան» փակ բաժնետիրական ընկերության ընդհանուր ժողովի անդամ։

Գեւորգ Պապոյանը, լինելով նախկինների քաղաքականության կրողը, հանդիսանում է «Էնթերփրայզ Արմենիա» («Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։ Սա այն նույն ընկերությունն է, որը ղեկավարում է Արարատ Միրզոյանի կինը, իսկ խորհրդի կազմում է ամբողջ ՔՊ վերնախավը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Արդեն կանխատեսումներ կան, որ այս հիմնադրամը դառնալու է ԱՆԻՖ-ի նման ձախողված մի հիմնարկ, որը պետբյուջեի համար արժեցավ 5 մլն դրամ:

Նկատենք նաեւ, որ Պապոյանը թաքցնում է մինչեւ 2018 թվականի իր քաղաքական անցյալը. նա 2005-ից 2018 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտթեւի անդամ, սակայն Կառավարության կայքում տեղադրված կենսագրականում այդ մասին ոչինչ չկա: Նա խնամքով թաքցնում է «նախկին թալանչի ռեժիմ»-ի մասը կազմած իր անցյալը՝ կատաղի պայքարելով իր իսկ անցյալի դեմ:

 

 

 

 

 

 

«Դոմփել» բառի համար էլ է Փաշինյանը պարզաբանումներ ուղարկել ԿԿ հանձնաժողովին

ArmԼur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 30-ին արված արտահայտության առիթով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացրել է պարզաբանում: Խոսքը հետեւյալ գրառման մասին է. «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»:

«Ժողովորդ» օրաթերթը տեղեկացրել էր նաեւ, որ ԱԺ-ում հնչեցրած ձեւակերպումների վերաբերյալ էլ է վարչապետ Փաշինյանը պատասխան պարզաբանում ուղարկել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է եղել «Վե՛ր ընկի տեղդ, ներվերս չուտե՛ս» արտահայտությունը, «Ձեզ տանելու եմ, լցնեմ ԱԱԾ պադվալները» սպառնալիքն ու կրկնվող «համբալ» անհարգալից կոչականը:

Համաձայն օրենսդրության՝ առավելագույնը երեք ամսում ԿԿ հանձնաժողովը պետք է վարչապետի կողմից վարքականոնի խախտման առկայության կամ բացակայության վերաբերյալ եզրակացություն տա, բայց մինչ եզրակացությանը հանգելը նրանք պետք է դիմեն միջադեպի մասնակիցներին՝ գրավոր պարզաբանումներ ստանալու:

Իսկ ինչ պատասխանատվություն է սպասում Նիկոլ Փաշինյանին՝ դժվար չէ կանխատեսել. նրան կա՛մ պետք է հորդորեն ներողություն խնդրել, քանի որ չունի վերադաս, որից կարող են պահանջել պատիժ, կա՛մ Փաշինյանն ինքը պետք է քաղաքական պատասխանատվություն կրի իր պահվածքի համար՝ ընդհուպ ներկայացնելով հրաժարական: Թերեւս կլինի առաջինը:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից ապօրինաբար հեռացված ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրել էր. «Ես դիմումով պահանջել էի վարույթ հարուցել Նիկոլ Փաշինյանի ցուցաբերած վարքագծի վերաբերյալ: Հանձնաժողովից երեկ տեղեկացրել են ինձ, որ 2025 թվականի մայիսի 15-ին արդեն հարուցվել է վարքագծի կանոնների առերեւույթ խախտման վերաբերյալ թիվ 07/2025/Վ/Վ վարույթը՝ հիմք ընդունելով միջադեպի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները»:

Պատգամավորը արձանագրել էր, որ հանրային բարձր պատասխանատվություն կրող յուրաքանչյուր պաշտոնյա պետք է գիտակցի՝ իր վարքագիծն ու խոսքը չեն կարող լինել անսահմանափակ։ Դրանք պետք է լինեն իրավունքի եւ բարոյականության շրջանակներում։ «Նիկոլ Փաշինյանի վարքագիծը խաթարում է իշխանության նկատմամբ հանրային վստահությունը, սրում է ինստիտուցիոնալ քայքայման ռիսկերը եւ խախտում է քաղաքացի-պետություն հարաբերությունների հիմքը՝ հարգանքը։ Այս վարքագիծը իշխանության շահարկում է՝ ընդդիմախոսներին նվաստացնելու եւ ժողովրդավարական դիսկուրսը ճնշելու համար։ Ոչ մի օրենք թույլ չի՛ տալիս պաշտոնյային՝ լինի նա նույնիսկ վարչապետ, դուրս գալ պատասխանատվության դաշտից՝ հղում անելով իր «նյարդերին» կամ «հույզերին»։ Պետական պատիվը սկսվում է խոսքից։ Իսկ պետության հեղինակությունը՝ պահվածքից»,- գրել է պատգամավորը։

 

 

 

 

 

Ծերուկն անկառավարելի է դարձել. Անդրանիկ Քոչարյանն ընդդեմ ՔՊ խմբակցության

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները գրավոր դիմել են ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին՝ պահանջելով տրամադրել իրենց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ամփոփ զեկույցը` ծանոթանալու համար: Սակայն Քոչարյանը քննիչ հանձնաժողովի ՔՊ-ականներին հերթով մերժում է՝ չտրամադրելով այն:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Քոչարյանը մերժման մեջ նշել է, թե պատգամավորները  զեկույցին կծանոթանան այն ժամանակ, երբ ինքը ներկայացնի: Այսինքն` որոշել է միանձնյա ներկայացնել հանձնաժողովի անունից կազմված զեկույցը:

Հիշեցնենք, որ դեռեւս ապրիլին Քոչարյանը հայտարարեց, թե 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն իր հատուկ զեկույցը կհրապարակի այս տարվա սեպտեմբերի 27-ին հետեւող Ազգային ժողովի լիագումար նիստի առաջին կամ երկրորդ օրը:

«Աշնանային նստաշրջանը երբ սկսվի, սեպտեմբերի 27-ը քանի որ շաբաթ օր է, իսկ ամսի 30-ին կսկսվի լիագումար նիստը, կա՛մ 30-ին կա՛մ դրա հաջորդող օրը լիագումար նիստում Ազգային ժողովի նախագահը կներառի հարցը խորհրդի նիստում, եւ օրը վերջնական կորոշվի։ Ես կարծում եմ, որ շատ կարեւոր է, որ հենց այդ օրը ներկայացվի՝ լիագումար նիստի ընթացքում»,- հայտարարել էր Քոչարյանը, որը մի քանի անգամ արդեն տարբեր օրեր է մատնանշել` իբրեւ զեկույցի հրապարակման ամսաթիվ, բայց չի կատարել իր խոստումը: Իրականում նրա ներկայացրած զեկույցն արդեն իրավազուրկ է, քանի որ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը լրացել է, եւ զեկույցը չի ներկայացվել օրենքով սահմանված ժամկետներում:

Ըստ ՔՊ-ամերձ մեր աղբյուրների՝ Քոչարյանի զեկույցը լինելու է «ոչնչի» մասին. նա խորամանկ քայլեր է անում այն թաքցնելով բոլորից` փորձելով այդպես իր արժեքն ու ազդեցությունը բարձրացնել:

 

 

 




Լրահոս