Armenian text to speach

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ Է ԻՐԱՎԱՊԱՀ ՀԱՄԱԿԱՐԳԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ըստ Գլխավոր դատախազության՝ Միքայել (Գեւորգ) Արտաշեսի Աջապահյանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 26-ին կայացված «հանրային քրեական հետապնդում» հարուցելու մասին» որոշման հիմք է հանդիսացել 2025 թվականի հունիսի 21-ին զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը, որտեղ նա վերահաստատել է 2024 թվականի փետրվարի 3-ի հարցազրույցում իր կողմից հնչեցրած ձեւակերպումները՝ հեղաշրջում կատարելու եւ իշխանությունը ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով, բարձրաստիճան զինվորականների օգնությամբ ստանձնելու անհրաժեշտության մասին, ինչպես նաեւ ուժային կառույցների կողմից ՀՀ-ում իշխանությունը փոխելը ներկայացրել որպես անհրաժեշտություն:

 

Ըստ նախաքննական մարմնի՝ վերոնշյալը վկայում է այն մասին, որ Միքայել (Գեւորգ) Աջապահյանի կողմից հնչեցրած կոչերը հուզական կամ անզգուշությամբ թույլ տրված արտահայտություններ չեն, այլ գիտակցված գործողություններ, որ տեղի են ունեցել շարունակաբար, հետեւողականորեն` օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները։

Ասել է թե՝ նախկինում սրբազանի արտահայտությունները իբրեւ հանցանք չեն դիտարկվել, իսկ այսօր պատկերը այլ է: Նկատենք, որ Բագրատ սրբազանի գործով նախաքննական մարմինը հրապարակեց «հեղաշրջման պլան», որտեղ էլ, իբրեւ հեղաշրջման իրագործման ամսաթիվ, նշված էր 2024 թվականը: Ասել է թե՝ անցած տարվա «պլանն» է դրվել գործի հիմքում։

Այս եւ այլ թեմաների վերաբերյալ ArmLur.am-ը զրուցել է փաստաբան Երեմ Սարգսյանի հետ։

-Պարո՛ն Սարգսյան, Բագրատ սրբազանի կալանավորման օրը, երբ նախաքննական մարմինը «Հեղաշրջման պլանը» հրապարակեց, թղթի վրա հստակորեն գրված էր՝ 2024 թվական, այսինքն՝ նախաքննական մարմինը 1 տարի առաջ կազմված «պլանն» է հիմք համարում: Իրավական առումով սա ի՞նչ է ենթադրում, մեկ տարի առաջ արված հայտարարությունը, ինչպես Բագրատ սրբազանի դեպքում է, կամ մեկ տարի առաջ կազմված «Հեղաշրջման պլանը» կարո՞ղ է ունենալ հետեւանքներ:

-Հետեւանքներ կարող է ունենալ  անգամ 10 տարվա վաղեմություն ունեցող պլանը, եթե այն նոր է բացահայտվում, բայց եթե պետությունը գիտի այդ մասին, դրան որոշակի փուլում գնահատական է տվել, ապա պատկերն այլ է։ Երբ իշխանությունը նման «Հեղաշրջման պլան» է ցույց տալիս, որտեղ գրված է, թե այն 2024 թվականին է վերաբերում, եւ գաղտնալսումներ են հրապարակվում նաեւ, այստեղ խնդիր է առաջանում իրավապահ համակարգի թերացումների վերաբերյալ նաեւ, քանզի իրավասու մարմինները ոչ միայն հանցագործությունները բացահայտելու, այլեւ կանխելու պարտավորություն ունեն:  Նրանք չեն կարող սպասել՝ իրագործվի, նոր փորձեն կանխել քայլը: Սա նշանակում է, որ իրենք գիտեին այս մասին, բայց չէին դիտարկում որպես հանցագործություն: Նույնը եւ Միքայել սրբազանի մեղադրանքի մասին. եթե արդեն 2023 թվականին գնահատական է տրվել եւ ասվել է, թե հանցագործություն չէ սրբազանի կողմից արված ձեւակերպումը, դրանից հետո նույն փաստարկը նախաքննական մարմինը չի կարող որակել արդեն որպես հանցագործություն. այս ամենը վկայում է նրա մասին, որ իրավապահ մարմինները ոչ թե իրենց գործառույթներն են կատարում, այլ կոնկրտ հանձնարարություն: Երբ սրվում է քաղաքական իրավիճակը, իշխանությունները քայլերի հաջորդականություն են մտածում եւ իրավապահ մարմիններին օգտագործում՝ իրենց նպատակին հասնելու համար, որովհետեւ քաղաքական իշխանությունները որեւէ այլ հնարավորություն չունեն:

Եթե իրավապահ համակարգի աշխատակիցները հակադրվեն իշխանությանը, միանգամից կհեռացվեն աշխատանքից, եւ այս հստակ մոտեցումն անգամ քննարկման ենթակա չէ:

Սամվել Կարապետյանի գործով տեսանք՝ ինչպիսի իրավիճակ էր. վարչապետը ասես ինքն էր ուզում դատավորի կնիքը վերցնել ու ասել՝ ես էմ կալանավորում։ Այդքան ուղիղ ու ակնառու էր ամեն բան:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

ԻՆՉԻՑ ԵՆ ԽՈՍԵԼ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆՆ ՈՒ ԿԱԼԱՍԸ

Ինչպես ArmLur.am-ը տեղեկանում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Երեւանում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի կողմից համատեղ տրվել է ՀՀ-ԵՄ անվտանգության եւ պաշտպանության վերաբերյալ խորհրդակցությունների մեկնարկը:

 

Նախարար Միրզոյանը նշել է, որ կարեւորում է այս հանդիպումը, որը տեղի է ունենում համաշխարհային եւ տարածաշրջանային ինտենսիվ տրանսֆորմացիայի ժամանակահատվածում:

Միրզոյանը հավելել է, որ այս միջավայրում Հայաստանն իր անվտանգային համագործակցությունը դիվերսիֆիկացնելու համարձակ քայլեր է իրականացնում: «Մենք վճռականորեն հեռվանում ենք միակողմանի անվտանգային եւ պաշտպանական կախվածությունից։ ԵՄ-ի հետ մեր համագործակցությունը նշանակալի դեր ունի այս ջանքերն իրագործելու ճանապարհին, եւ այսօրվա խորհրդակցություններն այս դիվերսիֆիկացիայի ռազմավարության կենսական բաղադրիչ են:

Հայաստանը կարեւորում է մեր ջանքերին աջակցելու հարցում ԵՄ փորձառությունը՝ միտված մեր քաղաքացիների կողմից վստահության ամրապնդմանը, ինչպես նաեւ դիմակայուն անվտանգային ոլորտի կառուցմանը: Մենք նաեւ տեսնում ենք առավել խոր համագործակցության հսկայական ներուժ Եվրոպական պետությունների, կայուն ժողովրդավարությունների հետ, որոնք տարածաշրջանային անվտանգության հարցում մեծ փորձ ունեն: Այդ նպատակով, մենք ակտիվորեն զարգացնում ենք մեր կապերը ԵՄ առանձին անդամ պետությունների հետ՝ հիմնելով նոր ռազմավարական գործընկերություններ: Աճող անվտանգային համագործակցության շոշափելի արդյունքն այսօրվա ստորագրած համաձայնագիրն է, որը նախատեսում է Հայաստանի մասնակցությունն Ընդհանուր անվտանգային եւ պաշտպանական քաղաքականության առաքելություններին: Մենք հավատում ենք, որ մեր մասնակցությունն այս ճգնաժամային գործողություններին կբարձրացնի Հայաստանի եւ ԵՄ ինստիտուտների փոխգործակցության մակարդակը եւ կմոտեցնի մեր մասնագիտական շրջանակներին՝ խթանելով համատեղ անվտանգային մշակույթ:

Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ԵՄ մեր գործընկերներին նրանց ամուր ներգրավածության եւ աջակցության համար: Մենք վստահ ենք, որ այսօրվա խորհրդակցությունները կնպաստեն պաշտպանական ու անվտանգային ոլորտներում ավելի մեծ վստահությանն ու համակարգմանը: Մաղթում եմ ձեզ արդյունավետ եւ ապագային միտված երկխոսություն, որը կբացի նոր, ռազմավարական էջ մեր համագործակցության մեջ», – ամփոփել է ԱԳ նախարարը:

 

 




Լրահոս