Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր՝ դադարեցնելու ԱՄՆ պատժամիջոցները Սիրիայի դեմ, հաղորդում է BBC-ն: Սպիտակ տունը հայտարարել է, որ այս քայլը նպատակ ունի աջակցել երկրի «կայունությանը եւ խաղաղությանը»:
Հարկ է նշել, որ Սիրիան դեռեւս 1979 թվականի դեկտեմբերից համարվում էր ահաբեկչությանն աջակցող պետություն: 2004 թվականի մայիսին լրացուցիչ պատժամիջոցներ ավելացվեցին՝ 13338 հրամանագրով, որն իրականացնում էր 2003 թվականի Սիրիայի հաշվետվողականության եւ Լիբանանի ինքնիշխանության վերականգնման մասին օրենքով:
2011 թվականի մարտից սկսված ապստամբությունից հետո ԱՄՆ կառավարությունն ակտիվորեն կիրառում էր թիրախավորված պատժամիջոցներ՝ ռեժիմին զրկելու քաղաքացիների դեմ բռնությունը շարունակելու ռեսուրսներից: Առաջին քայլն արվեց 2011 թվականի ապրիլին՝ 13572 հրամանագրով, որը սառեցրեց սիրիացի պաշտոնյաների գույքը՝ մարդու իրավունքների խախտումների համար:
Պատժամիջոցները, որոնք արգելափակում էին արտաքին ֆինանսավորումը, կիրառվել էին Բաշար ալ-Ասադի կառավարության դեմ, որը տապալվել էր ապստամբների կողմից դեկտեմբերին:
Սպիտակ տունը հայտնել է, որ կվերահսկի նոր սիրիական կառավարության գործողությունները, ներառյալ «Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ կոնկրետ քայլերը», «օտարերկրյա ահաբեկիչների հարցի լուծումը» եւ «պաղեստինյան ահաբեկչական խմբավորումների արգելումը»:
2011 թվականի օգոստոսին, ի պատասխան տարածաշրջանում սիրիական ռեժիմի բռնության եւ ճնշումների, նախագահը հրապարակեց 13582 հրամանագիրը, որը սառեցրեց Սիրիայի կառավարության գույքը եւ արգելեց ամերիկյան անձանց նոր ներդրումները Սիրիայում:
Սիրիայի արտգործնախարար Ասաադ Ալ-Շիբանին նշել է, որ այս քայլը «կվերացնի խոչընդոտը» տնտեսական վերականգնման ճանապարհին եւ կբացի երկիրը միջազգային հանրության առջեւ:
Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն պահպանել է պատժամիջոցները Ասադի եւ նրա զինակիցների, ինչպես նաեւ Իսլամական պետության եւ իրանական վստահված անձանց նկատմամբ:
Նախկին ապստամբ առաջնորդ Ահմեդ Ալ-Շարաայի իսլամական խմբավորումը՝ Հայաթ Թահրիր Ալ-Շամը (HTS), որը գլխավորեց Ասադի տապալումը, մինչեւ 2016 թվականը եղել է «Ալ-Քաիդայի» մասնաճյուղը Սիրիայում: HTS-ը դեռեւս համարվում է ահաբեկչական կազմակերպություն ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի կողմից:
Սիրիայի նոր առաջնորդը խոստացել է պաշտպանել երկրի էթնիկ փոքրամասնություններին: Սակայն մարտ ամսին արեւմտյան ծովափնյա շրջանում ալավիական համայնքի հարյուրավոր քաղաքացիների զանգվածային սպանությունները՝ նոր անվտանգության ուժերի եւ Ասադի կողմնակիցների միջեւ բախումների ընթացքում խորացրել են ազգային փոքրամասնական համայնքների մտահոգությունները:
Հիշեցնենք, որ 13 տարվա ավերիչ քաղաքացիական պատերազմի ընթացքում ավելի քան 600,000 մարդ է զոհվել, իսկ 12 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը: Ասադի ռեժիմի տապալման պահին Սիրիայի բնակչության 90 տոկոսը հայտնվել էր աղքատության շեմին:
ԱՆԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ՀԱՆԴԻՊԵԼ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԿՑՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ
Հուլիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ:
Ռազմական կցորդները նախարարին ներկայացրել են կատարած աշխատանքի արդյունքները, անդրադարձել պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքին, զարգացումներին եւ խնդիրներին։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռազմական կցորդներին ներկայացրել է ԶՈՒ բարեփոխումների ընթացքը, ամփոփել հավաքի արդյունքները՝ տալով համապատասխան հանձնարարականներ։
«ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ը ԲՈՅԿՈՏՈՒՄ Է
Հանրային տրանսպորտից օգտվելու, բայց չվճարելու դեպքում կսանմանվի տուգանք: Նախագիծը բոյկոտելու համար «Մայր Հայաստան» խմբակցությունը բողոքի ակցիա է իրականացրել Ազգային ժողովի դիմաց:
Բողոքի ակցիայի ժամանակ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը կրկին հիշեցրեց, որ քաղաքապետարանը տրանսպորտի ուղեվարձի թանկացման մասին նախագիծը չընդունելու համար պահանջել էր ընդդիմադիր խմբակցությունից ներկայացնել 8200 քաղաքացու ստորագրություն: Պահանջին ի պատասխան՝ «Մայր Հայաստան»-ը ներկայացրել էր շուրջ 1700 քաղաքացու ստորագրոթյուն, բայց, այնուամենայնիվ, տրանսպորտի ուղեվարձը թանկացավ եւ քաղաքացիներից շատերն ստիպված եղան վճարել 150 դրամ՝ 100 դրամի փոխարեն:
«Մարդիկ, որ 100 դրամ չունեին՝ վճարելու տրանսպորտի ուղեվարձը եւ ստիպված թռնում էին գազելներից, հիմա պատգամավոր են դարձել, հիմա կողմ են տրանսպորտի ուղեվարձի թանկացմանը՝ այն դարձնելով 150 դրամ», – մեզ հետ զրույցում ասաց Սոնա Աղեկյանը:
Մեր զրուցակիցը համոզված է, որ իրենց կողմից նախաձեռնած բոյկոտը հաջողության է հասել, այլապես տուգանք սահմանելու մասին նախագիծ չէր քննարկվի:
«Բոյկոտը հաղթել է, Նիկոլի հոգին չի փառավորվել:
Ուստի ՔՊ-ն ու «Հանրապետություն» կուսակցությունը, արձանագրելով, որ ժողովուրդը չի լռում եւ չի վճարում անարդար որոշման համար, որոշեցին տուգանել մարդկանց։ Նրանք ժողովրդին չեն սիրում, որովհետեւ հիանալի հասկանում են, որ մարդիկ չեն ուզում դառնալ տուգանքի ու թալանի մատերիալ։ Իրենց անձնական օգտագործման ԱԺ-ն դարձրել են «տուգանք դակելու գրասենյակ», որտեղ իրենք նեղ շրջանակով որոշումները ընդունում են, տուգանում են մեզ՝ դրա դեմ չլռելու համար»,- ասաց Սոնա Աղեկյանը։
Տեղեկացնենք, որ նախաձեռնության համաձայն՝ ներհամայնքային կանոնավոր փոխադրում իրականացնող ավտոբուսների, տրոլեյբուսների կամ մետրոպոլիտենի ծառայություններից առանց վճարելու կամ վճարման կրիչը վավերացնելու օգտվելու դեպքում ուղեւորները տուգանվելու են 15,000 դրամի չափով: Իսկ այն դեպքերում, երբ արտոնություն ունեցող անձի փոխարեն երթեւեկի այլ անձ, տուգանվելու է 18,000 դրամի չափով:
ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ























