ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ չի բացառվում, որ հուլիսի 4-ին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը գա Ազգային ժողով՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ կալանավորելու միջնորդությամբ։
Նշենք, որ Armlur.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դիմում կներկայացնի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ միջնորդելով, որ խորհրդարանը թույլ տա քրեական գործ հարուցել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ:
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեն համատարած խուզարկություններ էր սկսել «Սրբազան պայքար»-ի մասնակիցների տներում, ինչի արդյունքում 10-ից ավելի անձ ձերբակալվեց եւ, ըստ պաշտոնական թվերի, այս պահին կալանավորվել է 15 անձ:
Ըստ նախաքննական մարմնի՝ շարժման մասնակիցները եւ ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական եւ իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ: Այս քրեական վարույթի շրջանակներում խուզարկել են ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տունը, ու չի բացառվում՝ հաշվի առնելով, որ նա «Սրբազան պայքար»-ի առաջնորդներից է, գլխավոր դատախազն անձամբ գնա Արթուր Սարգսյանի հետեւից:
ArmLur.am-ը դիմեց Գլխավոր դատախազություն՝ հասկանալու համար արդյոք նման գործընթաց սկսել է գլխավոր դատախազը: Ի պատասխան՝ հայտնեցին՝ «չենք մեկնաբանում»։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ArmLur.am-ի հարցին պատասխանելով, հայտնեց, թե գլխավոր դատախազը միջնորդագիր կուղարկի խորհրդարան՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու համար:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ


















































































