«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակչի «Յուվենտուսի» դեմ հաղթական խաղից հետո խոսել է մրցաշարի մակարդակի մասին, հայտնում է Marca-ն:
«Այն մարդիկ, որոնք լավ են ճանաչում ֆուտբոլը, երբեք կասկածի տակ չեն դրել այս մրցաշարի մակարդակը: Իսկ այն 3-4 հոգին, որ համացանցում գրում են, թե այս մրցաշարն աղբ է, սխալվում են:
Ժամանակն ապացուցում է, որ եվրոպական գրանդ ակումբները մյուս թիմերին չեն գերազանցում այնպես, ինչպես կարող էր թվալ: Խաղերը շատ գեղեցիկ են ու հետաքրքիր, իսկ մենք շատ պիտի աշխատենք՝ եզրափակիչ հասնելու համար»,- ասել է բելգիացին:




















































































