Armenian text to speach

Ալիևի որդու հարկային պարտքերը եւ ռուս-ադրբեջանական լարված հարաբերությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի 27-ամյա որդին՝ Հեյդար Ալիեւը, հայտնվել է ուշադրության կենտրոնում՝ Մոսկվայի մերձակայքի Բարվիխա շրջանում գտնվող իր շքեղ առանձնատան հարկերը չվճարելու պատճառով: «Մայենդորֆի այգիներ» էլիտար թաղամասում գտնվող անշարժ գույքի մակերեսը կազմում է 1600 քառակուսի մետր, իսկ շուկայական արժեքը գնահատվում է շուրջ 35 միլիոն դոլար կամ 2.7 միլիարդ ռուբլի:

Ռուսաստանի Դաշնային հարկային ծառայության տվյալներով, նախագահի ժառանգորդը պետությանը պարտք է մոտ 946 հազար ռուբլի: Մոսկվայի մարզի հարկային մարմինները բազմիցս դիմել են դատարան եւ ստացել բռնագանձման որոշումներ: Հետաքրքրական է, որ դատական ծառայությունների կայքում Հեյդար Ալիեւի ծննդյան թվականը նշված է մեկ օրվա սխալով, ինչը դժվարացնում է նրա պարտքերի վերաբերյալ տեղեկությունների որոնումը:

Այս միջադեպը տեղի է ունենում Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների սրման ֆոնին: Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների ձերբակալությունը՝ կապված 2000-ականների սպանությունների շարքի հետ, վերածվել է լուրջ դիվանագիտական ճգնաժամի: Հիմնական կասկածյալներ՝ Զիեդդին եւ Հուսեյն Սաֆարովներ եղբայրները, մահացել են ձերբակալությունից հետո՝ ըստ պաշտոնական տվյալների, սրտի սուր անբավարարության պատճառով:

Ի պատասխան, Ադրբեջանի իշխանությունները ձեռնարկել են մի շարք հակաքայլեր: Բաքվում կասեցվել է ռուսական Sputnik լրատվական գործակալության աշխատանքը, ձերբակալվել են երկու լրագրող: Բացի այդ, թմրանյութերի առեւտրի մեղադրանքով ձերբակալվել են ռուսաստանցի մի քանի քաղաքացիներ:

Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաեւը Ռուսաստանի ԱԳՆ է ներկայացրել բողոքի նոտա: Ադրբեջանի գլխավոր դատախազության միջազգային իրավական համագործակցության վարչության պետի տեղակալ Սամիրա Նաջաֆզադեն մեղադրել է Մոսկվային Ռուսաստանում բնակվող ադրբեջանցիների իրավունքները խախտելու մեջ:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ձերբակալությունները կատարվել են բացառապես քրեական հետաքննության շրջանակներում: Նա նշել է, որ կողմերը քննարկում են խնդիրները ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի եւ Ադրբեջանի գլխավոր դատախազ Կամրան Ալիեւի մակարդակով:

Իրավիճակը բարդանում է նաեւ Ուկրաինայի դիրքորոշմամբ: Իլհամ Ալիեւը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Զելենսկուն աջակցության համար: Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են Բաքվում անցկացնել միջկառավարական հանձնաժողովի նիստ եւ վերահաստատել միմյանց տարածքային ամբողջականության նկատմամբ փոխադարձ հարգանքը:

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նախազգուշացրել է ռուս քաղաքացիներին՝ Ադրբեջան ճամփորդելիս հաշվի առնել ընթացիկ իրավիճակը: ՌԴ դեսպանատունը Բաքվում պատրաստ է աջակցել ձերբակալված ռուս քաղաքացիների հարազատներին:

Պետդումայի ԱՊՀ գործերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին նշել է, որ եթե Ադրբեջանում հայտնաբերվեին ռուսական հանցավոր խմբավորումներ, ապա Մոսկվան նույնպես չէր առարկի դրանց վերացմանը։

Անի Վարդանյան




Լրահոս