Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունների, Բագրատ եւ Միքայել սրբազանների կալանավորման ու հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է հայագետ Լիա Ավետիսյանի հետ։
-Տիկի՛ն Ավետիսյան, եկեղեցին շարունակաբար թիրախավորվում է, սրբազան երկու հոգեւորականներ այսօր կալանավորված են, իսկ վարչապետն ու իր թիմն ասում են, թե Ամենայն Հայոց Կաթողիկոսը պետք է հրաժարական տա։ Ինչպե՞ս կգնահատեք այս իրավիճակը որպես հայագետ։
-Իշխանությունների վերաբերյալ ես այլեւս ոչինչ չեմ կարող ասել, որովհետեւ պարզապես դժվար է գտնել նրանց բնութագրող ավելի հիասթափեցնող ձեւակերպումներ։ Եկեղեցու ներքին կյանքը վերածել են քաոսի։ Այս ամենը մեծ գործողություն է, որի նպատակն է ներկայացնել, թե իբր եկեղեցին սուրբ չէ։ Ես միայն ուզում եմ կոչ անել ժողովրդին, որը անհասկանալի ու անընդունելի կերպով ոգեւորված է այս ամենից։ Այդպիսի խանդավառություն մենք տեսել ենք մեկ էլ 2018-ին, երբ էժանացել էր բանանի գինը։ Կան բաներ, որոնք հայ ժողովուրդը չպետք է անի։ Այս քաղաքական մոտեցումը կարող է հանգեցնել նոր կորուստների։ Այն շենքերը, որ իշխանությունները կառուցում են, այն ակնկալիքով են, որ շուտով թուրքեր են բնակվելու այնտեղ։ Պետք է հեռատես լինենք եւ խորությամբ ուսումնասիրենք իրավիճակը։ Մենք որդեգրել ենք սխալ քաղաքականություն՝ փոխանակ կառուցողական քննարկման, միայն վիրավորում ու հայհոյում ենք միմյանց։
-Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե մինչեւ հուլիսի 5-ը հայհոյանք չի օգտագործի։ Ի՞նչ սպասենք հուլիսի 5-ից հետո։
-Նա չի կարող չհայհոյել, որովհետեւ հայհոյում են այն մարդիկ, ովքեր չունեն բավարար բառապաշար՝ իրենց մտքերը պատշաճ ձեւով արտահայտելու համար։ Երբ բացակայում են անհրաժեշտ բառերը, տեղը մնում են հայհոյանքները։
Մենք չենք կարող ձեռքներս ծալած նստել։ Յուրաքանչյուրս պետք է մտածի՝ ինչպես համախմբվել եւ հասնել սրբազան հայրերի ազատ արձակմանը։
-Տիկի՛ն Ավետիսյան, եկեղեցու շուրջ տեղի ունեցող այս զարգացումները կամ վերջին գրոհը Վերարանի դեմ՝ արդյո՞ք Ձեզ պատմական որեւէ դրվագ հիշեցնում են։ Եղե՞լ են նմանատիպ ժամանակներ։
-Այդպիսի բան պատմության մեջ երբեւիցե չի եղել։
-Այդ դեպքում ինչո՞ւ այսօր նման պատկեր է Հայաստանում։
-Քանի որ կա պատվեր՝ ուղղված իշխանություններին, եւ այս գործընթացներում շրջանառվում են մեծ գումարներ։ Նման իրավիճակներ կան նաեւ հյուսիսային Եվրոպայի երկրներում եւ այլ պետություններում։
-Տիկի՛ն Ավետիսյան, իշխանականները ներկայանում են որպես Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու հետեւորդներ, մի՞թե աստվածավախություն չունեն, երբ աջակցում են հոգեւորականների կալանավորմանը կամ գործողություններին՝ ընդդեմ եկեղեցու:
-Այդ մարդիկ տարբեր աղանդների անդամներ են։ Նրանք չեն կարող լինել Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդներ։ Իրականում նրանք մեր հակառակորդներն են՝ բոլոր իմաստներով։
Զրուցեց ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆԸ
ՔՊ-Ի ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿԸ
Հայաստանի Ազգային ժողովի Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ԱԺ հայտարարության նախագիծ՝ վերնագրված «Բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության եւ ժողովրդավարության պաշտպանության մասին»։
Այս մասին տեղեկանում ենք խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի՝ «Ֆեյսբուք»-ի էջում արված հրապարակումից։ «Շուտով կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան, որտեղ կքննարկենք հայտարարության նախագիծը, եւ Ազգային ժողովը պաշտոնապես իր գնահատականը կտա Հայաստանի Հանրապետության դեմ ծրագրված ահաբեկչության փաստին։ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»,- գրել է Կոնջորյանը։ Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ քրեական վարույթ է նախաձեռնվել «Սրբազան պայքար» շարժման առաջնորդների կողմից ահաբեկչություն եւ իշխանության յուրացում նախապատրաստելու առնչությամբ։ «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը եւ շարժման եւս 15 համակիրներ կալանավորվել են։
ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱԴՐԱՄԻՋԱՆՑՔԸ ՇԱՀԱՎԵՏ Է
Հյուսիս-Հարավ միջազգային փոխադրամիջանցքի զարգացումն ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ադրբեջանի օգտին է: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք Մոսկվայի եւ Բաքվի հակասությունները կարող են վնասել նախագծին:
«Դա շատ կարեւոր նախագիծ է, որը համապատասխանում է երկու երկրների շահերին»,- ասել է նա։
Կրեմլի խոսնակը նաեւ հույս է հայտնել, որ երկու երկրների միջեւ հարաբերություններում բոլոր հարցերը կհաջողվի պարզաբանել ուղիղ երկխոսության միջոցով։























