Armenian text to speach

ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿ՝ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Carnegie հիմնադրամի վերլուծաբան Օլեսյա Վարդանյանը, հղում անելով երկու օտարերկրյա դիվանագետների, հաղորդում է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը նոր առաջարկ է ներկայացրել Երեւանին եւ Բաքվին՝ Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջեւանի հետ կապող տրանսպորտային միջանցքի վերաբերյալ:

 

Ըստ աղբյուրների՝ ամերիկյան առաջարկը հիմնված է 2008 թ. ռուս-վրացական նախադեպի վրա: Այն ժամանակ կողմերը համաձայնել էին Աբխազիայի եւ Հարավային Օսիայի վիճելի տարածքներով անցնող երթուղիների կառավարումը հանձնել շվեյցարական անկախ ընկերության, որը պարտավորվում էր լոգիստիկ տվյալները տրամադրել շահագրգիռ բոլոր կողմերին:

Եվրամիությունը նույնպես առաջարկել էր Երեւանին ու Բաքվին առաջնորդվել այս նախադեպով, սակայն քննարկումները խափանվեցին՝ սկզբում հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նոր բռնկումների, իսկ հետո 2023 թ. Արցախում իրավիճակի սրացման պատճառով:

Տրանսպորտային հաղորդակցությունների ճակատագիրը մնում է Հարավային Կովկասում չլուծված հիմնական հարցը: «Միջին միջանցքը» կարող է այլընտրանք դառնալ Ռուսաստանից անցնող ճանապարհներին՝ կապելով Չինաստանը Եվրոպայի հետ Կենտրոնական Ասիայի, Կասպից ծովի ու Հարավային Կովկասի միջոցով: Սա հատկապես կարեւոր է դարձել Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո: Այդ ճանապարհի մի հատվածը կարող է անցնել Հայաստանի տարածքով՝ կապելով Թուրքիան Ադրբեջանի, այնուհետեւ Կենտրոնական Ասիայի հետ, որտեղ Անկարան հատուկ շահեր ունի:

Բաքուն սկզբունքորեն չի առարկում, սակայն պնդում է, որ պետք է սկսել հարավային ճանապարհի բացումից, որը Ադրբեջանը կկապի Նախիջեւանի հետ: Այս նախագիծը Բաքվի նախաձեռնությամբ ներառվել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտի մասին եռակողմ հայտարարության մեջ, որը նախատեսում էր Ռուսաստանի մասնակցությունը երթուղու ապագա կառավարմանը:

Սակայն այսօր Երեւանը առարկում է՝ պնդելով, որ ինքը պետք է իրականացնի ամբողջական վերահսկողություն՝ մաքսային տուրքերից եւ անձնագրային ստուգումից մինչեւ անվտանգության հարցերը: Բաքուն իր հերթին հայտարարում է, որ պատրաստ չէ ներդրումներ կատարել մի նախագծում, որի ճակատագիրը կարող է հարցականի տակ հայտնվել, օրինակ՝ Հայաստանում իշխանափոխության դեպքում: Ադրբեջանը պահանջում է ներգրավել արտաքին երաշխավոր՝ երթուղու կայուն գործունեությունն ապահովելու համար:

Այս դիրքորոշումը, ըստ երեւույթին, կիսում է նաեւ Թուրքիան, թեեւ Երեւանը դեռ հույս ունի համոզել Անկարային ճանաչել երթուղու նկատմամբ Հայաստանի լիարժեք վերահսկողության իրավունքը:

ԱՄՆ-ի առաջարկը հիմնվում է ամերիկյան տրամաբանության վրա՝ համաձայնագրի երաշխավոր պետք է լինի ամերիկյան բիզնեսը, ինչպես արդեն եղել է Ուկրաինայում հազվագյուտ մետաղների գործարքի պարագայում:

Վերլուծաբանի պնդմամբ գործընթացը առաջ տանելու համար Վաշինգտոնը պետք է զգալի ջանքեր գործադրի: Հնարավոր են երկու տարբերակ: Առաջինը՝ համոզել Ադրբեջանին հրաժարվել Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջից եւ ստորագրել խաղաղության համաձայնագիրը, ինչին կարելի է հասնել, օրինակ, Իլհամ Ալիեւին Սպիտակ տուն հրավիրելով:

Երկրորդ՝ առավել իրատեսական տարբերակն է ճնշում գործադրել Երեւանի վրա՝ համաձայնելու ամերիկյան մոդելին եւ հրաժարվելու երթուղու հայկական հատվածի նկատմամբ լիակատար վերահսկողության պահանջից: Սա նշանակում է, որ Հայաստանը պետք է հրաժարվի նաեւ խաղաղության համաձայնագրի արագ ստորագրման եւ երկարամյա մեկուսացումից շուտափույթ դուրս գալու հույսերից:

Թեեւ քննարկումները դեռ նախնական փուլում են եւ մանրամասները կարող են փոխվել, ԱՄՆ մի պաշտոնյա վստահություն է հայտնել նախաձեռնության հաջողության նկատմամբ: «Նախագահ Թրամփը կարող է նույնիսկ Նոբելյան մրցանակ ստանալ դրա համար», – ասել է նա Քարնեգիի վերլուծաբանին:

ԱՆԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

 

 

ՀԱՎԱՔԱԳՐՎՈՒՄ ԵՆ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ

2020 թվականից, ապա 2023 թվականից առ այսօր Ադբեջանն օկուպացված Արցախում իրականացնում է մշակութային ցեղասպանություն` ջնջելով հայկական հետքն ու հայկականությունը։

Ադրբեջանը ոչ միայն ոչնչացնում է եկեղեցիներ, պատմամշակութային կոթողներ, հուշարձաններ ու գերեզմաններ, այլեւ բնակավայրեր, բնակարաններ, շենք-շինություններ, բռնի տեղահանված արցախցիներին պատկանող անշարժ գույքեր։

Սա կարեւորագույն խնդիր է արցախցիների համար, ինչն անտարբերության մատնելու դեպքում արցախցիները կկորցնեն անգամ իրենց սեփականությանը տեր լինելու իրավունքը, եթե անգամ փաստաթղթերն էլ ունենան։ Միջազգային հարթակում բարձրաձայնելով այս խնդիրը հնարավոր կլինի Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել։

Այդ իսկ պատճառով Արցախի միությունը, Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը եւ իրենց գործընկերները հավաքագրում են տվյալներ Արցախի Հանրապետության բռնազավթված բնակավայրերում Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացված եւ իրականացվող՝ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, որը ներառում է տվյալներ նաեւ կորցրած բնակարանների (տների) եւ այլ գույքերի վերաբերյալ:

Տվյալները հավաքագրվում են միջազգային իրավական հնարավոր գործընթացների համար:

Բռնի տեղահանված արցախցիների կողմից ներկայացված տվյալները կիրառվելու են բացառապես միջազգային իրավական նպատակներով՝ հարցաթերթիկը լրացրած քաղաքացու գրավոր համաձայնությամբ:

ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ




Լրահոս