Լուսանկարն արվել է Հյուսիսային պողոտայում
Երեւանյան փողոցներում աչքի զարնող այս մեքենան ասես վերածվել է տեղաշարժվող արվեստի գործի՝ հայտնի մարդկանց դիմանկարներով։
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ որոնք են խնամատարության սահմանված ժամկետները:
Անյա Հովհաննիսյան (32 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Խնամատարությունը կարող է լինել կարճաժամկետ եւ երկարաժամկետ՝ մինչեւ երեխայի չափահաս դառնալը: Կարճաժամկետ խնամատարությունը կիրառվում է մինչեւ մեկ ամիս ժամկետով, անհրաժեշտության դեպքում` եւս մեկ ամիս երկարաձգելու հնարավորությամբ, եթե սույն օրենսգրքով առավել սեղմ ժամկետ նախատեսված չէ։ Կարճաժամկետ խնամատարության ժամկետի ավարտից հետո, եթե հնարավոր չէ երեխային վերադարձնել կենսաբանական կամ խնամակալի ընտանիք, իսկ խնամատար ընտանիքը պատրաստ է շարունակել երեխայի խնամքը եւ դաստիարակությունը, ապա նախապատվությունը տրվում է նույն ընտանիքում խնամատարության ժամկետը երկարաձգելուն:
Երկարաժամկետ խնամատարությունը կիրառվում է մեկ տարի եւ ավելի ժամկետով: Երկարաժամկետ խնամատարության պայմանագրի երկարաձգում թույլատրվում է, եթե երեխայի վերադարձն ընտանիք կամ երեխայի որդեգրումը կամ խնամակալությունը (հոգաբարձությունը) հնարավոր չէ:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցող, ՀՀ տարածքում մշտապես բնակվող ՀՀ չափահաս քաղաքացիները որպես խնամատար ծնող դառնալ ցանկացող անձ հաշվառվելու նպատակով անձամբ կամ ներկայացուցչի միջոցով իր բնակության վայրի՝ ՀՀ մարզպետարան են ներկայացնում համապատասխան փաստաթղթեր:
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հարց. Խնդրում եմ ասել՝ ինչպես կարող են ավանդատուները տեղեկանալ ավանդների հատուցման դեպքի մասին:
Լիանա Մելքոնյան (46 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ հիմնադրամը հատուցման դեպքի օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային http://www.azdarar.am կայքում եւ առնվազն հանրային մեկ լրատվամիջոցով հայտարարություն է հրապարակում հատուցման դեպքի մասին՝ նշելով երաշխավորված ավանդը ստանալու կարգը՝ ներառյալ ավանդատուի գրավոր կամ էլեկտրոնային եղանակով պահանջի ներկայացման կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ու տեղեկությունների ցանկը, պայմանները, եղանակները, ժամկետները: Հատուցման դեպքին հաջորդող 10-րդ աշխատանքային օրվանից առնվազն մեկ օր առաջ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային http://www.azdarar.am կայքում եւ առնվազն հանրային մեկ լրատվամիջոցով հրապարակում է լրացուցիչ հայտարարություն, որտեղ նշվում են`
ա) երաշխավորված ավանդների վճարումն իրականացնող բանկի եւ դրա մասնաճյուղերի անվանումները եւ հասցեները,
բ) ավանդատուի գրավոր կամ էլեկտրոնային եղանակով ներկայացված պահանջի եւ հիմնադրամի տրամադրած ավանդատուների ցուցակի միջեւ տեղեկությունների անհամապատասխանության դեպքում` երաշխավորված ավանդի հատուցումը ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ Հատուցումն իրականացվում է միայն հայկական դրամով: Արտարժութային ավանդների դրամական համարժեքությունը որոշվում է հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքով:























