ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սուր քննադատության է ենթարկել տեխնոլոգիական ոլորտի միլիարդատեր Իլոն Մասկին՝ նոր քաղաքական կուսակցություն ստեղծելու որոշման համար: Նախագահը նշել է, որ Մասկը «լիովին կորցրել է իրականության զգացողությունը»:
«Ցավալի է տեսնել, թե ինչպես է Իլոն Մասկը վերջին հինգ շաբաթների ընթացքում վերածվել իսկական քաոսի», – գրել է Թրամփը Truth Social սոցիալական հարթակում: «Երրորդ կուսակցությունները միայն մեկ բանի համար են պիտանի՝ ստեղծել ԱՄՆ-ում լիակատար քաոս եւ անկարգություն»:
Հիշեցնեք, որ շաբաթ օրը X հարթակում Մասկը հայտարարել էր«Ամերիկյան կուսակցության» ստեղծման մասին, որը կմրցակցի հանրապետականների եւ դեմոկրատների հետ: Միլիարդատերը շաբաթներ շարունակ ակնարկում էր նոր քաղաքական ուժի ստեղծման մասին՝ քննադատելով Թրամփի հարկային եւ ծախսային քաղաքականությունը, որը, ըստ նրա, կսնանկացնի ԱՄՆ-ի տնտեսությունը:
«2:1 հարաբերակցությամբ դուք ցանկանում եք նոր քաղաքական կուսակցություն, եւ դուք կունենաք այն», – գրել է Մասկը: «Այսօր ստեղծվում է Ամերիկյան կուսակցությունը՝ ձեզ ազատություն վերադարձնելու համար»:
Ծախսային օրինագծի շուրջ տարաձայնությունները հանգեցրել են Թրամփի եւ Մասկի միջեւ հարաբերությունների վատթարացմանը: Նախկինում Մասկը միլիոնավոր դոլարներ էր ծախսել Թրամփի վերընտրության քարոզարշավի համար, իսկ նախագահն էլ նրան նշանակել էր Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար:
«Երրորդ կուսակցություն ստեղծելը ծիծաղելի է: Մենք մեծ հաջողություններ ունենք Հանրապետական կուսակցության հետ: Դեմոկրատները կորցրել են իրենց ուղին, բայց միշտ էլ եղել է երկկուսակցական համակարգ: Երրորդ կուսակցության ստեղծումը միայն շփոթություն կառաջացնի», – ասել է Թրամփը:
Նախագահը քննադատել է նաեւ Մասկի «Էլեկտրական մեքենաների մանդատի» նախաձեռնությունը, նշելով, որ այն «կստիպեր բոլորին կարճ ժամանակահատվածում էլեկտրական մեքենա գնել»: Հուլիսի 4-ին ստորագրված հարկային եւ ծախսային կրճատումների մասին օրենքը վերացրել է էլեկտրական մեքենաների գնորդների համար հարկային արտոնությունները:
Մասկի որոշումը քննադատության է արժանացել նաեւ Թրամփի դաշնակիցների կողմից: Invest Azoria ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Ջեյմս Ֆիշբեքը հայտարարել է, որ հետաձգում է Azoria Tesla Convexity ETF-ի առաջնային հանրային տեղաբաշխումը՝ ի պատասխան Մասկի նոր կուսակցության ստեղծման: Նա կոչ է արել Tesla-ի տնօրենների խորհրդին սահմանափակել Մասկի գործողությունները:
«Սա հակասում է Tesla-ի գործադիր տնօրենի նրա հիմնական պարտականություններին: Դա շեղում է նրա ուշադրությունն ու էներգիան Tesla-ի աշխատակիցներից եւ բաժնետերերից», – գրել է Ֆիշբեքը X-ում:
Անի Վարդանյան





























