Ի տարբերություն Տավուշի թեմի առաջնորդի պարտականությունները սառեցրած Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանության եւ մնացյալ բոլոր հարցերով զբաղվում է անձամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն:
Շիրակի թեմում շատ բան չգիտեն Սրբազանին առաջադրված մեղադրանքի, նրա պաշտպանության հարցերի վերաբերյալ. ոմանք որոշակի անհամաձայնություններ ունեն այդ առիթով: Բայց տեղեկացանք, որ Մայր Աթոռն է կոորդինացնում բոլոր գործողությունները:
Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանը մեղադրվում է ահաբեկչություն կազմակերպելու համար, իսկ Միքայել Սրբազանը՝ հեղաշրջման կոչ հնչեցնելու մեղադրանքով:
«Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեղեկացրել է, որ սրբազան հայրերը գտնվում են «Երեւան կենտրոն» քրեակատարողական հիմնարկում՝ նույն խցում:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մինչեւ հեղափոխական առաջամարտիկ դառնալը հասարակ փորձագետ էր: Նա հասարակական-քաղաքական գործունեությանը զուգահեռ աշխատել է մի քանի տեղական թերթերում՝ որպես Մերձավոր Արեւելքի՝ մասնավորապես Թուրքիայի հարցերով փորձագետ, եղել է նաեւ «Քաղաքացիական կրթության եւ երիտասարդության զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահը։ Մինչեւ 2018 թվականը նա առանձնապես չի փայլել քաղաքական ոլորտում իր ակտիվությամբ, սակայն 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո գրեթե մեկ տարի՝ մինչեւ 2019 թվականը, եղել է ՀՀ Սփյուռքի նախարար։ 2019-2021 թվականներին եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր «Իմ Քայլը» խորհրդարանական խմբակցության կազմում։ 2021-2023 թվականներին հանդիսացել է «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրենը: 2023 թվականի դեկտեմբերի 29-ից ստանձնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը։ Ինչպես շատ-շատ ՔՊ-ականներ, Հայրապետյանը եւս քայլելով եկավ Երեւան եւ դարձավ անշարժ գույքի, բնակարանի սեփականատեր։ Նախարարը 2021 թվականին մայրաքաղաք Երեւանում գնել է բնակարան բազմաբնակարան շենքում։ 2023 թվականին ձեռք է բերել ավտոկայանատեղի Երեւանում եւ հողամաս՝ Աշտարակ համայնքում։ Նախարարն ավտոկայանատեղի գնելու համար վճարել է 4,8 մլն դրամ, սակայն տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։ Նրա բանկային հաշիվների մնացորդը կազմել է 8 մլն 568 հազար դրամ եւ 15 հազար 915 ԱՄՆ դոլար։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 4 մլն 910 հազար դրամ եւ 8 հազար 700 եվրո։
Երեկ ՀՀ Ազգային ժողովը վերջնականապես ընդունեց օրինագիծն այն մասին, որ քաղաքացիները, ովքեր կբոյկոտեն հանրային տրանսպորտի սակագնի վերաբերյալ եւ չեն վճարի, կտուգանվեն: Կտուգանվեն նաեւ այն քաղաքացիները, որոնք կօգտագործեն այլ անձի համար նախատեսված, արտոնյալ պայմաններով տրված քարտերը, օրինակ՝ տատիկ-պապիկների, հաշմանդամություն ունեցող անձանց եւ այլոց: Կարճ ասած՝ 150 դրամ դարձնելուց հետո տուգանքի միջոցով փորձ է արվում տրանսպորտային մուտքերը ավելացնել՝ մոտեցնելով 100%-ի: Մեզ փոխանցում են, որ վերահսկողությունը շատ խիստ է լինելու:
Այսօր՝ հուլիսի 4-ին, ի պաշտպանություն գործարար Սամվել Կարապետյանի քայլերթ է լինելու դեպի ՀՀ ազգային անվտանգության ծառայության շենքի տարածք: «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է օպերատիվ աշխատանք իրականացնել ու յուրաքանչյուր քայլ վերահսկելի դարձնել: Մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունները մտահոգված են, որ քայլերթին կարող են շատ մարդիկ մասնակցել, ու գուցե լինեն գործողություններ, որոնք կարող են վերահսկողությունից դուրս գալ: Իսկ այդ ամենի պատասխանատվությունը հայրենի իրավապահ համակարգի ուսերին է դրված: Պետք է ամեն բան անեն, որպեսզի քայլերթից հետո իրավիճակը վերահսկողությունից դուրս չգա: Օպերատիվ տվյալներ են ստացվել, որ շատ մարդիկ են հավաքվելու, ինչի առիթով անհանգստությունը մեծացել է: Փաշինյանը հասկանում է, որ գործարար-բարերարին աջակցողները շատ են, ուստի թիմակիցներին, ուժայիններին N1 հրահանգ է տվել՝ զգոն լինելու, առավոտյան էլ կարգադրել է գլխավոր դատախազին գնալ ԱԺ եւ կալանքի միջնորդությամբ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանին «փակել ճաղերի հետեւում»:



















































































