ArmLur.am-ը արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հետ զրուցել է Վեհափառ Հայրապետի հրաժարականի, եկեղեցու դեմ տարվող արշավի, ինչպես նաեւ ՀԷՑ-ի պետականացման նախագծի վերաբերյալ։
-Տիկի՛ն Գալյան, այստեղ՝ Կառավարության շենքի մոտ, հավաքվել են անհետ կորած զինծառայողների ծնողները, հարազատները։ Ի՞նչ ունեք նրանց ասելու։
-Ես ամեն ինչ իրենց ասել եմ տետ-ա-տետ, եւ ոչ մեկ անգամ։ Մենք ունեցել ենք բազմաթիվ հանդիպումներ, ծնողներն էլ կհաստատեն դա։
-Տիկի՛ն նախարար, այսօր սրբազան հայրերը՝ Միքայել Աջապահյանը եւ Բագրատ Գալստանյանը, կալանավորված են։ Այս առնչությամբ ի՞նչ մեկնաբանություն կտաք, եւ ըստ Ձեզ՝ ի՞նչ է սպասվում նրանց երկու ամիս հետո։
-Այո, նրանք կալանավորված են, եւ ընթանում է նախաքննություն։ Երկու ամիս հետո, նախաքննության տվյալների հիման վրա, պարզ կդառնա, թե ինչ կլինի ապագայում։
-Դուք եւս պահանջում եք, որպեսզի կաթողիկոսը հրաժարակա՞ն ներկայացնի։
-Կարծում եմ՝ քաղաքական թիմի ճշմարիտ ցանկությունն արտահայտվում է վարչապետի բարձրաձայնած թեզերով։
-Տիկի՛ն Գալյան, Ձեզ համար Հայ Առաքելական եկեղեցին «չուլանացվա՞ծ» է։ Համակարծի՞ք եք վարչապետի հնչեցրած ձեւակերպմանը։
-Ինձ եւ մեզ՝ բոլորիս համար, եկեղեցին բարձրագույն արժեք է, եւ մեր ցանկությունն է, որ եկեղեցին լինի իրապես եկեղեցու նման։ Ես համոզված եմ՝ այն խնդիրները, որոնք կան եկեղեցում, ճիշտ է, որ բարձրաձայնվեն եւ խոսվի դրանց մասին։
-Ձեր դիտարկմամբ՝ ի՞նչ է սպասվում բարերար Սամվել Կարապետյանին։
-Եթե որեւէ բան չփոխվի, ապա սպասվում է այն, որ նա պետք է շարունակի կրել խափանման միջոցը, մինչեւ նախաքննության տվյալների հիման վրա նոր բացահայտումներ արվեն եւ որոշում կայացվի։
-ՀԷՑ-ի պետականացումը Ձեզ համար օրինակա՞ն գործընթաց է։ Այդտեղ մարդու իրավունքների խախտում չե՞ք նկատում։ Եվ ինչո՞ւ իշխանությունները հենց հիմա հիշեցին, որ պետք է ՀԷՑ-ը պետականացվի։
-Այդ մասին իրականում նոր չէ, որ խոսվել է։ ՀԷՑ-ի ազգայնացման մասին բարձրաձայնել են այն բանից հետո, երբ արձանագրվել են մի շարք խախտումներ, որոնք դարձել են քննարկման առարկա նաեւ Ազգային ժողովում։ Եթե ժամանակագրորեն նայենք՝ այդ քննարկումները վաղուց էին ընթանում։ Եթե չեմ սխալվում, վերջերս վարչապետն իր հրահանգներից մեկը հրապարակեց գրավոր կարգով, որը տրվել էր Սամվել Կարապետյանի հայտարարություններից առաջ։ Այսինքն՝ ժամանակագրական առումով կապեր տեսնելը եւ մեկնաբանություններ անելը այս դեպքում այնքան էլ իրականությանը չեն համապատասխանում։
Հիշեցնենք, որ հայ առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությունների ֆոնին բարերար, ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի նկատմամբ իշխանությունները իրավապահ համակարգի միջոցով գործողություններ սկսեցին։ Դրանցից հետո վարչապետը հայտարարեց, որ հասունացել է գործարարին պատկանող ընկերությունն ազգայնացնելու պահը, եւ որ պետականացման պլանը պատրաստ է։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հուլիսի 1-ին խորհրդարան էր ներկայացրել ՀԷՑ-ին առնչվող օրինագիծ, որը ընդդիմադիր պատգամավորները որակեցին որպես «Տաշիր» ընկերությունների կալանավորված նախագահ Սամվել Կարապետյանին պատկանող ընկերությունը «խլելու» փորձ։
Այդուհանդերձ, հուլիսի 3-ին Ազգային ժողովը 5 կողմ, 27 դեմ ձայներով երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի էլեկտրական ցանցերը» (ՀԷՑ) պետականացնելուն միտված օրինագիծը։
Զրուցեց ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆԸ

















































































