Armlur.am-ը հերթական բաց նամակն է ստացել Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի աշխատակազմից:
Ներկայացնում ենք այն իրավիճակը, որն այժմ առկա է համալսարանում:
««Այստեղ են ասել՝ իջիր ջրի հատակը, մինչեւ կանցնի վտանգը»:
Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանը դարձյալ «երեկոյան թողարկման» նյութ է։ Եթե հավատանք տարածված խոսքին՝ բուհը վերածվել է փակ համակարգի, որտեղ «իրենով արված» որոշումները շատ ավելի ազդեցիկ են, քան օրենքով կամ կանոնակարգով հաստատվածները։
Համալսարանում վտանգն արդեն սովորական օդի պես մի բան է։ Ամեն ինչ այնքան խառն է, որ մարդիկ միմյանց հարցնում են՝ «դեռ մթնոլորտ կա՞, թե՞ արդեն քաղաքական ռեժիմ»։ Մինչ համալսարանի ներսում ստուգումներ են իրականացվում՝ լուռումունջ, առանց բացատրությունների, որոշ բարձրաստիճան դեմքեր սահուն կերպով իջնում են «ջրի հատակը», այսինքն՝ մեկնում են արձակուրդ, որպեսզի հանկարծ չհայտնվեն հարցերի կիզակետում։
Այս անգամ էլ, ինչպես հաճախ, առաջամարտիկը Դոնարա Ղազարյանն է։ Արձակուրդը երկարաձգված է, ոչ ոք չգիտի՝ ինչու, ոչ ոք չի ասում՝ մինչեւ երբ։ Բայց փոխարենը, բոլորը գիտեն, որ հենց այդ օրերին համալսարանում ստուգումներ են ընթանում։ Սովորական համընկնո՞ւմ է… Դժվար է հավատալ։
Ավելին՝ Դոնարան ոչ միայն հանգստանում է, այլեւ հերթական անգամ մեկնել է Ֆրանսիա՝ «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում։ Բայց ո՛չ որպես մասնակից համապետական մրցույթի, ո՛չ էլ բաց ու թափանցիկ հայտադիմումների արդյունքում։ Ո՛չ։ Այսպես կոչված «Էրազմուսներն» այնպիսին են, որ «Ղազարյանի ու Գյուրջինյանի սրտով» են։ Այսինքն՝ միայն ընտրյալների համար, իրենց նախընտրածների համար, հաճախ՝ նաեւ սեփական ընտանիքի։
Հաճախ համալսարանի կայքում կտեսնես, որ հայտարարվել է մասնակցություն Ֆրանսիա մեկնող ծրագրին։ Բայց կտեսնես հայտարարություն միայն ուսանողների համար, իսկ աշխատակազմի համար՝ ոչ մի հավասար մրցակցային հնարավորություն։ Բոլորը գիտեն՝ գնալու է նա, ում անունը արդեն գրված է «վերնագրում»։ Իսկ մնացածը թող շարունակեն խնամքով դասավանդել, վճարել հարկերը, սպասել հրաշքների։
Այսօր «Բրյուսով»-ում «միջազգային փորձի փոխանակում» հասկացությունը վերածվել է ընտրյալների անձնական տուրիստական նախագծի։ Իսկ բոլոր նրանք, ովքեր փորձում են բարձրաձայնել այս անարդարությունների մասին, կա՛մ լքում են բուհը, կա՛մ դառնում են վախեցած լռության մասնակից։
Այնպես որ, եթե հարցնեք՝ ո՞ւր է Դոնարան, պատասխանն է՝ Ֆրանսիայում է։ Իսկ ինչու՞… Որովհետեւ այդ «Էրազմուսը» հենց իր սրտով է։
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ























