«Կապան ֆեստ»-ը կրկին համախմբում է համաշխարհային երաժշտության ճանաչված դեմքերին:
Սյունիքի մարզում իրականացվող ամենահետաքրքիր միջոցառումներից մեկը՝ «Կապան ֆեստ» միջազգային երաժշտական փառատոնը, երրորդ անգամ իր շուրջ է համախմբում Հայաստանում եւ աշխարհում մեծ ճանաչում վայելող հայ եւ օտարազգի երաժիշտների։
Հուլիսի 4-15-ն անցկացվող փառատոնին սպասվում են համերգային յուրահատուկ ծրագրեր, վարպետության դասեր, հյուրերի հետ հանդիպումներ եւ հետաքրքիր քննարկումներ։ Փառատոնի մեկնարկից ի վեր «Կապան ֆեստ»-ի մշտական հյուրը դաշնակահար Աննա Սարկիսովան է՝ ԱՄՆ-ից։ Նա խոստովանում է՝ իրեն մշտապես Կապան են վերադարձնում փառատոնի ջերմ մթնոլորտն ու հանդիսատեսի անկեղծ հետաքրքրվածությունը բարձր արվեստով։
«Բոլոր երաժիշտներն անհամբերությամբ են սպասում հուլիսին՝ Կապան այցելելու համար, քանի որ պրոֆեսիոնալների ջանքերով փառատոնը կազմակերպվում է բարձր մակարդակով։ Ե՛վ պրոֆեսորների, ե՛ւ մասնակից երաժիշտների համար արվում է ամեն ինչ՝ հիանալի մթնոլորտ ապահովելու համար։ Աշխարհում բազմաթիվ երաժշտական փառատոներ են անցկացվում, որոնցից շատերին մասնակցել եմ։ Երբ համեմատում եմ, վստահ կարող եմ ասել, որ «Կապան ֆեստ»-ը չի զիջում այդ փառատոներին։ Դրան նպաստեց նաեւ Steinway D վերջին սերնդի դաշնամուրի ձեռքբերումը, որը, Բելգիայից անցնելով ամբողջ Եվրոպայով, հասավ Հայաստան։ Հիմա մենք փորձում ենք ձեռք բերել եւս մեկ գործիք՝ համերգներն էլ ավելի հագեցած դարձնելու համար»,- նշում է երաժիշտը։
Նա հավելում է՝ կազմակերպիչները մեծ ջանք են գործադրում, որպեսզի թե՛ հյուրերը, թե՛ հանդիսատեսը իրենց հարմար ու լավ զգան, ինչն էլ «Կապան ֆեստ»-ը դարձնում է առավել գրավիչ եւ սպասված։ Մասնակիցները խոստովանում են՝ չեն էլ նկատում, թե ինչպես է անցնում ժամանակը փառատոնի ընթացքում։ Կապանի արվեստի պետական քոլեջի Վ. Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում կազմակերպվող համերգները մարդաշատ են։ Այս տարի «Կապան ֆեստ»-ին մասնակցելու են երաժիշտներ Ֆրանսիայից, Գերմանիայից, Բելգիայից, ԱՄՆ-ից, Սլովակիայից, Ռուսաստանից, Դանիայից, Պորտուգալիայից եւ այլ երկրներից։ Ամենասպասված հյուրը աշխարհահռչակ դաշնակահար, «Գրեմմի»-ի դափնեկիր Մարթա Արգերիխն է։ Նա Կապանում ելույթ կունենա երեք համերգով՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ։ Մարթա Արգերիխը նախկինում երբեք չի եղել Հայաստանում։ Նրա մասնակցությունն էապես բարձրացնելու է «Կապան ֆեստ»-ի հեղինակությունը եւ հետագայում կհեշտացնի նաեւ մեծահամբավ այլ արտիստների ներգրավման գործընթացը։
Անդրադառնալով փառատոնի շրջանակում կազմակերպվող վարպետության դասերին՝ Աննա Սարկիսովան նշում է, որ դրանց մասնակցելու են երիտասարդ կատարողներ, այդ թվում՝ Կոմիտասի անվան Երեւանի պետական կոնսերվատորիայի ուսանողներ։ Փառատոնը բազմաթիվ դիմումներ է ստացել, որոնցից ընտրվել է ավելի քան 50 երիտասարդ։ Վարպետության դասերին մասնակցում են նաեւ Կապանի քոլեջում աշխատող մանկավարժներ՝ իրենց աշակերտների հետ միասին։
ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ

















































































