ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը Սպիտակ տանը իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է բանակցություններ անցկացնել Իրանի հետ։
«Մենք նախատեսել ենք բանակցություններ Իրանի հետ, նրանք ցանկանում են խոսել», – նշել է Թրամփը՝ ավելացնելով, որ իրանական կողմը հանդիպման խնդրանք է ներկայացրել։ ԱՄՆ նախագահի Մերձավոր Արեւելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի խոսքերով՝ հանդիպումը տեղի կունենա «առաջիկա շաբաթվա ընթացքում»։
Թրամփը նշել է, որ Իրանն «այժմ շատ տարբեր է», քան երկու շաբաթ առաջ։ «Հուսով եմ՝ ամեն ինչավարտված է։ Կարծում եմ՝ Իրանը ցանկանում է հանդիպել։ Նրանք ցանկանում են խաղաղություն, եւ ես ամբողջովին կողմ եմ դրան», – հայտնել է նա։
Անդրադառնալով Սիրիային՝ նախագահը նշել է, որ ԱՄՆ-ն հանել է պատժամիջոցները՝ ի պատասխան Մերձավոր Արեւելքի մի շարք երկրների խնդրանքի։ «Մենք հանեցինք պատժամիջոցները, որովհետեւ ցանկանում ենք նրանց հնարավորություն տալ», – ասել է նա։
Թրամփը նաեւ ընդգծել է, որ կցանկանար «ճիշտ պահին» վերացնել Իրանի դեմ կիրառվող խիստ պատժամիջոցները։ «Ես շատ կցանկանայի ճիշտ պահին չեղարկել այդ պատժամիջոցները, տալ նրանց վերականգնման հնարավորություն, քանի որ ես կցանկանայի տեսնել, թե ինչպես է Իրանը խաղաղ կերպով վերակառուցվում՝ առանց «Մահ Ամերիկային», «Մահ ԱՄՆ-ին», «Մահ Իսրայելին» կարգախոսների, ինչպես անում էին նախկինում», – եզրափակել է ԱՄՆ նախագահը։
Հիշեցնենք, որ հունիսի 22-ին ԱՄՆ-ի B-2 ռմբակոծիչները 14 GBU-57 «բունկեր բաստեր» տիպի ռումբեր են նետել Իրանի Ֆորդո եւ Նաթանզ միջուկային օբյեկտների վրա, իսկ սուզանավերից արձակված «Տոմահոկ» թեւավոր հրթիռները թիրախավորել են Սպահանի միջուկային կայանը՝ որպես Իրանի միջուկային ծրագրի դեմ պայքարի մաս։
Հունիսի 15-ին նախատեսված ԱՄՆ-Իրան բանակցությունների վեցերորդ փուլը չկայացավ, քանի որ հունիսի 13-ին Իսրայելը հարվածներ հասցրեց Իրանի ռազմական, միջուկային եւ քաղաքացիական օբյեկտներին։ Իսրայելի եւ Իրանի միջեւ 12-օրյա հակամարտությունն ավարտվեց հունիսի 24-ին՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված զինադադարով։
Անի Վարդանայն























