Armenian text to speach

ԶԵՄՖԻՐԱՅԻ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՄԵՐԳԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Դեռ 2012 թվականին երգչուհի, երգահան Զեմֆիրա Ռամազանովան հայտնել էր, որ ցանկանում է ելույթ ունենալ Հայաստանում։

 

«Սակայն, ցավոք, այնտեղ համապատասխան ակումբ չկա»,- իր հայ երկրպագուներին ասել էր նա Թբիլիսիում կայացած համերգից հետո։

Եվ վերջապես տարիներ անց` 2025 թվականի հուլիսի 4-ին, Հայաստանը կարողացավ հյուրընկալել երգչուհուն։ «Հրազդան» մարզադաշտում հազարավոր երկրպագուներ մեծ ոգեւորությամբ ու հուզմունքով սպասում էին Զեմֆիրայի առաջին հայաստանյան համերգին։

Մինչ բուն համերգի մեկնարկը բեմ բարձրացավ հատուկ հյուրը՝ «Նեմրա» ռոք խումբը։ Խմբի մենակատար Վան Եղիազարյանն այս մասին նախապես գրել էր. «Սիրելիներ, ֆանտաստիկ նորություն ունենք։ Շաբաթներ առաջ ստացանք այս առաջարկը, ու չէի համբերում՝ երբ ենք ձեզ հետ կիսվելու։ 45 րոպե տեւողությամբ ծրագրով ելույթ կունենանք Զեմֆիրայի համերգից առաջ»։

Վանը պատմել է, որ առաջարկը եղել է Զեմֆիրայի պրոդյուսերի կողմից։ «Ասաց, որ բազմիցս լսել է մեր խմբի մասին եւ կուզենան, որ լինենք հատուկ հյուր։ Պատասխանեցի՝ ավելի քան համաձայն ենք։ Մեզ համար մեծ պատիվ է։ Ուզում եմ ընդգծել, որ առաջարկը ոչ թե «տաքացնող» կամ «բացող» խմբի ձեւաչափով էր, այլ հատուկ հյուրի՝ 45 րոպեանոց ծրագրով», – նշել էր երաժիշտը։

«Նեմրա»-ն կատարեց նոր ալբոմի երգերից, ինչպես նաեւ հին ստեղծագործություններ, այդ թվում՝ երկու հայերեն կատարում։

Ինքը՝ Զեմֆիրան, մինչ համերգը հայտնել էր. «Առաջին անգամ եմ Հայաստանում։ Մինչ գալս կարդացել էի ձեր երկրի մասին, այսպես ասած՝ նախապատրաստվել էի։ Օդանավակայանից արդեն հասկացա՝ այն, ինչ ասում էին ձեր մասին, ճիշտ է։ Շնորհակալ եմ, որ հրավիրեցիք»։

Համերգը հուզիչ ու զգացմունքային ընթացք ունեցավ։ Տեղում էին նաեւ բազմաթիվ ճանաչված դերասաններ, երաժիշտներ, բլոգերներ, որոնք հետո իրենց էջերում կիսվեցին ստացած տպավորություններով՝ խոսելով Զեմֆիրայի երաժշտության կարեւորության մասին։

Երգչուհին նկատեց շենքի պատշգամբներից իրեն դիտող մարդկանց, ժպտաց ու ասաց՝ «Նման բան դեռ չէի տեսել։ Առաջին անգամ չէ, որ մարզադաշտում ելույթ եմ ունենում, բայց նման տեսարան առաջին անգամ եմ տեսնում։ Շատ գեղեցիկ է։ Կներեք, եթե ինչ-որ բան ձեզ դուր չգա»։

Թերեւս համերգի ամենայուրահատուկ պահը պատանի երկրպագուի բեմ բարձրանալն էր։

ղՏփպՔՖ երգի ժամանակ Զեմֆիրայի երկրպագուներից 13-ամյա Գագիկը բարձրացավ բեմ եւ երգեց նրա հետ։ Տեսարանը տարածվեց համացանցում՝ հուզելով հազարավոր մարդկանց։

Հետագայում Գագիկը պատմում է. «Երբ հետնաբեմ գնացինք, ինքը ասաց՝ վերջ, հանգստացիր արդեն, երգել ենք, պարել ենք, էլ մի՛ լացիր։ Հիմա քեզ կուղեկցեն ծնողներիդ մոտ։ Ասացի՝ ծնողներիս հետ չեմ։ Նա շատ ջերմ էր։ Ես միշտ գիտեի, որ ինքը բարի է, բայց այդ պահին զգացի՝ ինչքան բաց ու հոգով մարդ է»։ Առավոտյան Գագիկն արդեն նկատել է՝ համերգային տեսարանը տարածվել է ողջ համացանցով։ «Պատկերացնում էի, որ կտարածվի, բայց ոչ այսքան։ Նույն գիշերն արդեն նկարներս ամենուր էին։ Բոլորը գրում էին՝ ապրի այս տղան։ Ինձ համար դա իսկապես համարձակ քայլ էր։ Շատ երկար ժամանակ համոզում էի ինձ։ Վերջում ասացի՝ եթե հիմա չանեմ, կյանքում չեմ ների ինձ»։

Զեմֆիրայի ելույթն ավարտվեց, բայց մարզադաշտից դուրս գալիս դեռ հնչում էին նրա երգերը՝ այս անգամ արդեն հանդիսատեսի ձայնով։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 




Լրահոս