Լուսանկարն արվել է Երեւանում
«Երեւանը սեր է» գրության վերեւում թողել են մեկ զույգ կոշիկ:
Նկարը, թերեւս, կարելի է թողնել առանց մեկնաբանության:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ինչ ժամկետում է կատարվում անվան փոխման պետական գրանցումը եւ ինչպիսի իրավական հետեւանքներ է առաջացնում:
Լուսինե Հայրապետյան (48 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ անվան փոխման պետական գրանցումը կատարվում է տասնհինգօրյա ժամկետում՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի: Անվան փոխման պետական գրանցումը հիմք է անունը փոխած անձի նկատմամբ նախկինում գրանցված քաղաքացիական կացության ակտերում օրենքով սահմանված կարգով համապատասխան փոփոխություններ կատարելու համար:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անվան փոխումը Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցում է ԱՆ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունը, իսկ օտարերկրյա պետության տարածքում կարող է գրանցել դիվանագիտական ծառայության մարմինը անվան փոխման մասին ակտային գրանցում կատարելու միջոցով:
ԿՐԹԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ինչպես է կատարվում ասպիրանտուրայի ընդունելությունը:
Գայանե Մխիթարյան (29 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ մրցութային կարգով ասպիրանտուրա են ընդունվում մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան, իսկ բժշկական մասնագիտություններով՝ բժշկի որակավորում, կլինիկական ուղղվածությամբ բժշկական մասնագիտությունների դեպքում՝ բժիշկ-մասնագետի որակավորում ունեցողները: Ասպիրանտուրա ընդունվելու համար անձի կամ նրա լիազորած անձի կողմից դիմումը տրվում է հաստատության ղեկավարի անունով՝ կցելով հետեւյալ փաստաթղթերը՝
1) բակալավրի եւ մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կամ օրդինատորի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ՝ նրանց կրթության համարժեքության մասին),
2) Օտար լեզու եւ Ինֆորմատիկա ու տեղեկատվահաղորդակցական հիմունքներ առարկաների ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ),
3) ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում,
4) ինքնակենսագրություն եւ երեք լուսանկար (3 x 4 չափսի),
5) քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում):
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի կարող են հավակնել այն անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն (դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում) եւ հանձնել են քննություն Հայաստանի գիտական աստիճանաշնորհման անվանացանկի համապատասխան մասնագիտությունից:























