Ռուսաստանի բիատլոնիստների միության նախագահ Միխայիլ Պրոխորովը հայտարարել է, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ միության գործադիր տնօրեն Սերգեյ Կուշչենկոն չեն առաջադրելու իրենց թեկնածությունները ընտրություններում:
«Մենք Սերգեյի հետ բիատլոն ենք եկել որպես միասնական թիմ, և այդ պատճառով էլ որոշել ենք միասին հեռանալ», – հայտարարել է Պրոխորովը այսօրվա ասուլիսում:
Բիատլոնիստների միության նախագահի ընտրությունները կկայանան մայիսի 20-ին: Պրոխորովը նախագահ էր ընտրվել 2008թ.-ին:
Հիշեցնենք, որ վերջերս կայացած Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերում ռուս բեատլոնիստները զգալի նվաճումներ են ունեցել: Միխայիլ Պրոխորովը հայտարարել է, որ իր աշխատանքի ընթացքում ռուսաստանյան բիատլոնի առջև դրված բոլոր խնդիրներն ի կատար են ածվել:
Հիշեցնենք, որ գործարար միլիարդեր Միխայիլ Պրոխորովը նաև ակտիվ քաղաքական գործիչ է, որը հանդես է գալիս ընդդիմադիր դիրքերից Ռուսաստանի ներկայիս իշխանությունների հանդեպ:
Նա հանդիսանում է «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության հիմնադիրը և նախագահը:
2012թ.-ի ընտրություններում Պրոխորովը եղել է Ռուսաստանի նախագահի թեկնածու և ստանալով ձայների 8%-ը՝ գրավել երրորդը տեղը: