Armenian text to speach

«Թրամփի միջնորդությամբ հնարավոր է խաղաղության համաձայնագիր Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ». Մարկո Ռուբիո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հուլիսի 8-ին Սպիտակ տանը տեղի ունեցած Կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ ներկայիս պայմաններում իրենք հույս ունեն խաղաղության համաձայնագիր կնքել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Ռուբիոն այս հայտարարությամբ հանդես է եկել՝ ընդգծելով նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքական նախաձեռնությունների հաջողությունները տարբեր տարածաշրջաններում։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն կարողացել է կանխել կամ դադարեցնել մի շարք հակամարտություններ, որոնք սպառնում էին վերաճել լայնածավալ պատերազմների։ «Մենք կանխեցինք եւ ավարտեցինք Հնդկաստանի ու Պակիստանի միջեւ պատերազմը։ Դա տպավորիչ էր։ Եվ սա տեղի ունեցավ Ձեր ղեկավարության ներքո, պարոն նախագահ», – ասել է Ռուբիոն՝ հանդես գալով Սպիտակ տանը տեղի ունեցած Կառավարության նիստի ժամանակ, որտեղ նստած էր Դոնալդ Թրամփի կողքին։

Այդ համատեքստում Ռուբիոն ընդգծել է, որ ԱՄՆ-ն այժմ ակտիվորեն ներգրավված է Կովկասում՝ նպաստելով Երեւանի եւ Բաքվի միջեւ բանակցություններին։

«Հուսով ենք՝ որ շուտով խաղաղության համաձայնագիր կլինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Սա եւս մի կարեւոր քայլ կլինի կայունության ապահովման ուղղությամբ։», — ասել է Ռուբիոն։

Նա նաեւ հավելել է, որ ԱՄՆ-ն այսօր միակ երկիրն է, որը կարող է իրական ազդեցություն ունենալ կողմերի վրա՝ օգտագործելով իր ազդեցությունը ոչ միայն դիվանագիտական, այլեւ տնտեսական հարթակներում։ Ռուբիոն վստահեցրել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է ստանձնել միջնորդի դեր՝ տարածաշրջանում երկարատեւ խաղաղություն հաստատելու նպատակով։

Պետքարտուղարը նշել է, որ Դոնալդ Թրամփի վերադարձը քաղաքական դաշտ մեծ փոփոխություններ է բերել, հատկապես արտաքին քաղաքականության մեջ։ Նրա խոսքով՝ Սիրիայի, Լիբանանի, ինչպես նաեւ Կոնգոյի ու Ռուանդայի հակամարտությունների կարգավորման գործում ունեցած արդյունքներն արդեն ցույց են տալիս հնարավոր հաջողությունը նաեւ Կովկասում։ Նա նշել է, որ խաղաղությունն այս տարածաշրջանում կարող է փոխել տարածաշրջանի ամբողջ անվտանգային համակարգը։

Թեեւ Ռուբիոն չի մանրամասնել ԱՄՆ-ի կոնկրետ գործողությունների կամ պլանների մասին, սակայն վերջին հայտարարությունները ակնարկում են Վաշինգտոնի ակտիվ ներգրավվածություն այս գործընթացում՝ հնարավոր է՝ որպես բանակցող կողմերի միջեւ վստահված միջնորդ։

Հիշեցնենք, որ երեկ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից առաջ, նախագահ Թրամփն իր հայտարարության մեջ եւս նշել էր, որ ԱՄՆ-ն կոշտ տնտեսական ճնշումներ է կիրառել Հնդկաստանի եւ Պակիստանի նկատմամբ՝ նախազգուշացնելով, որ գործարքներ չեն կնքվի, եթե կողմերը շարունակեն պատերազմական գործողությունները։ «Նրանք կանգնած էին միջուկային պատերազմի եզրին, եւ մենք այդ վտանգը կանխեցինք՝ դադարեցնելով առեւտուրը։ Ասացինք՝ չենք համագործակցի, եթե շարունակեք կռվել։ Եվ դա ստացվեց», – հավելել է Թրամփը։

Անի Վարդանյան 




Լրահոս