Armenian text to speach

Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահը Անգլիայում հանդիպել է Թենիսի միջազգային ֆեդերացիայի նախագահին․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանը և Գլխավոր քարտուղար Գևորգ Կարամանուկյանը հունիսի 2-7-ը պաշտոնական այցով Միացյալ Թագավորությունում էին։ ՈՒիմբլդոնի հռչակավոր մրցաշարի շրջանակներում ՀՀ Թենիսի ֆեդերացիայի նախագահը հանդիպեց Թենիսի միջազգային ֆեդերացիայի նախագահ, Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ Դեյվիդ Հայգերտի հետ։

Ճանաչողական և գործնական խոսակցության ընթացքում Միջազգային ֆեդերացիայի նախագահին ներկայացվեց Հայաստանում թենիսի վիճակը և զարգացման հեռանկարները։

Վարդան Զաքարյանը մանրամասն ներկայացրեց Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում կառուցված թենիսի 9 բաց և 4 փակ կորտերի, դրանց հիման վրա թենիսի ակադեմիա ստեղծելու գաղափարը։

Միջազգային ֆեդերացիայի նախագահը սիրով համաձայնեց 2026 թվականին այցելել Հայաստան, ինչպես նաև ֆինանսական աջակցություն ցուցաբերել Հայաստանի Թենիսի ֆեդերացիայի նմանօրինակ լավ նախաձեռնություններին։

Դեյվիդ Հայգերտիի հետ քննարկվեց նաև 2027 թվականի ITF-ի տարեկան ընդհանուր ժողովը Երևանում անցկացնելու, ինչպես նաև 2026 թվականի Դևիսի գավաթի Եվրոպայի IV-րդ գոտու մրցաշարը Հայաստանում կազմակերպելու հարցերը։

Քննարկվեցին նաև ITF-ի մասնագետների, մարզիչների, մրցավարների, փորձագետների այցերի կազմակերպման և այլ հարցեր։


Անգլիա կատարած այցի շրջանակներում Վարդան Զաքարյանը հանդիպեց նաև Թենիսի Եվրոպայի  ֆեդերացիայի նախագահ Հենրիկ Պեդերսենի հետ։ Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը քաջատեղյակ էր Հայաստանում թենիսի բնագավառում եղած լրջագույն փոփոխություններին և գալիք ծրագրերին։

Պ․ Պեդերսենը սիրով տեղեկացրեց, որ քննարկվում է 2027-2028 թթ․ Թենիսի Եվրոպայի տարեկան ընդհանուր ժողովի անցկացումը Երևանում․

«Դա մեծագույն պատիվ է ինչպես մեր Ֆեդերացիայի, այնպես էլ, համոզված եմ, իմ երկրի համար»,- ըդգծեց Վարդան Զաքարյանը՝ ավելացնելով, որ և՛ ինքը, և՛ Ֆեդերացիան ամեն ինչ կանեն այդ չափազանց կարևոր միջոցառումը լավագույնս կազմակերպելու համար։ Այցի վերջում Վարդան Զաքարյանը հանդիպեց թենիսի Անգլիայի Ֆեդերացիայի նախագահ Սենիդ Փրոքտերիի հետ։

Անմիջական մթնոլորտում կայացած հանդիպման ընթացքում նախագահները քննարկեցին իրենց երկրների միջև թենիսի զարգացման հնարավոր բոլոր ուղիների, ծրագրերի և աջակցությունների հարցերը։

Վարդան Զաքարյանը խորին շնորհակալությւն հայտնեց տիկին Փրոքտերիին՝ սիրով հրավիրելով վերջինիս այցելել Հայաստան։ Հրավերը ընդունվեց։

Հայաստանի ֆեդերացիայի նախագահը շուրջ մեկ տասնյակ այլ հանդիպումներ ունեցավ առանձին երկրների ներկայացուցիչների, թենիսի անվանի մասնագետների և անվանի մարզիկների հետ։




Լրահոս