Կորյուն Սերոբյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի պաշտոնին՝ ազատելով Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնից:
Նկատենք, որ Ապօրինի գույքի բռնագանձման գործով վարչության պետ նշանակվեց Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք պաշտոն ստացած, իսկ հետագայում կալանավորված գեներալ, ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանի քրեական գործով մեղադրող դատախազ Կարեն Սերոբյանը։ Նա պահանջել էր մեղավոր ճանաչել ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանին և գործով անցնող 12 ամբաստանյալներին, եւ Հակակոռուպցիոն դատարանը արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանին դատապարտեց 5 տարվա ազատազրկման։ Նա նաեւ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով մեղադրող դատախազն է, որի գործով քննությունը շարունակվում է Հակակոռուպցիոն դատարանում, ու հիմա էլ նոր պաշտոնի հավակնություն ունի:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր․
«Որակավորման հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի թափուր հաստիքին և վարչության պետի տեղակալի նոր ստեղծված հաստիքին նշանակում կատարելու նպատակով բաց մրցույթի երկու մասնակիցներին:
2025 թվականի մայիսի 14-ին տեղի է ունեցել ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի թափուր հաստիքին և վարչության պետի տեղակալի նոր ստեղծված հաստիքին նշանակում կատարելու նպատակով բաց մրցույթ:
Մրցույթի արդյունքներով` ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել բաց մրցույթի մասնակիցներ Կորյուն Վարդանի Սերոբյանին և Հռիփսիմե Խաչիկի Ասատրյանին:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2025 թվականի հունվարի 15-ից Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության պետի պաշտոնը թափուր է։ Գրեթե 4 ամիս Է, ինչ խնդրահարույց վարչությունը չունի պետ։ Ավելին՝ մինչ իրավաբանական ոլորտը քննարկում եւ վերլուծում է ՍԴ որոշումը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի վերաբերյալ, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը լռում է, թե ում է ցանկանում ներկայացված թեկնածուներից տեսնել պետի պաշտոնում։ Ինչն է կամ ով է խանգարում գլխավոր դատախազին որոշում կայացնել՝ դժվար է ասել, սակայն փաստ է մեկ բան. 4 ամիս վարչությունը գործում է առանց պետի։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, որ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի եւ վարչության պետի տեղակալի թեկնածությունների ցուցակում ընդգրկվելու բաց մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած անձանց անունները հայտնի են՝ Կորյուն Վարդանի Սերոբյան եւ Հռիփսիմե Խաչիկի Ասատրյան:
Ըստ դատախազության աղբյուրների՝ թեկնածուներից Սերոբյանը «ինքնագլուխ» չի առաջադրվել այս պաշտոնի համար՝ հաշվի առնելով դատախազական համակարգում առկա ներքին կուլտուրան: Կորյուն Սերոբյանը վարչության պետի տեղակալ է, նրան առաջարկել են առաջադրվել, եւ հաշվի առնելով որ ունի գլխավոր դատախազի աջակցությունը՝ հենց նա էլ կդառնա վարչության պետ»։
Քնար Մանուկյան



















































































