Սերժ Սարգսյանը շնորհավորել է ոստիկաններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ոստիկանության օրվա կապակցությամբ:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Ոստիկանության հարգելի՛ աշխատողներ եւ վետերաններ,

Շնորհավորում եմ ձեզ ոստիկանության օրվա կապակցությամբ: Հայաստանի Հանրապետության ժողովուրդը՝ ի դեմս ձեզ, ունի կայացած եւ ամուր պետական կառույց: Դուք արժանապատվորեն եւ լիարժեք իրականացնում եք ձեր առաքելությունը:

Գաղտնիք չէ, որ ոստիկանության աշխատանքը որեւէ երկրում եւ մանավանդ Հայաստանում միշտ գտնվում է հասարակության ուշադրության կիզակետում, եւ ոստիկանի վարքն ու դիմագիծը ուղղակիորեն կապվում են երկրի եւ պետության նկարագրի հետ: Այս առումով դուք լրացուցիչ պատասխանատվություն ունեք: Անհրաժեշտ է նշել, որ վերջին շրջանում մեր ոստիկանության աշխատանքում ակնհայտ է դրական տեղաշարժը: Սա արդյունք է բարեփոխումների մի տեւական շղթայի, որ հաջողությամբ իրականացվել է ոստիկանության համակարգում, բայց դա նաեւ արդյունք է հոգեբանական փոփոխության, որ տեղի է ունենում մեր հասարակության մեջ: Դրականորեն փոխվում է ոչ միայն հասարակության վերաբերմունքը ոստիկանի նկատմամբ, այլեւ ոստիկանի վերաբերմունքը հասարակության հանդեպ: Իհարկե, մենք դեռ հեռու ենք ցանկալի նշանակետից, բայց հուսադրող է, որ գնում ենք ճիշտ ճանապարհով եւ արձանագրում ձեռքբերումներ:

Հայաստանի քաղաքացին ձեզ է վստահել իր ունեցվածքի եւ հասարակական կարգի պաշտպանությունը: Դուք քայլ առ քայլ ձեր աշխատանքով ապացուցում եք, որ արժանի եք այդ վստահությանը: Ցավոք, դեռ կան այդ վստահությունը չարաշահողներ: Համոզված եմ, որ անողոք եք լինելու նման դրսեւորումների հանդեպ եւ բացառելու եք ոստիկանի ուսադիրների արատավորումը: Նման վճռական կեցվածքը ձեր շարքերում մենք արդեն տեսնում ենք:

Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ քաջառողջություն, հաջողություններ ձեր դժվարին ծառայության մեջ. միշտ քայլեք ժամանակի պահանջներին համաքայլ, եղեք արդիական թե՛ մասնագիտական պատրաստվածությամբ, թե՛ սկզբունքայնությամբ»:




Լրահոս