Armenian text to speach

ՔՊ-ն շաբաթ օրը հավաքվելու է Գորիսում. ինչ հարցեր են օրակարգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ ողջ վերնախավը` նախարարներ, պատգամավորներ, մարզպետներ ու ՔՊ ներկայացուցիչներ շաբաթ օրը լինելու են Գորիսում: Բանն այն է, որ այդ օրը կայանալու է ՔՊ քաղաքական ժողովը, որը վարելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, սյունեցի Արմեն Խաչատրյանը ՔՊ-ականներին Գորիսում ընդունելու ողջ պատասխանատվությունն իր վրա է վերցրել: Խաչատրյանն անձամբ է հյուրանոցներում ամրագրումներն արել, ինքն է դիմավորելու ՔՊ-ական պատգամավորներին:

Երեկ խորհրդարանում բոլորը Խաչատրյանին էին մոտենում, ճշտումներ անում Գորիս գնալու-վերադառնալու վերաբերյալ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջին հարցը լինելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների մասին, որի վերաբերյալ Փաշինյանը ներկայացնելու է մանրամասներ, թե ինչպես պետք է պատրաստվեն:

Քննարկվելու է նաեւ սեպտեմբերի 20-ին կայանալիք ՔՊ վարչության ընտրությունների հարցը,  ինչը եւս մեծամասշտաբ միջոցառում է լինելու, քանզի ընտրությանը շուրջ 1000 պատվիրակ է մասնակցելու: Այդ օրը ՔՊ-ականներն առաջադրված 42 անձից 20-ին պետք է ընտրեն որպես ՔՊ վարչության անդամներ:

Կարճ ասած՝ շաբաթ օրը Գորիսում թեժ քննարկումներ են սպասվում, որից հետո ՔՊ-ականները խնջույք են անելու, թուլանան եւ վայելեն դեռ միջանցք չունեցող Սյունիքը:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանության ներկայացուցիչներից շատերի համար անհասկանալի է, թե ինչ պլաններ ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վեհափառին վեհարանից հեռացնելու վերաբերյալ: Շատ ՔՊ-ականներ մեզ հետ զրույցում պատմեցին, որ Փաշինյանը քիչ մարդկանց է տեղեկացնում իր առաջիկա անելիքների մասին, ու, կարելի է ասել, ՔՊ-ականներից շատերը տեղեկությունն իմանում են նրա ֆեյսբուքյան գրառումներից, մամուլից:

Երեկ բոլորի համար անհասկանալի էր, թե ինչ է նկատի ունեցել Փաշինյանը՝ հայտարարելով. «Ես առաջնորդելու եմ այդ ազատազրկումը»:

Այսինքն՝ Փաշինյանը որոշել է վեհարան գնալ, այնտեղ գործողություններ սկսել, բայց իր թիմը տեղյակ չէ դրա մասին, առավել եւս նրանց համար անհասկանալի է, թե Փաշինյանն ինչպես է դա անելու:

Չնայած նրան, որ ՔՊ-ականները երեկ ավարտեցին ԱԺ արտահերթ նստաշրջանը, բայց բոլորն էլ հասկանում էին, որ արձակուրդն իրենց համար չի կարող սկսվել, քանի որ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում կոնկրետ պլաններ ունի իրագործելու: Նա պետք է հասնի Վեհափառի հրաժարականին, հասցնի կալանավորել էլի մարդկանց` ինչպես ԱԺ պատգամավորների, այնպես էլ Սամվել Կարապետյանի ընտանիքի ու մերձավորների շրջանից, ովքեր կրկնել են բարերարի միտքը թե՝ «Մեր ձեւով մասնակցելու ենք»: Նիկոլ Փաշինյանը «իր ձեւով» սկսել է ռեպրեսիաները:

 

 

 

 

Իշխան Սաղաթելյանը մեկնել է Մոսկվա

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը երկուշաբթի գիշերը մեկնել է Մոսկվա։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նա անխոչընդոտ հատել է սահմանը եւ հասել է ՌԴ մայրաքաղաք։ Լուրը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ անձամբ Իշխան Սաղաթելյանը՝ նշելով, որ շուտով կվերադառնա. «Աշխատանքային այցով, այո, Մոսկվայում եմ, բայց շուտով վերադառնալու եմ, անհոգ եղե՛ք», -փոխանցեց պատգամավորը:

Հիշեցնենք, որ Սաղաթելյանի մեկնումը տեղի է ունենում քաղաքական լարված փուլում. իշխանական շրջանակում բացահայտ խոսում են նրան կալանավորելու մտադրության մասին։ Ըստ մեր տեղեկությունների՝ իրավապահ համակարգը Սաղաթելյանին պատրաստվում է մեղադրել «Սրբազան շարժմանը» աջակցելու համար, իսկ վարչապետ Փաշինյանը ենթադրաբար SMS հաղորդագրությամբ արդեն հանձնարարել է մինչեւ ԱԺ ամառային արձակուրդների սկսվելը՝ հուլիսի 15-ից առաջ, նրան կալանավորել։

Բացի դրանից, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տվյալների համաձայն, ՀՅԴ գրասենյակներում եւս հանձնարարված է խուզարկություններ իրականացնել, եւ հնարավոր է՝ նոր դաշնակցականներ եւս կալանավորվեն։

Ինչ վերաբերում է պատգամավոր Գառնիկ Դանիելյանին, ապա Դատախազությունը քննարկում է նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցը, սակայն ՔՊ քաղաքական թեւում կալանքը քիչ հավանական են համարում։

 

 

 

 

Առաքիչը, որը այսօր վարչապետին առընթեր ՊՎԾ պետ է դարձել, 133 հազար դոլարանոց տուն է գնել

ՀՀ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, ինչպես շատ իշխանականներ, հեղափոխությունից հետո նոր տան տեր է դարձել։

«Ժողովուրդ» օրաթերթը հիշեցնում է, որ Ռոմանոս Պետրոսյանը մինչ 2018 թվականը՝ 2006-2007 թվականներին, աշխատել է «Հայր եւ որդի Երիցյաններ» ընկերությունում՝ որպես առաքիչ, իսկ դրանից հետո` 2009-2014 թվականներին աշխատել է «Օրանժ Արմենիա» ՓԲԸ գլխամասային վաճառքի գրասենյակում եւ այլ աշխատանքներ է արել:  2018թ. հունիսի 1-ին Պետրոսյանը նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզի մարզպետ։ 2020 թվականի հուլիսի 30-ին եղել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար, այնուհետեւ 2021 թվականի դեկտեմբերի 9-ին նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար:

Նկատենք, որ մինչեւ 2018 թվականը Ռոմանոս Պետրոսյանն ունեցել է 2001 թվականին ձեռք բերված բնակարան եւ 2014 թվականին ձեռք բերված հողամաս, որոնք գտնվում են Կոտայքի մարզում։ 2019 թվականին` հեղափոխությունից մեկ տարի անց, Երեւանի Արաբկիր վարչական շրջանում գնել է բնակարան 51 մլն 357 հազար դրամով՝ 133 հազար ԱՄՆ դոլարով: Իսկ արդեն 2023 թվականին Պետրոսյանը գնել է BMW մակնիշի մեքենա 8 մլն դրամ արժողությամբ. մեքենան 2017 թվականի արտադրության է։

ՊՎԾ պետի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 7 հազար եվրո եւ 7 մլն 420 հազար դրամ։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 1,8 մլն դրամ։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 21 մլն 995 հազար դրամ, որից 19 մլն 399 հազարն աշխատանքի վարձատրություն է ՀՀ Պետական վերահսկողական ծառայությունից, իսկ 2 մլն 596 հազարը ՊԵԿ-ից ստացված եկամուտն է՝ որպես եկամտահարկի վերադարձ։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը պաշտոնի ստանձնման կամ դադարեցման օրվա դրությամբ կազմել է 24 մլն 18 հազար դրամ, որը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, որի մարման համար էլ Պետրոսյանը ստացել է եկամտահարկի վերադարձ։ Վարկերի մարմանն ուղղվել է 2 մլն 596 հազար դրամ։

Ուշագրավն այն է, որ Ռոմանոս Պետրոսյանը «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի Կառավարման Խորհրդի նախագահն է, իսկ Ռոմանոս Պետրոսյանի կինը՝ Արմինե Պետրոսյանը, նույն ՊՈԱԿ-ում կազմակերպադաստիարակչական գծով փոխտնօրեն է աշխատում։

Շահերի բախում, իհարկե, Նիկոլ Փաշինյանը չի տեսնում: Ինչո՞ւ, որովհետեւ Ռոմանոս Պետրոսյանը քաղաքական ինքնուրույն մտածողությամբ երբեք աչքի չի ընկնում, անգամ իր հայրենի Կոտայքն է «փոխել»՝ այս տարվա մայիսին դառնալով «Տավուշ հայրենակցական միության» նախագահ: Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզից է:




Լրահոս