Armenian text to speach

«ՍԱ ԻՍԿԱՊԵՍ ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՌՈՐ Է». ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Armlur.am-ը գրել էր, որ հուլիսի 8-ից՝ վաղ առավոտյան՝ ժամը 08։00-ի սահմաններում, իրավապահները մտել են ՀԷՑ-ի գլխամասային բաժանմունք։

 

Ընկերության մամուլի պատասխանատուն մեզ հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ, թե ինչ է կատարվում, բայց իրավապահները առավոտից գրասենյակում են եւ թույլ չեն տալիս աշխատակիցներին մտնել աշխատանքի։

Հաջորդիվ հաղորդվեց, որ ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը եւս կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնեցին Քննչական կոմիտեից։

«Քննչական կոմիտեի՝ տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում եւ Երեւանի քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ»։

Նշենք, որ այս լարված իրավիճակին զուգահեռ, երբ ՀԷՑ-ից եւ «Տաշիր գրուպ»-ից մի շարք քաղաքացիների ձերբակալեցին եւ տեղափոխեցին Քննչական կոմիտե, փաստաբանները մեզ ահազանգում էին՝ նշելով, որ ժամը 09։30-ից իրենց թույլ չեն տալիս տեսակցել իրենց վստահորդների հետ, ներգրավվել նրանց մասնակցությամբ իրականացվող քննչական գործողություններին։ Այս կապակցությամբ ահազանգ է ստացվել անգամ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում:

Ստեղծված իրավիճակի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը գտնվում էր ՀԷՑ գլխամասային բաժանմունքի մոտ եւ զրուցել է ԱԺ պատգամավոր, իրավաբան Արամ Վարդեւանյանի հետ։

-Պարո՛ն Վարդեւանյան, ի՞նչ են փնտրում իրավապահները, ինչ-որ գործի շրջանակու՞մ է իրականացվում խուզարկությունը։

-Վաղ առավոտից ապօրինի խուզարկությունների հսկայական շքերթ է սկսվել։ Կարծես թե «խուզարկություն» բառն այլեւս ոչ ոքի համար զարմանք չի առաջացնում, թեեւ իրավական իմաստով խուզարկությունը շատ ինտենսիվ միջամտություն է, որը պետք է լինի հստակ, պատճառաբանված եւ համաչափ։ Իսկ այս պարագայում գործ ունենք ապօրինի խուզարկությունների հետ, որոնք առնչվում են Կարապետյանների ընտանիքին, հատկապես Նարեկ Կարապետյանի վերաբերյալ են գործողություններ կատարվում։

Ուզում եմ հստակ ֆիքսենք, որ ընթացող այս գործողությունները օրենքի հետ որեւէ առնչություն չունեն։ Օրենքի սահմաններում իրականացվող խուզարկությունները պետք է լինեն բացառապես համաչափ, անհրաժեշտ եւ, իհարկե, իրավաչափ։ Այս պարագայում չափազանց դժվար է ասել, թե ինչ են փնտրում։

Տվյալ պահի դրությամբ միայն կարող եմ ասել, որ որ մեծ վտանգ ներկայայացնող երկու առարկա է առգրավվել խուզարկության շրջանակում։ Վստահ եմ՝ հանրային մեծ պահանջ կար դրա նկատմամբ. խոսքը երկու գլխարկի մասին է։  Ես իսկապես հասկանում եմ, որ դրա անհրաժեշտությունը կար, երեւի թե, երբ, դիցուք,  դատական վերահսկողության շրջանակում,  որոշվել էր,  որ պետք է խուզարկություն  կատարվի, որոնում էին այդ առարկաները, այն է՝ գլխարկները։ Եվ դրանք իսկապես առգրավվել են։

-Պարո՛ն Վարդեւանյան, հանրահավաքը կապ ունի՞ դրանց առգրավման հետ։

-Ենթադրում եմ՝ գուցե, այո։ Երեւի թե հանրահավաքի ամենավտանգավոր գործիքներից մեկը գլխարկն է՝ ըստ իշխանությունների։ Կնշեմ միայն, որ այն եզրույթը, որը հուլիսի 4-ին հնչեցվեց, ճշմարիտ էր.  սա իսկապես բնորոշ է իրավական տեռորին։ Մի կարեւոր հանգամանք եւս. խուզարկությունն իրականացվում է ՀԷՑ-ի գլխամասային բաժանմունքում։ Ես խոսել եմ այսօր ֆինանսական բլոկի պատասխանատուի հետ, ում աշխատանքը կաթվածահար է եղել։ Սրանով ի՞նչ հավելյալ արժեք ենք ստանում, երբ էլեկտրաէներգիայի ապահովման հիմնական կառույցի ֆինանսական բլոկը կաթվածահար վիճակում է։

-Պարո՛ն Վարդեւանյան, փաստորեն, իրավիճակն այնպիսին է, որ անհնար է բնորոշել՝ սա ՀԷՑ ընկերությա՞ն վերաբերյալ իրականացվող հետախուզություն է, թե՞ անձամբ Նարեկ Կարապետյանի։

-Հենց դրանում է ընդգծվում այդ գործընթացի՝ օրինականության հետ բնավ առնչություն չունենալը, որովհետեւ տպավորություն է, որ պարզապես վաղ առավոտից պետք է ինտենսիվ դատավարական միջամտություններ անեին խուզարկության ձեւով։

Մենք ստիպված ենք արձանագրել, որ սա ոչ թե իրավական, այլ քաղաքական հետախուզություն է։

ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ

 




Լրահոս