Քննչական կոմիտեն երեկ՝ վաղ առավոտյան, լայնածավալ խուզարկություններ է իրականացրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր գրասենյակում եւ ընկերության խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը:
Ձերբակալվել է ընկերության խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը եւ շուրջ 15 այլ պաշտոնյաներ: Ձերբակալվածների թվում է նաեւ ընկերության Մուսալեռի մասնաճյուղի գլխավոր ինժեներ Արա Ավագյանը, ով տեղափոխվել էր Զեյթունի քննչական բաժին, այս մասին հայտնել էր փաստաբան Տիգրան Հայրապետյանը:
ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանի խոսքով՝ հունիսի 8-ին՝ վաղ առավոտյան, ներկայացվել են դատարանի որոշումները, եւ ընթացել են քննչական գործողություններ:
Փաստաբանները բողոքարկել են, որ երեկ առավոտյան՝ ժամը 09:30-ից, իրենց արգելվել է տեսակցել վստահորդների հետ եւ մասնակցել քննչական գործողություններին: Այս կապակցությամբ ահազանգ է ստացվել նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում:
Հիշեցնենք, որ երեկ՝ վաղ առավոտյան, ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն՝ մի շարք ընկերությունների գործունեությունը փաստացի ղեկավարած անձինք կատարել են առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում, հափշտակություն եւ խուսափել են հարկեր վճարելուց: ՔԿ հաղորդագրության համաձայն՝ քրեական գործը հարուցվել է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, հափշտակության եւ հարկերից խուսափելու փաստերով: Ընդհանուր առմամբ խուզարկություններ են անցկացվել 51 հասցեներում: Քրեական վարույթի շրջանակներում 11 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, որոնցից 5-ի նկատմամբ ընտրվել է կալանավորումը որպես խափանման միջոց, իսկ 4-ը հայտարարվել են հետախուզման մեջ:
«ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում է մի շարք ընկերությունների գործունեությունը փաստացի ղեկավարած անձանց կողմից, կեղծ հիմքեր ստեղծելու արդյունքում, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ինչպես նաեւ առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 11 անձի նկատմամբ կայացվել են հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումներ, որոնցից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, 1-ի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք, 1-ի նկատմամբ որոշում է կայացվել ձերբակալելու մասին՝ դատարան ներկայացնելու նպատակով, 4 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Քրեական վարույթի շրջանակներում կազմավորված քննչական խումբը քննությանը հետաքրքրություն ներկայացնող ընդհանուր թվով 51 հասցեներում իրականացնում է միաժամանակյա խուզարկություններ:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ























