Կարճ ժամանակում հիթ դարձած «Էթնո Colors» (Ethno Colors) խմբի՝ «Քիսմեթ» համշենահայերեն երգը ջնջվել եւ անհետացել է գրեթե բոլոր երաժշտական հարթակներից։
Օրերս «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ «Քիսմեթ» երգն այլեւս հասանելի չէ ո՛չ YouTube-ում, ո՛չ Apple Music-ում, ո՛չ որեւէ այլ հարթակում։
Պարզեցինք, որ շատ կարճ ժամանակում միլիոնավոր դիտումներ հավաքած երգը թուրք երաժշտի միջնորդությամբ եւ բողոքարկմամբ ջնջվել է բոլոր հարթակներից։ Երգը պահպանվել է TikTok-ում, որտեղ 300 հազարից ավելի դիտում ունի, սակայն, ինչպես ArmLur.am-ի հետ զրույցում ասաց խմբի ղեկավար եւ երաժիշտ Արթուր Հարությունյանը, այժմ ելքեր են փնտրում երգը գոնե TikTok հարթակում պահելու համար, եւ նամակներ են գրում տարբեր հավելվածների սեփականատերերին։
«Ես լսել եմ այդ երգը YouTube-ում, այն երգել են տարբեր մարդիկ, բայց ինչ-որ տեղ գրված է՝ «հեղինակ՝ համշենահայ Ջեմիլ Այդեմիր»։ Մենք փորձել ենք մեր տարբերակով անել, որի ո՛չ երաժշտությունը, ո՛չ հարմոնիան նման չեն այդ երգին, պարզապես ինչ-որ հատվածում երգի բառերն են միայն համընկնում։ Այդ մարդն էլ էր տեսել, կիսվել էր նաեւ իր էջում, բայց մոտ ժամանակներս, երբ տեսավ՝ մեկ ամսվա մեջ 4 միլիոն դիտում ունի հոլովակը, եւ ամեն օր 100.000-ավոր դիտումներ էլ ավելանում են, փորձեց կապի դուրս գալ մեզ հետ, բայց քանի որ նա հայերեն չգիտի, մենք արագ չկարողացանք արձագանքել նրան: Ջեմիլ Այդեմիրը, մտածելով, որ մենք այնքան մեծամիտ ենք, որ չենք պատասխանում իրեն, մեզնից մեծ գումար պահանջեց՝ հիմնավորելով, իբրեւ մենք իրենից չենք հարցրել երգը մշակելու վերաբերյալ, եւ ինքնակամ թողարկել ենք տեսահոլովակ», – ArmLur.am-ի հետ զրույցում պատմեց խմբի ղեկավար եւ երաժիշտ Արթուր Հարությունյանը։
Պարզվում է, երբ երգն ունեցել է դինամիկ հաջողություն, թուրքերի շրջանում, ինչպես Հարությունյանն է ասում, նախանձ է առաջացել։ Հարությունյանը գումարի պահանջին պատասխանել է, որ առանց հիմքի գումար փոխանցելու իրավունք չունեն ու առաջարկել են ամեն ինչ օրինական դաշտում անել, գրանցել, ապա YouTube-ից ստացված գումարն ամբողջությամբ փոխանցել նրան։ Սակայն Ջեմիլ Այդեմիրը չի համաձայնել այդ առաջարկին։
«Մենք նրան ասացինք, որ «Յութուբի» մեր ալիքում անգամ միացված չէ «մոնետիզացիա»-ն, եւ գումար էլ չենք աշխատում, դեռ նոր ենք մեր կարգավորումները սկսել ու կարող ենք օգնել իրեն այնպես անել, որ այդ գումարը ամբողջովին իրեն փոխանցվի՝ որպես հեղինակի: Վերջերս իմացանք, որ նա երգը պաշտոնապես գրանցել է թուրքական կայքում, եւ նույնիսկ նշել է, որ գործիքավորումն էլ է ինքը հեղինակել, իսկ մեզ արգելափակել է»,- ասում է Արթուր Հարությունյանը։
«Էթնո Colors» (Ethno Colors) խումբը հիմա YouTube-ին նամակներ է գրում՝ փաստելու, որ գործիքավորումն իրենցն է, ոչ թե թուրք երաժշտինը։ Փորձում են անել այնպես, որ YouTube-ում Հայաստանի եւ 79 այլ երկրների համար երգը հասանելի դառնա։
«Ես կարծում եմ՝ այս քայլերը նա արել է ուղղակի նախանձից դրդված, եւ այդ պատճառով էլ փորձեց արգելափակել մեզ: Դրանից բացի՝ Այդեմիրը մեզ նաեւ շանտաժի էր ենթարկում՝ պահանջելով 2000 ԱՄՆ դոլար մեկ տարվա համար: Ջեմիլ Այդեմիրը Meta-ին ներկայացրել է, որ ե՛ւ գործիքավորման ե՛ւ բառերի հեղինակը ինքն է, սակայն դա այդպես չէ»,- վրդովված պատմում է Հարությունյանը։
Նշենք, որ «Քիսմեթ» համշենահայերեն երգը «Էթնո Colors» (Ethno Colors) խմբի կատարմամբ թողարկվել էր դեկտեմբերի 4-ին եւ շատ կարճ ժամանակում 4-5 մլն դիտում էր հավաքել. սակայն երգն այժմ գրեթե որեւէ հարթակում հասանելի չէ։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ























