Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նիստն ընդհատվեց ծեծկռտուքով: Իշխանական ու ընդդիմադիր պատգամավորները լեզվակռվից անցան բռունցքների: Անվտանգության աշխատակիցներին էլ չէր հաջողվում նրանց բաժանել: Պատգամավորական խմբերը տեղ-տեղ բռնկվում էին, հայհոյում, սպառնում ու հարվածում միմյանց:
ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը սեռական բնույթի հայհոյանքով սպառնում էր պոկել ընդդիմադիր պատգամավոր Արման Սարգսյանի վիզը, հայհոյանքը՝ տեղ հասավ, հարվածը՝ վրիպեց, ջրով շիշը ուղիղ իր թիմակցի՝ իշխանական պատգամավոր Կարեն Համբարձումյանի ճակատին տվեց:
Խորհրդարանում իրավիճակը լարվեց ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանը ելույթից հետո: Երկրորդ օրն է՝ Ազգային ժողովում քննարկում էին նրան մեղադրանք առաջադրելու ու կալանավորելու գլխավոր դատախազի միջնորդությունները:
Պատգամավորին մեղադրանքներ են վերագրվում Բագրատ սրբազանի գործով՝ ահաբեկչություն նախապատրաստելու և իշխանությունը յուրացնելու հոդվածներով:
«Արդեն ամեն ինչ որոշված է, ամեն ինչ հստակ է, կալանավորման որոշումն էլ կա, անձեռնմխեիությունն էլ կա, ես այս թանկ ժամանակը, որ պետք է անցկացնեմ այստեղ, ես որոշել եմ՝ կգնամ իմ անչափահաս չորս երեխաների, իմ տիկնոջ հետ կգնամ եկեղեցի մոմ կվառեմ ու կգնամ Քննչական», – հայտարարեց Արթուր Սարգսյանը:

























































































