Հուլիսի 8-ը դեռ երկար կհիշվի քաղաքական պատմության մեջ նրանով, որ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանին ոչ միայն կալանավորեցին, այլեւ իշխանությունը նրան դաժան ծեծով ճանապարհեց կալանավայր։
Իսկ ովքեր էին իշխող «Քաղպայմանագրի» ջարդարարները եւ ինչով են նրանք հանրությանը հայտնի:
Վեճը հրահրեց Վահե Ղալումյանը՝ Արթուր Սարգսյանի հետ կռվի բռնվելով դռների մոտ, իսկ Արեն Մկրտչյանն ու Արսեն Թորոսյանը Տիգրան Պարսիլյանի հետ Գեղամ Մանուկյանին սկսեցին հարվածներ հասցնել: Հետո միացավ «Ռեմբոյի» կերպարի մոտիվներով հայտնի ձկնգող Նարեկ Գրիգորյանը, որն ակնհայտորեն աջուձախ բոլորին ոտքով, ձեռքով հարվածներ էր հասցնում: Կարճ ասած՝ մարտ՝ առանց կանոնների:
Այսպիսով՝ ով ով է:
Վահե Ղալումյան – հուլիսի 8-ի կռվի սադրիչը: Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի՝ Նիկոլ Փաշինյանի քավորի եղբայրն է: Նա 2019 թվականին ունեցած իր ֆինանսները չէր հայտարարագրել, բայց ներվեց կոռուպցիայի դեմ պայքարող Փաշինյանի կողմից:
Արեն Մկրտչյան – Երգիծական «Ք1» հաղորդաշարերի սցենարիստ, Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական, Ալավերդու չընտրված քաղաքապետ: Հուլիսի 8-ի ծեծկռտուքից հետո աջ ձեռքը չէր կարողանում շարժել. ենթադրաբար կոտրվածք ունի:
Արթուր Հովհաննիսյան – ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար, նախկին լրագրող: 2017 թվականի նոյեմբերի 28-ին նրա Nissan March մակնիշի ավտոմեքենայից խուզարկությամբ հայտնաբերվել էր 0.24 գրամ կշռով դեղնականաչավուն զանգված: Արթուր Հովհաննիսյանը, լինելով երեւանաբնակ, բնակարանի վարձի գումար է ստացել պետությունից, իսկ 2020 թվականի հոկտեմբերի 20-ին, N «80-Ա» հրամանով, բնակարան է ձեռք բերել Երեւանի Ադոնցի փողոցի 19/8 հասցեում կառուցվող բազմաբնակարան համալիրում: Ընդդիմադիր գործիչների «լեզուն», «ականջը» կտրելու սպառնալիքներով հայտնի անպատիժ պաշտոնյա:
Ռուստամ Բաքոյան – ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ, որը խեղդում էր ընդդիմադիր պատգամավոր Արգիշտի Գեւորգյանին: Բաքոյանը աչքի է ընկել նաեւ իր քաղաքացիական կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերով եւ հայհոյախառն այլ թեմաներով:
Տիգրան Պարսիլյան – Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամ, որին վերագրվում է հայհոյախոս պատգամավորի համբավը. աթեիստ է, աչքի է ընկնում ագրեսիվ վարքով բոլոր տեսակադրերում: Առաջինը հարվածեց Գեղամ Մանուկյանին, ու ծեծկռտուքը սկսվեց:
Կարեն Համբարձումյան – Բոլոր ժամանակներում ԱԺ բախումների ակտիվ մասնակից: 2006-2018 թթ. ԲՀԿ անդամ է եղել, 2011 թվականից՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, սակայն մարզպետի պաշտոնից ազատվելուց հետո նա հեռացավ ԲՀԿ-ից եւ արդեն «Իմ քայլ»-ի, հետո՝ ՔՊ-ի ցուցակով դարձավ պատգամավոր. սակայն պաշտոնական կենսագրությունից ԲՀԿ-ի հատվածը ջնջել է:
Արսեն Թորոսյան – Հայհոյախոս, ագրեսիվ համարվող աթեիստ պատգամավոր, որին հանրությունը կնքել է «մահվան նախարար» անունով: Նրա անունը շոշափվում է կոռուպցիոն մի շարք գործերում. «Քովիդ»-ի եւ մյուս գործով, սակայն, նա վկա է:
Հայկ Ցիրունյան – Ծրագրավորող, որը հանրությանը հայտնի է իր մեմ դարձած խոսքով՝ «գործընթաց է երկրում, եղբա՛յր»: Ագրեսիվությամբ չի զիջում մյուսներին:
Դավիթ Կարապետյան – Մալաթիայի նախկին թաղապետ Դավիթ Կարապետյանը շշով հարվածում է ՊՊԾ աշխատողի գլխին: Նա աչքի է ընկել ԱԺ-ում իր լռությամբ եւ նրանով, որ 2012-2020 թվականներին՝ 8 տարի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանող է եղել:
Նարեկ Բաբայան – Ագրեսիվ էր նաեւ Լենա Նազարյանի ամուսինը. մարդ, որը 2007-2009թթ. եղել է ջրամատակարարման, ջեռուցման եւ հովացման համակարգերի տեղակայման մասնագետ՝ կոնդիցիոներ տեղադրող, հիմա՝ իշխանական գործիչ, ջարդարար:
Նարեկ Գրիգորյան – Ինքնավնասումով բանակից ազատված, մինչեւ 2018 թվականը գրեթե կենսագրություն չունեցող նորատուսցի ձկնգող: Նա ագրեսիվ է ԱԺ-ում ծեծկռտուքների ժամանակ եւ հիմնականում այդ ծեծը սկսողի դերում է: «Անպատիժ դիմումագիր՝ բոլորի վրա». այսպես են նրան Նորատուսում բնութագրել:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ Նիկոլ Փաշինյանը փակ ձեւաչափով իրավապահ մարմիններին հստակ ուղերձ է հղել. եթե կհաջողվի գտնել իրավական հիմքեր, որոնք կարող են հանգեցնել ՀՅԴ կուսակցության գործունեության արգելափակմանը Հայաստանում, ապա իշխանությունը ոչնչի առջեւ կանգ չի առնելու: Կփակեն Հայաստանի ամենահին կուսակցություններից մեկը: Սա խոսում է այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիրն» ամբողջական պայքարի է անցել ընդդեմ ՀՅԴ-ի՝ ոչ միայն քաղաքական, այլ նաեւ իրավական հարթությունում։ Անշուշտ, Փաշինյանի իշխանության գործելաոճը տարիներ շարունակ նույնն է եղել. նախ՝ հրապարակային մեղադրանք, ապա՝ ուղիղ SMS-հրահանգ իրավապահ կոնկրետ կառույցներին, եւ վերջում՝ քրեական հետապնդում։ Մյուս փուլերը հանրությանը արդեն ծանոթ են։ Բացահայտ վկայություն էր նաեւ ԱԺ վերջին ծեծկռտուքը, որը հրահրվեց ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի ելույթից հետո։ Դրան հաջորդած ՔՊ-ական բոլոր ելույթներում կարմիր թելով անցնում էր նույն ուղերձը՝ ՀՅԴ-ն, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը 1999-ի հոկտեմբերի 27-ի, 2008-ի մարտի 1-ի եւ 2020-ի նոյեմբերի 9-ի՝ Կառավարության վրա հարձակման գլխավոր կազմակերպիչներն են, որոնք, ըստ իշխանական վարկածի, այժմ էլ՝ 2024-ին կամ 2025-ին, «Սրբազան շարժման» անվան տակ ծրագրում են ահաբեկչություն՝ ներքաշելով նաեւ Հայ առաքելական սուրբ եկեղեցուն։ Հաշվի առնելով գործելաոճը՝ սպասելի են քրեական նոր հետապնդումներ, նոր ձերբակալություններ, հնարավոր հարձակումներ ոչ միայն կաթողիկոսի, այլեւ այլ հոգեւորականների եւ ընդդիմադիր գործիչների վրա։ Սա կարող է դառնալ նախադեպ, երբ քաղաքական պայքարը վերածվում է ուղղակի ճնշման՝ պետական կառույցների լծակներով։
2025 թվականի հունվարի 8-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ նշանակված Ծովինար Թադեւոսյանի շուրջ քաղաքական իշխանության կուլիսներում ներքին դժգոհություն կա։ Բանն այն է, որ չնայած նրա ջանքերին՝ ՔՊ-ում կարծիք է հնչել, որ բանտերի ներսում իրավիճակը վերահսկելու համար քրեական աշխարհին «տիրապետող», երկար տարիների փորձ ունեցող անձ է հարկավոր, եւ որ նախարար Սրբուհի Գալյանի մտերմուհին չի կարողանում վերահսկել իրավիճակը: Քաղաքական իշխանության ներսում անգամ խոսել են բանտերում ինքնավնասման ու դեռ ավելին՝ դատապարտյալների ու կալանավորների կյանքին վերջին տալու աղաղակող, ըստ ՔՊ-ի՝ աճող դեպքերի մասին։ Այս տարվա 6 ամիսների ընթացքում 11 մահ է գրանցվել, որից 5-ը՝ ինքնասպանություն։ Եվ ահա, չի բացառվում, որ քաղաքական թիմում Ծովինար Թադեւոսյանին փոխարինող կգտնեն, ինչը, միաժամանակ, հեշտ գործ չէ:
Նախկին լրագրող, սցենարիստ Արեն Մկրտչյանը, ով այսօր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է, «մերժված նախկինների» վարքով է աչքի ընկնում: Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծի եւ հրմշտոցի կիզակետում նա ամենաակտիվ ծեծողներից էր, ով հարվածներ էր հասցնում ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանին։
Հիշենք, թե ով էր Արեն Մկրտչյանը մինչեւ հեղափոխական պատգամավոր դառնալը։
Երբեւէ փայլուն կենսագրություն չունեցող Մկրտչյանը 2018 թվականին դարձավ ՀՀ վարչապետի օգնական։ 2011-2016 թվականներին նա եղել է «1in.am» լրատվական կայքի եւ «Ժամանակ» օրաթերթի սպորտային բաժինների խմբագիր։ 2016-2018 թվականներին եղել է քաղաքական-հրապարակախոսական «SOS», իսկ 2017-2018 թվականներին՝ քաղաքական-երգիծական «Ք1» հաղորդաշարերի սցենարիստ։ 2019-ից մինչեւ օրս ԱԺ պատգամավոր է:
Ինչպես բոլոր ՔՊ-ականները, Մկրտչյանը եւս գույքային առաջխաղացում է ունեցել այս տարիների ընթացքում։
Թեպետ հայտարարագրի՝ անշարժ գույքի վերաբերյալ բաժնում պատգամավորը ոչինչ չի հայտարարագրել, այնուամենայնիվ «ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա՝ դեկտեմբերի 31-ի դրությամբ» բաժնի համաձայն՝ նրա բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդը կազմել է 24 մլն 54 հազար դրամ։
Ամենապասիվ պատգամավորներից մեկը (Արեն Մկրտչյան), որպես տրանսպորտային միջոց, հայտարարագրել է 2019 թվականին ձեռք բերված Mazda մակնիշի մեքենա։
Մկրտչյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 468 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 5 մլն 300 հազար դրամ։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 12 մլն 670 հազար դրամ, որից 10 մլն 430 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից, իսկ 2 մլն 239 հազար դրամը եկամտահարկի վերադարձ է ՀՀ հարկային ծառայությունից։
Մկրտչյանի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 27 մլն 129 հազար դրամ։ Շարժական կամ անշարժ գույքի վարձակալության համար վճարվող վարձավճարը կազմել է 3 մլն 630 հազար դրամ։























