«Անպայման, ո՜նց կարան հանկարծ փորձեն գան, իմ փողոցում՝ իմ տան մոտերքում կրակեն, ու ես չճշտե՞մ` դա որտեղից ա գալիս ու ինչի ա գալիս»,-նշեց երեկ ինքնաթիռից նոր իջած ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանը, ում` Ջանֆիդայում գտնվող տան մոտ նախօրեին կրակոցներ էին հնչել: Բնականաբար, քաղաքական շրջանակներում այս միջադեպին քաղաքական աստառ էր տրվել, որի ամենապարզ տարբերակն այն էր, որ հերթական անգամ իրար են բախվել ԱԺ հանրապետական եւ ԲՀԿ-ական պատգամավորներ Նահապետ Գեւորգյանն ու Ռուստամ Գասպարյանը, որոնք վաղեմի «թշնամիներ» են:
-Պարո՛ն Գասպարյան, Ձեր տան վրա եղած կրակոցների վերաբերյալ ի՞նչ կարող եք ասել:
-Մեր տան վրա կրակոց չի եղել, էդ ի՞նչ բաներ են ամբողջ լուրերով-բանով… Մի հատ ալկաշ սրիկա անցել ա փողոցով, կրակել ա, մեր տան հետ ի՜նչ կապ ունի:
-Բայց եթե ինչ-որ «ալկաշ» է կրակել…
-Մեր տան վրա չեն կրակել, մեր տան վրա չեն էլ կարա կրակեն:
-Իսկ պարզե՞լ եք` ով է, ինչ է:
-Դե ինչ-որ տեղ զրույցներից պարզել եմ, չեմ կարող հիմա ասել մարդկանց անուններ:
-Այսինքն` ներքաղաքական որեւէ բանի հետ չե՞ք կապում:
-Ես առայժմ ոչ մի բան չեմ կարա ասեմ, ես ինֆորմացիա չունեմ, եթե պարզեմ, որ դա իմ տան հետ կապված է, կրակոցն իմ տան ուղղությամբ է եղել, արդեն կասեմ:
-Ուղղակի այս ամենը համընկավ ԲՀԿ-ի նկատմամբ իրականացվող ճնշումների հետ: Երեւի տեղյակ եք, որ 3 հոգու թմրանյութ պահելու կասկածանքով ձերբակալել են:
-Չեմ կարող ոչ մի բան ասել, կարծիք արտահայտել, մինչեւ չճշտեմ, էլի:
-Ի դեպ, նաեւ կարծիք էր շրջանառվում, որ Դուք եք սարքել այդ ամենը հալածյալի կերպարով հանդես գալու համար:
-Ես եմ սարքել հա՞, մեր տան վրա կրակոց-բան հա՞: Ես նոր իջնում եմ, ես Հայաստանում չէի:
-Կարո՞ղ եք ասել` հիմա Նահապետ Գեւորգյանի հետ նորմա՞լ հարաբերություններ ունեք: Նա «Ժողովուրդ»-ին ասել էր, որ կատարվածից տեղյակ չէ եւ կապ չունի:
-Դե սովորական` բարեւ-բարլուս… Ախպերություն չենք անում:
-Հարթե՞լ եք նախկին խնդիրները նրա հետ:
-Նախկինում ես իրա հետ խնդիր չեմ ունեցել, թյուրիմացություն էր ամեն ինչով իրա կողմից, այսինքն` իրան էին ներգրավել թյուրիմացության մեջ, ճշտվել ենք ու…
-Այսինքն` այդ հարբեցողի կրակոցի հետեւում Նովոյի մատը չե՞ք տեսնում:
-Ես այս պահին չեմ կարա բան ասեմ, ես նոր եմ իջել ինքնաթիռից:
-Իսկ հետամուտ լինելո՞ւ եք կատարվածը պարզելուն:
-Անպայման, ո՜նց կարան հանկարծ փորձեն գան, իմ փողոցում՝ իմ տան մոտերքում կրակեն, ու ես չճշտե՞մ` դա որտեղից ա գալիս ու ինչի ա գալիս:
-Իսկ Ձեր ազգականների հետ կապված պատմությունը` քաշքշոց, ծեծ, ի՞նչ ընթացքի մեջ է:
-Ընթացքի մեջ ա, գործը քննվում է:
-Այնուամենայնիվ, Մասիս, «Արարատ ցեմենտ», Ջերմուկ… թմրանյութ պահելու կասկածանքով ձերբակալվում են բացառապես ԲՀԿ-ականներ: Այն կարծիքին չե՞ք, որ քաղաքական ճնշումներ են: Այլապես պարզվում է, որ ԲՀԿ-ում բոլորը թմրամոլ են:
-Դե ճիշտն ասած, քաղաքական ճնշումներ դեռ իմ վրա չկան, եւ ուրիշի փոխարեն չեմ կարա պատասխան տամ: Ծառուկյանին ես դեռ չեմ տեսել, էսօր էլ (երեկ-Ա.Դ.), ինչքան իմացա, Տաշիր Սամոյի մամայի պանիխիդային է գնացել, ես անպայման իրա հետ վերլուծելու եմ, կճշտենք` դա ինչի հետ է կապված: Բայց իմ անձնական կարծիքով` թմրամոլներ հնարավոր է ԲՀԿ-ում լինեն, Հանրապետականում լինեն, բոլոր տեղերում լինեն, բայց որ մեր ընկերներին թմրամոլության պատճառով են բռնել, դա ինձ համար արդեն նորություն ա, որովհետեւ լավից-վատից ճանաչում եմ էդ մարդկանց, նման կարծիք չունեմ էդ մարդկանց մասին:
-Կոնկրետ ո՞ւմ մասին եք ասում` «Արարատ ցեմենտ»-ի մատակարարի՞ մասին, Մասիսի՞…
-Ե՛ւ Մասիսի, ե՛ւ Արարատի մեր ընկերների, ու բազմաթիվ անգամ առիթ եմ ունեցել նրանց հանդիպելու, նրանք նման տպավորություն չեն թողել:
-Եթե Ծառուկյանի հետ զրույցի ընթացքում հասկանաք, որ այս ամեն ինչը քաղաքական ճնշումներ են, որպես մարդ, քաղաքացի, պատգամավոր` ի՞նչ կանեք:
-Ես` որպես մարդ, որպես քաղաքացի, որպես պատգամավոր, նաեւ կուսակցական, նաեւ մեր մարզի կուսակցության պատասխանատու՝ հավատարիմ եմ իմ կուսակցության ծրագրին, առաջնորդին: Ես իրա հետ եմ, իրա կողքին եմ` անկախ ամեն ինչից. ու միանշանակ ես առաջադրվելու եմ: Ես մամուլում կարդացի, որ իբր Գասպարյան Ռուստամը փախել ա, իբր վախեցած ա, ուրեմն ես միանշանակ առաջարվելու եմ եւ ունեմ լուրջ թիմ: Ժողովուրդն էլ ինձ վստահում, հարգում է, ես պատրաստ եմ պայքարելու:
-Իսկ օրինակ Հանրապետականում դեռ ոչ ոք չգիտի` առաջադրվելո՞ւ է, թե՞ ոչ, քանի որ ասում են` ոնց կուսակցությունը կորոշի:
-Մեզ մոտ արդեն հստակեցված է: Ես ուրիշների մասին չասեմ, իմ մասին ասեմ:
ՃՇՏԵԼՈՒ Է` ՈՐՏԵՂԻՑ ՈՒ ԻՆՉԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ