Armlur.am-ը կրկին բաց նամակ է ստացել Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի աշխատակիցներից:
«Բոլոր պարերը պարեցինք, մնաց միայն սարի սմբուլը։ Եվ այդ սմբուլը, ինչպես գիտենք, երբեք պատահական տեղում չի հնչում։
Այս անգամ այն հասավ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի պրոռեկտորների դռանը:
Ո՞վ կմտածեր, որ բուհում ամենահրատապը ուսանողներին վերաբերող հարցերը չեն, դիպլոմի հանձնման «կիսաչեղարկված» արարողությունները չեն, աշխատակազմի և դասախոսների «ինքնակամ» ազատումները չեն, այլ դուռը։ Այո,ԴՈւՌԸ։ Ոչ այդքան հին, ոչ փայտից։ Մի քիչ մաշված, մի քիչ «բաժնի հոտով», բայց երևի թե սիմվոլիկ (զարմանալի օրինաչափությամբ բուհի ռեկտորների «բարեփոխումները» սկսվում են դռներից)։
Դեռ ամիսներ առաջ պրոռեկտոր Գևորգ Հակոբյանն էր «աչքը դրել» այդ դռանը։ Տեսել էր, հավանել էր, պահել էր մտքում, ու վերջապես նպատակը հասավ իր իրականացմանը։ Ոչ ավել, ոչ պակաս հանել էին ուսումնական բաժնի դուռը և հանդիսավորությամբ տեղափոխել պրոռեկտորների վեհ սենյակ։
Մնացածն արդեն մանրուք է։ Կարևորը, Գևորգ Հակոբյանի և Դոնարա Ղազարյանի սենյակի մուտքն այժմ ունի իենց երազանքների դուռը։ Չէ՞ որ եթե պրոռեկտորական երազանքները բախվում են իրականությանը, հաղթում են երազանքները։ Եվ երբ Հակոբյանի կողքին կանգնած է Ղազարյանը, ցանկացած աբսուրդ դառնում է «բարեփոխում»։
Պետք չէ զարմանալ։ Այս համալսարանում գիտությունն ու կեղծիքները քայլում են կողք կողքի՝ ԴՈւՌ առ ԴՈւՌ։
Մեզ մնում է միայն ասել՝
«Все смешалось в доме Облонских»։
Զարմանալի է, որ հանրապետության վարկանիշային բուհերից մեկի գործունեության տրամաբանությունը տեղավորվում է սոսկ դռների տեղափոխության ( հուսանք` ոչ ամբողջ կահույքի տեղափոխության ) տրամաբանության մեջ:
Սոնա Գրիգորյան



























