
ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը դեռևս չի մասնակցում Կատարի մայրաքաղաքում ընթացող Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններին, հաղորդում է «Ալ Արաբիա»-ն։
Դրա աղբյուրների փոխանցմամբ՝ Ուիթքոֆը պլանավորում է Դոհա ժամանել միայն այն ժամանակ, երբ խորհրդակցությունները հասնեն իրենց եզրափակիչ փուլին։ Հեռուստաալիքը հավելել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն այժմ փոփոխություններ է կատարում ՄԱԿ-ի միջոցով անկլավին տրամադրվելիք մարդասիրական օգնության որակի վերաբերյալ կետերում։
Հուլիսի 6-ին ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը՝ Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի միջնորդությամբ, Դոհայում վերսկսեցին բանակցային գործընթացը, որի նպատակն է համաձայնության գալ Գազայի հատվածում հրադադարի և անկլավում պահվող իսրայելցի պատանդների ազատ արձակման վերաբերյալ։