Ռուսաստանի և Չինաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Վան Ին քննարկել են ուկրաինական ճգնաժամը, հաղորդում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Կողմերը քննարկել են նաև Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամի կարգավորման հեռանկարները՝ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին համապատասխան։ Շոշափվել են նաև այլ թեժ թեմաներ, այդ թվում՝ Իրան-Իսրայել հակամարտությունը և Կորեական թերակղզում ստեղծված իրավիճակը», – նշել են գերատեսչությունում։
Լավրովը բանակցություններ է վարել Վան Իի հետ Պեկինում, որտեղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը ժամանել է մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։



















































































