ՀՀ Ներքին գործերի նախարարությունը նոր ոստիկանական մեքենաներ է գնել ոստիկանության համար։ 869 մլն 250 հազար դրամ էլեկտրոնային աճուրդով ՆԳՆ-ն 57 մեքենա է գնել։ 869 մլն 250 հազար դրամը համարժեք է գրեթե 2 մլն 267 հազար դոլարի։
Մեքենաները գնվել են Մուրան ՍՊԸ-ից, որը Հայաստանում խոշոր ավտոներկրող ընկերություն է։ Պայմանագիրը կնքվել է 2025 թվականի հունիսին։
Մեքենաների համար նախարարությունը ներկայացրել է տեխնիկական բնութագիր․
«Բացառապես էլեկտրական, 0-ից 100 կմ/ժ արագացումը՝ ոչ ավել, քան 8 վարկյանում
Պիկային հզորությունը՝ ոչ պակաս 180 կՎտ/ժ
Սեդան, գույնը՝ սև (գործարանային), 4 դուռ, նստատեղերի քանակը 5, առջևի կամ հետևի տանող, կամ լիաքարշ,
Սրահի նստատեղերի պաստառը կտոր կամ կաշեպատ, գույնը սև կամ մուգ երանգներ, օդորակիչ, տաքացնող համակարգ, գործարանային աուդիո համակարգ առնվազն 4 բարձրախոսով, առնվազն հետևի տեսախցիկ, կողային դռների բոլոր 4 ապակիները էլեկտրակառավարվող, կենտրոնական փական համակարգով, սրահի առջևի և հետևի ռետինե գորգեր:
Մեքենայի սրահում առնվազն 6 անվտանգության բարձիկ, սրահի յուրաքանչյուր նստատեղ ունենա իր առանձին ամրագոտին, հեռակառավարվող կենտրոնական փական, ESP և ABS (արգելակման ապաբլոկավորման) համակարգեր, LED լուսարձակներ,էլեկետրակառավարվող կողային հայելիներ։
Մատակարարը պետք է ունենա՝ ավտոպահեստամասերի (ընթացային, թափքի մասի պահեստամասեր) պահեստ կամ խանութ, վերանորոգման համար անհրաժեշտ բոլոր արտադրամասերը (մարտկոցների, ընթացամասի, էլեկտրականության, անվաբացքի կարգավորման, վուլկանացման, ղեկային մասի, փոխանցման տուփի, մեքենայի ախտորոշման և այլ անհրաժեշտ սարքավորումներ և ծառայություններ, ինչպես նաև զոդման և թափքի ներկման աշխատանքներ իրականացնելու հնարավորություն):»

Էմմա Միքայելյան





















































































