Խաչիկյանի գործով ամբաստանյալը շանսե՞ր ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վազգեն Խաչիկյանի` փողերի լվացման գործով ամբաստանյալներից մեկը` Արթուր Աբրահամյանը, կարծես ազատ արձակվելու շանսեր ունի: Դատարանն այսօրվա կայացած նիստում բավարարել է նրա պաշտպան Թամարա Յայլոյանի միջնորդությունը` քրեական գործի վերանայումը վերսկսելու համար:

Armlur.am-ի հետ զրույցում պաշտպանն ասաց, որ դատաքննության վերսկսելը հնարավորություն կտա ավելի արդար այն անցկացնել և նոր մանրամասներ ներկայացնելու և  միջնորդություններով հանդես գալու հնարավորություն կտա:

Հիշեցնենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը ծառայության մի շարք պաշտոնատար և պատասխանատու անձանց հետ, կազմակերպված խմբով, 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, պաշտոնական կեղծիք կատարելու, այն է՝ կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք վերապահող կեղծ դիմումներ պատրաստելով կամ առանց այդ դիմումների վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 260.956.681 ՀՀ դրամ գումարները:

Բացի այդ, ըստ մեղադրանքի, Վազգեն Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա, առանձնապես խոշոր չափերի` 29.000.000 ՀՀ դրամ գումար:

Փաստաբան Յայլոյանն Armlur.am-ին հայտնեց, որ իր պաշտպանյալն երեկվա դատական նիստին խոստովանել է, որ ինքը կապ չունի իրեն վերագրվող մեղադրանքի հետ, իրեն վերագրվող կեղծիքները թույլ է տվել գլխավոր հաշվապահ Անահիտ Նաչաջյանը: Իսկ ինքը ստիպված է եղել նախաքննական մարմնի հետ համաձայնության գալ ու ամբողջական մեղքը իր վրա վերցնել: Նախաքննական մարմինը իրեն խոստացել է ազատության մեջ թողնել ` մեղքն ամբողջությամբ իր վրա վերցնելու պայմանով` ինքն էլ համաձայնել է:

«Արթուր Աբրահամյանը կապ չունի իրեն մեղսագրվող 25 միլիոն դրամի յուրացման հետ, քանի որ ինքն այդ փողը փոխանցել է Վազգեն Խաչիկյանին, և արդեն իսկ որոշում է կայացվել բռնագանձել նրանից: Այն, որ դատարանը բավարարեց իմ միջնորդությունը` դատաքննությունը վերսկսելու վերաբերյալ, անակնկալի բերեց ինձ: Սակայն ես և պաշտպանյալս որոշել էինք, որ եթե դատարանը չբավարարի այն, մենք դատավորի ինքնաբացարկ ներկայացնելու միջնորդությամբ հանդես կգանք, քանի որ չբավարարելը խոսում է դատարանի` իմ պաշտպանյալի իրավունքները խախտելու և արդարանալուն խոչընդոտելու մասին»,- պարզաբանեց պաշտպանը:

Վերջինս հավելեց, որ դատաքննության վերսկսումից հետո, երբ իր պաշտպանյալը հանդես գա ցուցմունքով, ինքը միջնորդություն կներկայացնի, որպեսզի ցուցմունքի համար դատարան ներկայանա Անահիտ Նաչաջյանը:

Տաթև Հարությունյան




Լրահոս